Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է հաջորդ ընտրությունների՞ն

ԱՌԵՎՏՈՒՐԸ ՍԿՍՎԱԾ Է

«Ավանգարդի» տեղեկություններով՝ այսօր «Ծառուկյան» դաշինքը քաղխորհրդի նիստ է հրավիրելու և ի թիվս այլ հարցերի, անդրադառնալու է Վանաձորում ստեղծված իրավիճակին: Տեղեկացնենք, որ  Վանաձորի ավագանու այսօրվա արտահերթ նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
 
Ծուխն առանց կրակի չի լինում: Այս ասացվածքն իսկը Արթուր Բաղդասարյանի կուսակցության համար է, որի ներկայացուցիչը՝ Արկադի Փելեշյանն այսօր նշանակվել է Վանաձորի քաղաքապետ:
 
Մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ի հետ ՀՎԿ-ի հուշագրի ստորագրումը էժան չի նստի իշխանության վրա: Բանն այն է, որ ՀՎԿ-ն ՀՀԿ-ից պահանջել է  փոխքաղաքապետի,  4 մանկապարտեզի և 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ և սպորտի բաժնի պետերի աթոռները, ինչպես նաև այլ բաժիններում պետի տեղակալների հաստիքներ: Առայժմ ՀՎԿ-ի մեկ ցանկությունն է կատարվել՝ փոխքաղաքապետի պաշտոն ստանձնելը:
 
Իր հերթին ՀՀԿ-ը, մասնավորապես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր ասել է, որ քաղաքապետի իր տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը մարդկային վերաբերմունք է ցուցաբերել՝ իր տեղը զիջելով Փելեշյանին: Նա նաև ընդգծել է՝ 
 
- Սա չի նշանակում քաղաքական լայն համագործացություն կուսակցական առումով: Սա քաղաքապետի ու Արկադի Փելեշյանի գլխավորած կառույցի լոկալ մակարդակում, այսինքն՝  Վանաձորի ավագանու շրջանակներում համագործակցության հուշագիր է: 
 
Մամիկոն Ասլանյանը, սակայն, չի մեկնաբանել լրատվամիջոցների այն հիշեցումները, որոնք  մեջբերում են ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի «պոռնիկներ և անբարոյականներ» արտահայտությունը:
 
Հետաքրքիր պատասխան է տվել ՀՎԿ-ի անդամ, փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը, որն ԱԺ ընտրություններին իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Արի ուտես, որ Փելեշյանը զղջում է Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու համար: 
 
- Այս մեկ տարվա ընթացքում ես տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Այսօր եկել եմ՝ աշխատեմ ու մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ,- ասաց Փելեշյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ կապ ունի բոյկոտը  Մարուքյանին ընտրելու հետ:
 
Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: ԼՀԿ Ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասել է.
 
- Եթե ՀՎԿ–ն ընտրած լիներ Քրիստ Մարուքյանին, Վանաձորը կունենար նորմալ գործող քաղաքապետ և ավագանի, և այդ քաղաքական ճգնաժամը չէր լինի։ Սկզբից նրանք խախտել են իրենց ձեռքով ստորագրած հուշագիրը և գաղտնի ընտրել Մամիկոն Ասլանյանին և հիմա էլ բացահայտ են միացվել ՀՀԿ–ին, որով 5 000 ընդդիմադիր ձայնը տվել են ՀՀԿ-ին։ Մենք սպասում ենք կառավարության կողմից ՍԴ որոշման կիրարկմանը։
 
ՀՎԿ-ի այս որոշումն ու իշխանությանն ընդառաջ գնալը, կարծում  ենք, հեռահար նպատակներ ունի: ԱԺ ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավարը հասկացավ, և մամուլն էլ այդ մասին գրեց, որ կուսակցության պարտությունը մարզային կառույցների թուլությունն էր: Ու որպեսզի հաջորդ խորհրդարանում ՀՎԿ-ն տեղ ունենա, Արթուր Բաղդասարյանը գործի է անցել: Նա որոշել է հիմիկվանից ուժեղացնել մարզային կառույցները՝ հաջորդ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու համար: