Հիմա էլ իրանցի երաժիշտն է Ադրբեջանի «բոստանը» քար նետել

Երկու օր առաջ Արցախում իրանցի երաժիշտ Մեյսամ Խոդրաթի ելույթից հետո Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը չի հապաղել բողոքի նամակ հղել Իրանի արտգործնախարարությանը:

- Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել: Այսօր նամակ եմ ստորագրել` ուղղված Իրանի պետական համապատասխան մարմիններին և այդ երկրի ԱԳՆ-ին,- «APA»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարար Աբուլֆաս Գարաևը:

Այնպիսի տպավորություն է, թե մեր ոչ բարով հարևան երկրում ոչ մի ուրիշ գործ չեն անում, բացի նրանից, որ ակնապիշ հետևեն, թե որ երկրի քաղաքացին է Արցախ այցելել, և այդ երկրներին իսկույն հիշեցնեն իրենց «պետական» գոյությունը:  Թե Իրանի ԱԳՆ-ն ինչ է պատասխանել այս բողոքին, կամ պատասխանե՞լ է արդյոք` դեռևս հայտնի չէ:

Իսկ ահա Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երևի ամենաճիշտ բառն է օգտագործել՝ իր երկրում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանին հրաժեշտ տալիս, ասելով` «ինչու ես պետք է սողոսկեմ այնտեղ, որտեղ չեն խնդրում»: Այո, հենց ինքը սողոսկել է այնտեղ, որտեղ չեն խնդրել: Չեն խնդրել, բայց առատ խոստումներ են տվել: Խոստումներ, որոնք այդպես էլ մնացել են որպես չվճարված կաշառք` իրականացված գործարքի դիմաց: Գուցե դրանի՞ց է, որ Լուկաշենկոյի սիրտը «հայ ժողովրդի» վրա հանկարծ տաքացել է...

Տեսնենք Իրանը Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության այս «խայթոցի» համար ի՞նչ դեղամիջոց կգտնի: