Ու՞մ դուր չի եկել հայկական ընտանիքի մոդելը

ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ ԸՆՏԱՆԻՔ ՄԱՍՆԱՏԵԼԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞

Հայի համար դարեր շարունակ ընտանիքը եղել և մնում է սրբության սրբոց: Հայկական ընտանիք, օջախ՝ սրանք հասկացություններ են, որ հազարամյակների փորձառություն ունեն: Իզուր չէ, որ մեզանում ժամանակին եղել է օջախի պսակ: Սակայն, հավանաբար, ոմանց դուր չի եկել, որ ընտանիքը կարող է պետության հիմքը լինել, և մեզանում սկսել են շրջանառվել այնպիսի «երկրաքանդիչ» հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ, ընտանեկան բռնությունն ու կանանց իրավունքները:
 
Մի հարցնող լինի՝ իսկ ո՞վ է կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերում, եթե ոչ դու՛ք, կանանց իրավունքների պաշտպաննե՛ր, որ կանանց դիտարկում ենք որպես համայն մարդկությունից դուրս ինչ-որ արարածներ: Եթե այդպես չէ, ինչու՞ եք առանձնացնում նրանց իրավունքները… 
Կարծեք թե փոքր-ինչ շեղվեցինք թեմայից, ինչևէ… 
 
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին և հարակից օրենքների նախագծեր». սրանք այսօր թե՛ մամուլում, թե՛ սոցիալական կայքերում թերևս ամենաշատ քննարկվող, ընդ որում՝ ամենաբուռն քննարկվող նախագծերն են, որոնց պատճառով մեր հասարակությունը կարծես թե բաժանվել է երկու ծայրահեղ խմբավորումների, որոնք հստակ դիրքորոշում ունեն այս օրինագծերի հանդեպ՝ կողմ կամ դեմ, և հարցը փակված է: Ինչի՞ մասին է խոսքը: Առաջին հայացքից թվում է, թե օրենքը փորձելու է կանխարգելել ընտանեկան բռնությունը: Ընտանեկան բռնությո՞ւնը, իսկ ինչո՞ւ են մեզանում նման օրենք ցանկանում ընդունել, մի՞թե այդքան շատ են ընտանեկան բռնության դեպքերը…
 
Լավ, անցնենք առաջ: Կարդում ենք օրենքի նախագիծը և հայտնվում եվրոպական որևէ երկրում կամ ԱՄՆ-ում, բայց հաստա՛տ մեզ Հայաստանում չենք զգում: Համենայն դեպս, մեղմ ասած՝ տարօրինակ է, որ մեր երկրում՝ մե՛ր երկրում, որի հիմքն ու կայունության գրավականը եղել և մնում է ընտանիքը, պիտի գործեն ընտանեկան բռնությունների վիճակագրություն վարող, դրանք ուսումնասիրող ինչ-որ մարմիններ, որոնք հնարավորություն կունենան մտնելու ուրաքանչյուրիս տուն՝ մեր ներքին կյանքը, մեր սպիտակեղենն ի ցույց իրենց կառույցի դնելու համար, որպեսզի, հանուն մեր սիրուն աչքերի, մեզ պաշտպանեն աներևույթ (բացառությամբ մի քանի դեպքերի) «բռնակալներից» ու «բռնապետերից»: Բացի այդ՝ «տուժածները», ինչ-որ մեկի թեթև ձեռքով բառի բուն իմաստով կտրվելով իրենց տնից-տեղից, դարձյալ հանուն իրենց սիրուն աչքերի, կարող են հայտնվել ժամանակավոր ապաստարաններում, մինչև նրանց հանդեպ բռնության սպառնալիքը վերանա, կամ՝ չգիտենք ինչ… 
 
ԻՆՉԻ՞ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՎԱԾ և Ո՞ՒՄ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԻՄՔ ԴԱՌՆՈՒՄ
 
Օրենքի 8-րդ հոդվածն ասում է՝
 
Ոստիկանության լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում. 
 
3) ընտանեկան բռնության ենթարկվածներին և ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց՝ իրենց համաձայնությամբ, ուղղորդում է Աջակցության կենտրոններ կամ ապաստարաններ, ինչպես նաև ապահովում է նրանց պաշտպանությունը` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
 
Ի՞նչ է նշանակում՝ ենթադրաբար, ո՞ւմ և ինչի՞ հիման վրա արված ենթադրությունն է հիմք դառնում, որ, այսպես ասած, տուժածներն ուղղորդվեն աջակցության կենտրոններ կամ ապաստարաններ՝ թեկուզ և իրենց համաձայնությամբ (դա էլ դեռ հարց է): Ի դեպ՝ ընտանեկան բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ենթարկվածների պաշտպանության միջոցների տեսակներն, ըստ օրենքի, հետևյալն են՝ պաշտոնական նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում: Ընդ որում, համաձայն Հոդված 17-ի՝ «Անհետաձգելի միջամտության որոշումը», գործում են հետևյալ միջոցները` 
 
1. Ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգի առկայության դեպքում նրա անվտանգության անհապաղ ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձի հանդեպ կայացվում է անհետաձգելի  միջամտության որոշում:
 
2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացնելը…
 
Ամբողջությամբ մեջբերելու կարիք չկա, թեպետ «կենացները գնալով քաղցրանում են», և խոսքը դեռ միայն անհետաձգելի միջամտության որոշման մասին է, մինչդեռ չմոռանանք, որ կա նաև պաշտպանական որոշումը…
 
Իսկ ինչպե՞ս է սահմանվում բռնությունը. արդեն հասանք 17-րդ հոդվածին, բայց այդպես էլ չանդրադարձանք ամենակարևորին, մինչդեռ դա սույն օրենքի նախագծում, բնականաբար, նշված է, այն էլ՝ իր տարատեսակներով հանդերձ: Եվ ահա այստե՛ղ է, որ սկսվում է ամենահետաքրքիրը՝ խոհափիլիսոփահական հարցերի շարանը, որը ծագում է յուրաքանչյուր բանական էակի գլխում:
 
Հոդված 3. Ընտանեկան բռնությունը և դրա տեսակները
 
1. Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառումն է ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև՝ անկախ նրանից, թե արդյոք բռնություն գործադրած անձը և բռնության ենթարկվածը բնակվել կամ բնակվում են համատեղ:
 
2. Ընտանեկան բռնության տեսակներն են՝
 
1) ֆիզիկական բռնություն` ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը,  կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը
 
Ի՞ՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 
 
Երևի պետք է քրքրել հայտնի փիլիսոփաների գրքերը՝ գտնելու համար պատասխանը, սակայն այս դեպքում ո՞վ է որոշում ազատության սահմանները, և գլխավորը՝ ի՞նչ իրավունքով:
 
2) սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված   հանցագործությունները.
 
3) հոգեբանական բռնություն՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը. 
Ի՞նչ է նշանակում հոգեբանական բռնություն: Դիցուք՝ ես ծնող եմ և երեխայիս արգելում եմ մատը մտցնել վարդակի մեջ, որովհետև կհոսանքահարվի, ինչից ինքն, օրինակ, նյարդայնանում և լացում է: Եվ ի՞նչ, ես հոգեբանական բռնությու՞ն եմ իրականացնում երեխայիս հանդեպ: Ա՛յ քեզ բա՜ն:
 
4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ  այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը:  
 
Այս դեպքում էլ պատկերացնենք, որ մենք, օրինակ, կրծքով կերակրող մայր ենք և մեր նորածին երեխային ջուր դեռ չենք տալիս, մինչդեռ նա ջրի նկատմամբ ունի օրենքով սահմանված տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք: Այս դեպքում էլ, ուրեմն, տնտեսակա՞ն բռնություն ենք կատարում… 
 
Օրենքի 4-րդ հոդվածը հիմնավորում է հիմնական հասկացությունները`
 
1) ընտանիքի անդամներ՝ ամուսին, ծնող (մայր կամ հայր)՝ այդ թվում՝ խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա (նաև՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), տատ, պապ, քույր և եղբայր (նաև՝ համամայր կամ համահայր), որդեգրող ծնողի ամուսին, ամուսնու ծնողներ և քույր և եղբայր, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.
 
2) ամուսին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք. 
 
Որքան էլ այսօր աշխարհը շուռ եկած լինի, գոնե հայերս շարունակում ենք ամուսիններ հասկացության ներքո հասկանալ կնոջը և տղամարդուն: Ըստ օրենքի՝ քիչ է՝ ամուսիններ են համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք, դեռ մի բան էլ պարզ չէ՝ ընտանիքում իբրև թե բռնության ենթարկված երեխան, ում տարել են ապաստարան, և ում ճակատագիրը պիտի որոշեն ինչ-ինչ լիազոր մարմիններ, համաձայն օրենքի՝ հանուն իր իսկ շահերի առաջնահերթության (Հոդված 2, կետ 3) չի՞ որդեգրվի արդյոք որևէ ամուսնական զույգի կողմից, որում ծնողները, օրինակ, «ծնող մեկ» և «ծնող երկու» են, ասենք՝ հայրիկ-հայրիկ… 
 
ԻՍԿ Ի՞ՆՉ ՆՎԱԳ ԵՆ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԸ
 
Մի քիչ շատ չե՞ն անհասկանալի, մի քանի ձևով մեկնաբանվող և վիճելի կետերը մեկ օրենքի համար: Այս և նման հռետորական հարցերը թողնելով ընթերցողին՝ որպես մտածելու համար «պարապ վախտի խաղալիք» և անցնեք մի կարևորագույն կետի ևս, որից թերևս պետք էր սկսել ողջ հոդվածը:
 
Հոդված 14. Ընտանեկան բռնությունը կանխարգելող մարմինների և հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները
 
1. Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության աշխատանքներին ներգրավված  մարմինները, որոնք ընդգրկված են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքում կամ համակարգում, նշված գործունեության մասով ֆինանսավորվում են համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
 
2. Աջակցության կենտրոնների և ապաստարանների ֆինանսավորումն իրականացվում է դրանց հիմնադիրների միջոցների, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների  հաշվին (ընդգծումը մերն է` Ա. Հ.):
 
- Ահա ՛ թե որտեղ է թաղված շան գլուխը,- հավանաբար մտածեն շատերը և գուցե չսխալվեն, իսկ մնացածը դարձյալ թողնենք ընթերցողների դատին…