Կամուրջ՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև

Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆ. «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՆՔ ԱՅՆ 70 ՏԱՐԻՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ»

Ամբողջ 70 տարի աշնանային այս օրը տոն էր սովետական ժողովրդի համար: Գրեթե ոչ ոք չէր հավատում լոզունգային «կեցցե-ուռա»-ներին, բայց  բոլոր ընտանիքներում տոն էր՝ աշխատանքային օրերից տարբերվող տրամադրություններով: Պատճառը մեկն էր՝ յուրաքանչյուր ընտանիք սոցիալապես ապահով էր այնքան, որ կարող էր տոնական սեղան պատրաստել, հյուընկալվել ու հյուրընկալել:
 
Պայմանական էր այդ սոցապահովվածությունը. Մարդիկ ստանում էին այնքան գումար, որը բավարարում էր ապրել, տարին մի քանի անգամ տոնական սեղաններ բացել ու նաև խնայել՝ հանգստի մեկնելու համար: Կամ, ընդհակառակը, գներն էին հարմարեցվում մարդկանց կենսանվազագույնին:
 
Մի խոսքով՝ օրացույցներում կարմրատառ նոյեմբերի 7-ը Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոնն էր: 1917-ին այս օրը՝ նոյեմբերի 7-ը (հին տոմարով՝ հոկտեմբերի 25-ը, այդ պատճառով՝ Հոկտեմբերյան հեղափոխություն), կարծես փոխել էր բազմաթիվ ժողովուրդների պատմության ընթացքը՝ մնալով առեղծված մոլորակի բնակչության համար:
 
Ու հիմա ոմանք երանությամբ են հիշում իրենց սոցիալական ապահովություն պարգևած այն երկիրը, որի գոյության 100-ամյակն այսօր շատ քչերը նշեցին:
 
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը (ՀԱՄԿ) այսօր իր հերթական՝ 5-րդ համագումարն էր հրավիրել:
 
Կուսակցության հիմնադիր նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԻ իրատեսությունըհիմնավոր հավաստիքն է այն իրողության, որ պետությունների ու ժողովուրդների բնականոն առաջընթացի հիմքը համաչափ զարգացումն է՝ առանց արհեստական վայրիվերումների: 
 
Կուսակցության առաջնորդ, ՀՀ հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանքաարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը եզակի այն քաղաքական գործիչներից է, ով անկախ պետականության կրողը լինելով՝ իր գործունեությամբ ապացուցում է, որ պետության կայացման հիմքերն ամուր ու կայունացման ընթացքը հիմնավոր չի լինի՝ առանց սոցիալիստական ուղղվածության:
 
- Մեր ծրագիրն առաջարկում է սոցիալական երաշխիքների ընդլայնման ճանապարհով հասնել սոցիալիստական համակեցության նորմերին: Միայն երկու օրինակ բերեմ. լինելով կապիտալիստական երկիր՝ Ամերիկան սոցիալիզմի տարրեր ներդրեց իր տնտեսության մեջ: Իսկ Լենինը մինչև 1929 թ. սոցիալիստական ԽՍՀՄ տնտեսության մեջ շուկայական տարրեր ներդրեց՝ ՆԷՊ-ի քաղաքականությամբ և զարգացում ապահովեց,- ասում է Վազգեն Սաֆարյանն ու հավելում.
 
- Մենք մեզ համարում ենք ոչ միայն կառուցողական ընդդիմություն, այլև պատասխանատուն ենք համարում մեր երկրի այն 70 տարիների ու դրա լավագույն արժեքների: Նաև՝ այդ արժեքները նոր համակարգ, նոր հասարակարգ, ապագա տեղափոխելու պատասխանատուն: Մենք կամուրջ ենք անցյալի, ներկայի և ապագայի միջև: Եթե կամուրջը 3 թռիչք ունի, ապա մեկը մեր սոցիալիստական անցյալն է, երկրորդը ներկան է՝ այս երկիրը, իսկ երրորդը ապագա Հայաստանն է, որը պիտի լինի և՛ սոցիալական, և՛ սոցիալիստականին մոտ: Առաջ պիտի ընթանանք՝ անցյալում թողնելով ամենայն վատը և ապագա տանելով միայն լավը:
 
Հասարակական, քաղաքակն գործիչը ներկա ժամանակահատվածը որակում է որպես վայրի կապիտալիզմի անզուսպ նախապատրաստական փուլ, երբ ժողովուրդը մնացել է կապիտալի ճիրաններում: