Սողանցք՝ յուրայինների համար
ԾԱՌԱՅԵԼԸ ՄԻԱՅՆ ՉՈՒՆԵՎՈՐՆԵՐԻ ԽԱՉՆ Է ՄՆՈՒՄ
Նորից պաշտոնյաներն ու ունևոր խավը ջրից չոր դուրս կգան՝ բանակում ծառայելու, այսինքն՝ հայրենիքի համար կյանքը վտանգելու (դրան Հարենիքի պաշտպանություն են ասում) առումով:
Դրան նպաստեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Կառավարության անդամն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր նախաձեռնությունը: Ըստ նախագծի՝ ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալու կարգում փոփոխություն է լինելու:
Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ և պետությունից լիովին փոխհատուցում՝ թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաև մագիստրատուրայի համար:
Առաջին հայացքից թվում է, թե բանակում ծառայելուց այլևս ոչ ոք չի խուսափելու: Մի հարց, սակայն, բավական ցավոտ է ընդունում մեր հասարակությունը, ու այդ ցավն արդարացված է: Ճակատագրի ի՜նչ «չար» դիպվածով անգամ վիճակահանությամբ չունևոր ընտանիքների զավակներն են հայտնվում առաջին գծում են, իսկ ապահովվածների «բալիկները ծառայում են» երևանամերձ զորամասերում:
Բայց ուշագրավ է նախագծի շարունակությունը: Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվելու նաև առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ Շան գլուխը հենց այստեղ է թաղված:
Ովքե՞ր կարող են Հայաստանում դառնալ ԱԺ պատգամավոր՝ օլիգարխների, պաշտոնյաների, թիկունք ունեցողների երեխաները: Ովքե՞ր են մեկնում նպատակային ուսումնառության՝ ունևորների զավակները: Իսկ ուսումնառությունից հետո ինչպե՞ս են փոխհատուցելու տարկետումը: Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրը, կամ դիպլոմավորված մասնագետը, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին տարկետման իրավունք կունենա, եթե նա ՀՀ ՊՆ-ի հետ կնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:
Կարո՞ղ ենք համոզված լինել, որ դիպլոմավորված մասնագետի հատուցելիք զինծառայությունը ձևական բնույթ չի կրի կամ չի լինի փափուկ բազկաթոռներին նստած՝ որպես արտոնյալ պաշտոնյա: Այս հարցի պատասխանը կարծես թե չկա: Բայց օրեր առաջ երդման նման հնչեցվում էր, որ բանակում չծառայածները պաշտոններ զբաղեցնելու իրավունք չեն ունենալու:
Ընդ որում, տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան երիտասարդի 26 տարին լրանալու օրը։ Մինչ այդ, ամենայան հավանականությամբ, ապագա զինվորականն ամուսնացած կլինի, կհասցնի երկու երեխա ունենալ և ազատվել զինծառայությունից: Հուսանք, որ օրենսդիր մարմնի անդամները աչքաթող չեն անի այս անորոշություն-սողանցքը՝ բնականաբար՝ յուրայինների համար:
Հետաքրքիրն այն է, որ այսպիսի նախագծեր նախկինում էլ են եղել: Հիշենք նախկին պատգամավորներ Թևան Պողոսյանի, Ռուբիկ Հակոբյանի առաջարկությունը՝ տարեկետումը հանելու մասին, որը, սակայն, մերժվեց: Նրանցից առաջ էլ պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանն էր նման առաջարկ բերել, որի պատճառով անգամ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանն է ցանկացել հրաժարական տալ։ Տեսնենք՝ այս անգամ խորհրդարանում ո՞վ հրաժարականի հայտ կներկայացնի: