«Բերքառատ Արցախ»-ը պիտի որ «բերքառատ» լինի

Ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝  «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին: Հետաքրքիր է՝ նրանց անուններն ի՞նչ պատվավոր հորիզոնականներ են զբաղեցնելու ադրբեջանական «սև ցուցակում»:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին անցկացվելիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող այս տարվա Հեռուստամարաթոնը, ամենայն հավանականությամբ, իր նպատակի չափ «բերքառատ» կլինի:
 
Ինչպես հայտնի է՝ ամեն տարի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվող մարաթոնն այս անգամ  նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։ 
 
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։ Այս տարի, սակայն, հատուկ կոչերով հանդես են եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։ 
 
Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է իր համաքաղաքացիներին՝ Հիմնադրամին հանգանակություն անելու կոչով․ 
 
- Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում։
 
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։
 
- Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք։
 
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է․ 
 
- Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին։ 
 
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ 50 000-ից ավելի ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: