Նոր սցենա՞ր, թե՞ Արցախի խնդիրը՝ քաղաքական առևտուր
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս...
Ո՞ւմ շուրջ համախմբվել, ինչպե՞ս երկիրը դուրս բերել այս իրավիճակից, արդյո՞ք չի սպառվել փողոցային պայքարը: Այս հարցերն առաջանում են, երբ ընթերցում ես Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների հռչակագիրը:
«Ավանգարդն» անդրադարձել էր «Նոր Հայաստան» շարժման անդամ, ձերբակալված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի 31 հոգանոց ցուցակին և ազգային դիմադրության ճակատ ստեղծելու նրա առաջարկին: 31 հոգիանոց ցուցակի ոչ բոլոր անդամներն արձագանքեցին Սեֆիլյանի կոչին: Հիմնականում լռեցին ներկա և նախկին պաշտոնյաները, որոնցից մի քանիսի հետ, կարծես Սեֆիլյանը հույսեր էր կապում. դիցուք՝ ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն դաշինքի անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, խորհրդարանում մանդատներ ունեցող «Ելք» դաշինքի անդամները: Մինչ Սեյրան Օհանյանի կինը, ըստ չար լեզուների, ամուսնու թելադրանքով հավաստիացնում էր, թե ամբարտավան ռեժիմին քիչ է մնացել, Սեֆիլյանի կողմնակիցները ձեռքերը ծալած չնստեցին. ստեղծեցին «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժումը, որն էլ օրերս մի հռչակագիր հրապարակեց:
Հայտարարության մեջ նախ անդրադառնում են երկրում ստեղծված իրավիճակին՝ ոչ լեգիտիմ սահմանադրություն, քվեավաճառություն, ինքնիշխանության զիջում, արտագաղթ և Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ՝ միավորվել, ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, առաջարկներ ներկայացնել վարչախմբին հեռացնելու համար:
Առաջին հայացքից թվում է, թե վարչախմբին հեռացնելու ծանր աշխատանքը թողել են հանրության վրա, բայց արի ու տես, որ ճակատի անդամները ունեն գործողությունների պլան են մշակում, որն առայժմ չեն հրապարակում: Այս մասին ասել է ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:
- Գործողության քայլերը նախապես չենք հրապարակի, որ վարչախումբը կանխարգելիչ քայլերի հնարավորություն չունենա:
Բացի այդ՝ հռչակագրին միացածները սպասում են հարմար պահի: Իսկ թե ի՞նչ նկատի ունեն հարմար պահ ասելով՝ Մակեյանը պատասխանել է՝ օրինակ, արցախյան խնդիրը:
Բանն այն է, որ վերջին շրջանում իշխանությունը հաճախ է խոսում արցախյան հարցը ցավոտ եղանակով լուծելու մասին: Բացումն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայրենիք-Սփյուռք» համաժողովում, որից հետո ստիպված նա և իր տեղակալ Քոչարյանը սկսեցին արդարանալ, թե այլ բան նկատի ունեն, և տարածքների հանձնման մասին խոսք չկա: Հետո դրա մասին խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաների հետ հանդիպմանը: Ու ահա հռչակագիրը հրապարակողները կարծում են՝ երբ տարածքների հանձնման մասին խոսեն, ապա կարելի է այս ռեժիմից ազատվելու քաղաքական գործընթացը սկսել:
Պետրոս Մակեյանը վստահ է, թե իրենց նախաձեռնությանը կմիանա հանրությունը, քանի որ չի ընդունում այս իշխանությանը: Բայց նա կարծես հակասում է իրենց իսկ հռչակագրի էությանը: Ավելին՝ Մակեյանը մոռանում է, որ ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նույն իշխանությունը, հանգիստ, առանց որևէ դիմադրության, առանց հետընտրական հանրահավաքների վերարտադրվեց հանրությանն աջակցությամբ: Իսկ թե ինչպես՝ դա արդեն այդքան էլ էական չէ: Հաղթողներին չեն դատում...
- Պետք է մարդիկ գան հրապարակ, եթե հաշված օրերի, շաբաթների ընթացքում մարդիկ հավաքվեն, այդ հարցը լուծվում է,- վստահ է Պետրոս Մակեյանը:
Իսկ ում շուրջ համախմբվեն այդ մարդիկ: Չէ՞ որ Սեֆիլյանի կոչին միացածների մեծ մասին ժողովուրդը չի ճանաչում, նրան լիդերի դերում չի տեսնում, իսկ մյուսներն էլ ժամանակին եղել են իշխանության մեջ և ժողովրդին չեն էլ հիշել: Նույն Պետրոս Մակեյանը, օրինակ, 1990-ականներին ՀՀՇ-ի անդամ էր, որը Հայաստանում հիմք դրեց ընտրակեղծարարությանը:
Հանրությանն ու քաղաքական ուժերին միավորելու համար Արցախի խնդիրը մեջտեղ բերելը կարծես թե պատահական չէ: Ժիրայր Սեֆիլյանն ու իր կողմնակիցները տեսնում են, որ հանրությունը ներքաղաքական այլ խնդիրների շուրջ համախմբվելու ազդակ կարծես չի ներկայացնում: Անգամ 2018-ի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական ընտրվելն ու հանրության փողոց հանելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-ակնարկը ազդեցություն չթողեց: Էլ չենք խոսում մինչ ՊՊԾ գննդի գրավումը Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների քննադատությունները, ռեժիմին դեմ պայքարի կոչերը, որոնք 1000 մարդուց ավելի Ազատության հրապարակ չբերեցին:
Ակնհայտ է, որ հանրությունն արդեն հույսեր չի կապում ընդդիմության հետ: Միակ բանը, որի համար ժողովուրդը կբռունցքվի ու կտա իր կյանքը (և դա ապացուցեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին)՝ Արցախն է: Հետևաբար, շեշտադրումն այս ուղղությամբ պատահական չէ:
Կա նաև մեկ այլ վարկած: ՊՊԾ գնդի գրավումից հետո լուրեր շրջանառվեցին, թե իշխանություններին ձեռնտու էր այս գործողությունը: Մեծացել էր արտաքին ուժերի ճնշումը Հայաստանի վրա՝ Արցախի հարցը տարածքային զիջումներով լուծելու համար, մինչդեռ իշխանությունը ոչ միայն լավ հասկանում էր, որ կհանդիպի հայ հանրության դիմադրությանը, այլ նաև ինքն էլ չէր կարող կողմ լինել տարածքներ զիջելու պահանջներին: Ու ահա աշխարհին ներկայացնելու ժողովրդի անհամաձայնությունը. հատկապես, որ գունդը գրավողների պահանջներից էր՝ հրաժարվել Արցախի հարցը տարածքների հանձնմամբ լուծելու մտադրությունից:
Թե ինչպես կզարգանան գործողությունները, կտեսնենք՝ ամեն դեպքում ողջունելին է, որ խորհրդարանի պատերից դուրս գտնվող ուժերը փորձում են իշխանությանը լսելի դարձնել հանրության և իրենց ձայնը՝ նրան զգոնություն մղելով: