Հիմա էլ «Եհովայի վկաները». Հայաստանը՝ շրջափակման մեջ

ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Անարդյունավետ կառավարումը, կաշառակերությունը բավական չեն, հիմա էլ  Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի վճիռներն են դատարկում պետական գանձարանը:
 
Այս անգամ  Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռը վերաբերում է Եհովայի 4 վկաների:
 
Նրանք  2011-ին դատապարտվել  էին ազատազրկման՝ պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Խուսափել էին՝ պնդելով, որ չնայած տեղական օրենսդրությամբ տրամադրվում է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն, բայց այն բացառապես քաղաքացիական բնույթ չի կրում, քանի որ վերահսկվում է զինվորական ղեկավարության կողմից:
 
 2 տարի բանտում անցկացնելուց հետո, նրանք ազատ էին արձակվել 2013թ.՝ ընդհանուր համաներմամբ: Եթե Հայաստանը պատերազմող երկիր չլիներ, գուցե չանհանգստանայինք այս վճռի պատճառով: Բայց պատերազմող, ժողովրդագրական խնդիրներ ունեցող ազգի համար սա արդեն վտանգավոր նախադեպ է: Չնայած ապրիլյան պատերազմում նոր սերունդն ապացուցեց իր անձնուրացությունը առ հայրենի, սակայն քիչ չեն այն երիտասարդները, որոնք չլինելով այս կամ այն պաշտոնյայի որդի, դրսի հովանավորությամբ են փորձում խուսափել զինծառայությունից: Իսկ այդ դրսի կողմից հովանավորներից մեկը Ռուսաստանում ծայրահեղական համարվող «Եհովայի վկաներ» կազմակերպությունն է, որն իր իր հետևորդներին քարոզում է զենք չկրել:  
 
Կա՞ երաշխիք, որ ՄԻԵԴ-ի այս նախադեպը վարակիչ չի դառնա այլոց համար:Պետական մարմինները, երևի, հետևություն կանեն այս ամենից, քանի որ բանակից խուսափածների ցանկը սրանցով չի սահմանափակվում: Գևորգյան ճեմարանն ու հոգևոր ծառայությունն էլ լավ պատսպարան են՝ առաջին գիծ չգնալու համար: (Արդարության դեմ չմեղանչելու համար, սակայն, հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրեր առաջ ասել է, թե կփորձեն հոգևոր սպասավորների ներուժն օգտագործել բանակում:)
 
Պետությունը հիմնիվեր քանդելու ծրագրերից մեկն էլ այս օրերին քննարկվող ընտանեկան բռնության մասին  խնդրահարույց օրինագիծն է, որի հեռահար նպատակը հայ ընտանիքը քայքայելն է: Ու զարմանալին այն է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է պաշտպանում օրինագիծը: 
 
Այս ամենը վերլուծելով՝ առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ՝ համոզվելու, որ մեր արտաքին «բարեկամները» Հայաստանը քայքայելու ոչ մի միջոց չեն խնայում: Ուրեմն՝ Ժամանակը չէ՞, որ Հայաստանը վերանայի արտաքին «բարեկամների» հետ հիմնականում նախկին նախագահների օրոք ստորագրված փաստաթղթերը, որոնք մեր երկրի լինել-չլինելն են որոշում: