Ավելի դիպուկ չէր ասվի

ՆՐԱՆՑ ԿԼԱՆԵԼ Է «ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈԳԻՆ/ՈԳԻՆ»

Ռուսական НТВ-ի վերջին բարբաջանքների դիպուկ և արժանապատիվ մեկնաբանությունն է ճանաչված ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումը, որը շտապում ենք նաև մեր ընթերցողին ներկայացնել:
 
Մտնելով ռուսական НТВ-ի խիստ տհաճ ոճի մեջ, պիտի ասեմ, որ ինձ վրա իրականում շատ, նույնիսկ շատ հաճելի տպավորություն են թողել վերջին օրերի Հայաստանի դեմ ուղղված անճաշակ, անմիտ, сам ты дурак-ի մակարդակի հաղորդումները: 
 
Սրանք հիանալի վկայություններ են, որ այդ երկրի լուրջ մտավորականներին վաղուց հայտնի իրողությունը՝ երկիրը կորցնում է իր վերջին բարեկամներին, եթե չասենք՝ վերջին բարեկամին, վերջապես հասել է միջին ռուսաստանցուն և, լուրջ մտքի բագաժի կամ, որ ավելի ճիշտ է՝ կոնկրետ քաղաքական ծրագրի պակասի պայմաններում, առիթ է դարձել ջղակծկումների: 
 
Այն ամենը, և այն ձևով, ինչ հիմա ասվում է Հայաստանի մասին՝ զանազան ձևերով ասվել է Վրաստանի, Ուկրաինայի, ավելի վաղ՝ մերձբալթյանների մասին՝ բոլորն անշնորհակալ են, բոլորն անբարոյական են, բոլորը եսասեր են, և միայն ՄԵՆՔ, ՄԵՆՔ, ՄԵՆՔ ենք շարունակում մնալ մեծահոգի, բարի, բարոյական, քաղաքակիրթ, հավատարիմ, սիրալիր, և դեռ որոշ ժամանակ էլ քնած կթողնենք Մեծ արջին՝ մինչև սպառվեն «այդ անբարոյակններին» ճիշտ ճանապարհի բերելու այլ ռեսուրսները:
 
Եթերային ողջ խոսքահեղեղը իմ ականջին հնչում է մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Ռուսական հանելուկային հոգին» (թե՞ ոգին), «Երրորդ Հռոմը», «Բյուզանդական քաղաքակարթության ժառանգորդը», «հումանիզմի պատվարը» խռովված և հուզված է՝ ինչպես չեն հասկանում իրենց համաշխարհային ինքնազոհաբերությունը, որն արվել և արվում է մեն մի՝ ռուսական կայսերականության առաքելության պաշտպանության նպատակով: Մեզ տարածքներ պետք չեն, մենք անշահախնդիր ենք, մենք մեր առաքելության գերին ենք: Ռուսական կայսրությունը ծանր առաքելություն է, որ ռուս ժողովրդի վրա Աստված է դրել, բա դուք մեզ մենա՞կ եք թողնում համաշխարհային կարգը վերահաստատող այդ առաքելության ծանր բեռի տակ: Բա մենք մեր մուժիկին պահենք անմարդկային ծանր պայմաններում, ցուցադրենք մեր ինքնազոհաբերության խորքերը, որպեսզի դուք ամեն մեկդ ձեզ համար առանձին լուծումնե՞ր գտնեք: Բա մեր կայսրության անմարդաբնակ տարածքները շարունակվում են եղած քչից դատարկվել, բա Ռուսաստանի բնակչության 40 տոկոսը կուտակվել է Մոսկվայի մարզում, բա վաղը կըմբոստանան թաթարները, բաշկիրները, մորդվաները, մարիները, կոմիները, ուդմուրտները, կալմիկները, բուրյաթները, ադըղները, կարաչայները, բալկարները, ավարները, բա մենք մնանք միայն չեչենների հույսի՞ն: Փառք Աստծու՝ Էլ բան չի մնացել ալթայներից, խանտերից, մանսերից, կամչադալներից, նգանասաններից, չուկչաներից, էսկիմոսներից, էվենկներից, էվեններից... Նրանց կլանել է «հանելուկային ռուսական հոգին/ոգին». այնքան հանելուկային, որ հանելուկ է նաև մեզ համար: Բա ու՞ր եք գնում Աստվածային առաքելությունից խոտոր ճանապարհով, բա... 
 
Խնդիրն այստեղ ամենաքիչն է Հայաստանին վերաբերում, խնդիրը վերաբերում է Ռուսաստանի իրավական և իրական վասալներին՝ Ռուսաստանի Ֆեդերացիայի իրավասուբյեկտներին: Եթե նույնիսկ ռուսական քաղաքական և տնտեսական մաֆիոզ կլանները իրենց ամուր են զգում, ապա շվարած են այդ կլաններին սպասարկող շերտերը՝ ի՞նչ է լինելու մեզ հետ, երբ աշխարհը հավասարակշռող «ռուսական հանելուկային հոգին» (թե՞ ոգին), «երրորդ Հռոմը», «Բյուզանդական քաղաքակարթության ժառանգորդը», «հումանիզմի պատվարը» փուչիկ դառնա, ինչի՞ց ենք կառչելու: Երբ դադարի ռուսական կայսերականության համաշխարհային առաքելության առասպելը, ո՞վ է կենացներ ասելիս խոնարհվելու «մեծ եղբոր» առաջ, ինչպե՞ս ենք ապրելու առանց ուրիշներին ուղղորդելու, սովորեցնելու, քաղաքակրթական դասեր տալու, ինչպե՞ս և ինչո՞ւ մեզ դադարեցին սիրել, ինչո՞ւ,ինչո՞ւ, ինչո՞ւ է այսպես ստացվում: 
 
Ահա թե ինչ եմ ես լսում այս հաղորդումներին: Եվ չնայած ինձ իսկապես դա լսելը հաճելի է, բայց նաև շատ դառը և մարդկայնորեն շատ ցավոտ: Դառը և ցավոտ, որովհետև «չեմ լսում», որ այս ռուսական տխուր լքվածության մեջ ելքի փնտրտուք կա, որ այդ մարդիկ փորձում են խոնարհումի և սիրո պարտադրանքի փոխարեն սիրո և համակրանքի զգացումներ առաջացնել: