Անժամկետ դասադուլ՝ հանուն տարկետման իրավունքի

ԱՐԵՆԻՈՒՄ ԵՎՍ ԴԱՍԱԴՈՒԼ Է

«Տարկետում լինելու ա» պահանջով այսօր ԵՊՀ-ի ուսանողները դասադուլ էին հայտարարել և բողոքում էին իրենց տարկետման իրավունքից զրկող նախագծի դեմ: Նախաձեռնության ակտիվիստներն ու նրանց միացած ուսանողները շրջել են լսարաններով, փորձել ներգրավել մյուսներին ևս:
 
Որոշ ֆակուլտետների դեկաններ փորձել են համոզել՝ դադարեցնելու դասադուլը, սակայն ապարդյուն: Երբ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ցանկացել են միանալ իրենց ընկերներին, անվտանգության աշխատակիցները փակել են մասնաշենքի դռները: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, սակայն, միանալով ուսանողներին՝ ստիպել է, որպեսզի բացվեն քիմիայի ֆակուլտետի դռները, և ուսանողները կարողանան միանալ դասադուլին: Չնայած այս ամենին, դեկանի խոսքով՝ բանակում պետք է ծառայեն բոլորը. կապ չունի նա ծնվել է Արցախում, թե՞ Հայաստանում.
 
- Ի՞նչ է մեր արյունը կարմիր է, նրանցը՝ սև՞: Գիտությամբ ծառայող մարդուն տարկետումը չի խանգարում, այլ կոփում է: 
 
Ուսանողների պնդում են, որ ոչ թե դեմ են ծառայությանը, այլ ցանկանում են վերականգնել տարկետման իրավունքը: 
 
Ճիշտ է՝ դասադուլն այսօր այդքանով ավարտվեց, բայց կշարունակվի վաղը: ԿԳ նախարարությունը դեռ չի արձագանքել ուսանողների բողոքին: Իսկ Վիգեն Սարգսյանին  որոշել են իրենց բողոքը գրավոր հանձնել: 
 
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ուսանողների այս քայլը համարում է սոցիալական, ոչ թե քաղաքական:
 
«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն էլ ուսանողներին առաջարկում է տարկետման իրավունքի համար պայքարը դարձնել  կրթության որակի բարելավման, համալսարաններում կոռուպցիայի բացառման պահանջ, հակառակ դեպքում այս ամենը կլինի կիսատ գործ։
 
Ի դեպ, այսօր Վայոց ձորի Արենի գյուղում նույնպես դասադուլ է եղել, բայց՝ քաղաքական հենքի վրա: Գյուղացիները պահանջում են Արենիի դպրոցի տնօրենի հրաժարականը, քանի որ  կրթության փոխարեն նա քաղաքականությամբ է զբաղվում:
 
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը արենցիներին խնդրել է տնօրենի հեռացման պահանջի մասին գրավոր դիմում ներկայացնել իրենց: Բնակիչները դադարեցրել են ցույցը, բայց դասադուլը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ դպրոցի տնօրենը չի հեռացվել պաշտոնից: