«Չնայած Մոսկվան փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև»

ԹԻԼԵՐՍՈՆԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄՆԵՐԸ

Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության մի «նրբերանգի» դիպուկ բնորոշումն ձևակերպել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը.
 
- Գործարքների մեջ մտնելով իրենց սեփական ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ, փորձելով քաղաքականացնել իր էներգակիրները, առցանց հարձակումներ և ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելով, Ռուսաստանը գործում է պատասխանատու պետությանը ոչ հարիր: Հարևանների վրա հարձակումներով ու ճնշելով՝ հնարավոր չի լինի բարելավել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը (պետքարտուղարի խոսքերը մեջբերել է a1plus.am-ը):
 
Առնվազն երկու պետությունների հետ այդ գործարքի հետևանքները Հայաստանը զգացել ու զգում է: Ինչպես ասում են՝ մեր մաշկի վրա շարունակում ենք զգալ Թիլերսոնի մեկ այլ բարձրաձայնումը ևս՝ էներգակիրները կարող են ոմանց կողմից որպես զենք օգտագործվել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու նպատակով: 
 
Իհարկե, Ռուսաստանից տուժած երկրների ցանկում Հայաստանը չի նշվում, բայց ակամա հույսեր է արթնացնում պետքարտուղարի խոստումը, թե՝ 
 
- Մենք կերաշխավորենք, որ ոչ մի երկիր այլևս չօգտագործի իր էներգետիկ պաշարները՝ այլ պետությունների վնասելու նպատակով:
 
Այդ էներգակիրները միայն իրենից գնելու պարտադրանքն էլ, վերջին հաշվով, վնաս է:
 
Ի դեպ, աշխարհին սպառնացող մարտահրավերների թվում Թիլերսոնն առաջին հերթին նշում է Ռուսաստանից սպառնացող վտանգը և միջազգային ահաբեկչությունը.
 
- Նախկինում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերն ինքնախաբեություն էին: 2008-ին Ռուսաստանը ներխուժեց հարեւան Վրաստան, իսկ 2014-ին՝ Ուկրաինա: Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ահաբեկել հարեւաններին, միջամտել այլ երկրների ընտրություններին և աջակցել հակաժողովրդավարական արժեքների տարածմանը,- նշել է նա՝ հավելելով՝
 
- Ռուսաստանը նախընտրել է խախտել Եվրոպայի խոշորագույն երկրներից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ուս ուսի տված փորձում է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին:
 
Չնայած Մոսկվան փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև՝ Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղիներ փնտրել.
 
- Եվրոպան և Միացյալ Նահանգները, միևնույն է, ցանկանում են Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, սակայն Ռուսաստանն ի պատասխան փորձում է նոր հետխորհրդային ուժերի հավասարություն հաստատել, որում Ռուսաստանն իր միջուկային զենքի միջոցով կարող է իր կամքը պարտադրել մյուսներին,- ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ այդ փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվի: