Իրական դանկոներ են պետք
ՀԱԶԻՎ ՋՐԻ ԵՐԵՍԻՆ ՄՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Հայաստանում իրենց ընդդիմադիր հռչակածներին ջրի երեսին մնալու 2 թեմա է մնացել: Մեկը միմյանց փնովելն է՝ իրենցից բացի մյուս բոլորին խոտանելը, մյուս թեման էլ Արցախին սպառնացող վտանգի մասին խոսել էն: ՀԱԿ-ի անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի վերջին հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատեց այս իրողությունը:
Երկարատև լռությունից հետո, պարզվում է, ՀԱԿ-ը նոյեմբերի կեսերին վարչության նիստ է գումարելու և անդրադառնալու է մեր երկրում տիրող իրավիճակին: Քաղաքական մյուս ուժերի նման՝ Կոնգրեսը ևս հայ ժողովրդին փրկելու մարմաջով է տառապում: Մինչդեռ, դարձյալ մյուս քաղուժերի նման՝ երբ առաջարկում են միավորվել ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ պիտակավորումների պակաս չի լինում: ՀԱԿ-ի անդամը, դիցուք, Հայաստանի մյուս ընդդիմադիրներին համարում է Բաղրամյան 26-ից կառավարվողներ:
Հարց է առաջանում՝ եթե բոլոր քաղաքական ուժերի նպատակը Հայաստանին պայծառ ապագա բերելն է, ինչո՞ւ այդ ամենը չանել միասնաբար: Լավ գործ անողը չի կարևորում իր անունը պանծացնելը՝ ինչպես նահատակվելու պատրաստ զինվորը: Բայց, ցավոք, Հայաստանի քաղաքական ուժերի նպատակը ընդամենը իշխանության աթոռներին բազմելն է ու մարդափոխություն անելը: Քաղաքական կուլիսներում փորձված մի խոսք կա՝ իշխանությանն ընդդիմությունը քննադատում է ոչ թե ժողովրդին թալանելու համար, այլ այն բանի համար, որ ինքը չէ այդ թալանողը:
Այնպես որ՝ պառակտվածությունն ընդդիմության պարտության թիվ մեկ պատճառ-նախապայմանն է՝ արդեն 25 տարի:
Այս կամ այն կենտրոնից ուղղորդվելու, պատվեր կատարելու տեսանկյունից եթե խոսենք ընդդիմադիրների մասին, աչքաչափով մենք էլ կարող ենք ՀԱԿ-ին նույն կաթսայում տեղավորել: Ի վերջո, արցախյան հիմնախնդիրը հողեր հանձնելով լուծելուն երդվյալ կողմնակից ՀԱԿ-ը համակիրներ չունի՞ իշխանության ներսում: Մի քանիսը նրանցից պարբերաբար են կրկնում պարտվողական այդ թեզը՝ կարծես հանրության դիմադրությունը ստուգելու համար:
Բայց արի ու տես, որ ըստ Վարդան Մալխասյանի՝ ժողովուրդը ՀԱԿ-ի այդ մոտեցումը լավ չի հասկանում, դրա համար էլ մարդկանց դուրս չեն կանչում փողոց: Իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչը լավ չի հասկանում ժողովուրդը: Ավելի քան 25 տարի հանրությունը լսել է հին ու նոր ՀՀՇ-ՀԱԿ-ին: Սկզբում՝ 1990-ականներին ՀՀՇ-ին լսում էր որպես հիրավի ազգընտիր իշխանության, իսկ հետո հիասթափված սկսեց երազել իր հավատը գործազրկության սյունին գամած ՀՀՇ-ի հեռացումը: Տարիներ անց՝ 2008-ին, հուսահատված ժողովուրդը դարձյալ հույս կապեց նրա հետ՝ իբրև հավատընծա ընդդիմություն, բայց շատ չանցած՝ նորից հիասթափվեց: Ու այսքանից հետո է՛լ ինչ նոր խայծ պիտի խաղարկի ՀԱԿ-ն իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով՝ պարզ չէ:
Ժողովուրդն այնքան քաղաքականացված է, որ արդեն հոգնել է ականջ սղոցող անհեթեթ, անհեռանկար ծամծմված հայտարարություններից ու սին խոստումներից:
Խավարի մեջ լույս վառելու ժամանակն է: Նոր, իրակա՛ն դանկոներ են պետք: