Արցախը Հայաստան է, և վերջ

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ ԹՂԹՈՎ ՏՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Վերջերս մեր կայքում, ինչպես նաև բազմաթիվ այլ հարթակներում քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող վերլուծաբաններ, փորձագետներ կարծիք են հայտնել, որ Կատալոնիայի ու Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեները կարող են նախադեպ դառնալ Արցախի անկախացման համար:
 
Այս հարցով դիմեցինք «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին՝ փորձելով ճշտել նրա տեսակետը՝ արդյոք, սա իսկապե՞ս Արցախի անկախության բանալին է:
 
- Չեմ կարծում, որ դրանք կարող են նախադեպ լինել Արցախի համար, որովհետև նման դեպքեր արդեն եղել են՝ երկրներն ինքնորոշման սկզբունքի հիման վրա անկախություն են հռչակել, բայց այդ հռչակումները որևէ կերպ չեն ազդել Արցախի հարցի վրա:
 
Ա. Պապյանն օրինակ բերեց Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը, իր խոսքով՝ ամենահայտնի դեպքը՝ Կոսովոյինը:
 
- Ավելի սահմանափակ առումով՝ Աբխազիան և Օսեթիան, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ճանաչեց, բայց չճանաչեց և չի ճանաչում Արցախի անկախությունը: Այնպես որ՝ չեմ կարծում, թե դրանք Արցախի հիմնախնդրի վրա կունենան ուղիղ ազդեցություն, պարզապես լայն առումով դրանք կլինեն ինքնորոշման իրականացման հերթական դեպք` շատացնելով օրինակները միջազգային պրակտիկայում:
 
Իսկ առհասարակ պե՞տք է մեզ Արցախի անկախությունը. շատ-շատերի համար այս հարցը կարող է տարօրինակ հնչել կամ նույնիսկ պարունակել, այսպես ասած, դավաճանական նոտաներ: Սակայն խնդիրն իրականում ունի նաև այլ կողմ, և նորություն հայտնած չենք լինի՝ ասելով, որ դա բազմիցս քննարկված և առաջարկված այլընտրանքային տարբերակն է՝ Արցախի վերամիավորումը ՀՀ-ին, ինչն էլ, կարելի է ասել, Ա. Պապյանի տեսլականն է:
 
- Անկախության այս հանրաքվեներն, իհարկե, որոշակի դրական մթնոլորտ ստեղծում են: Այսինքն՝ ցույց են տալիս, որ ժողովուրդները, որոնք չեն զանկանում ապրել որևէ հանրույթի մեջ՝ անկախ պատճառներից, իրավունք ունեն իրենք տնօրինել իրենց ճակատագիրը: Անգամ Կատալոնիայի պարագայում չկա Արցախի հարցում եղած վտանգը: Արցախի խնդիրը գոյության խնդիր է: Անցյալ տարի ապրիլին մենք տեսանք, որ երբ Ադրբեջանը ժամանակավորապես գրավեց Թալիշ գյուղը, այնտեղ մնացած հայերին ֆիզիկապես ոչնչացրեց՝ բարբարոսաբար սպանելով նրանց: Անգամ Քրդստանի պարագայում, երբ, ճիշտ է, դարձյալ պատժամիջոցներ են կիրառվում՝ շրջափակում, որոշակի արգելքներ և այլն, պատերազմ չի սանձազերծվում: Արցախի հարցը ծայրահեղորեն այլ է: Դեռ խորհրդային տարիներին մենք տեսանք, որ, ի պատասխան Ադրբեջանի օրենսդրությամբ անցկացված հանրաքվեի, Բաքվի կենտրոնական իշխանությունները դիմեցին ուժի կիրառման և սանձազերծեցին, կարելի է ասել, ցեղասպանական պատերազմ, որովհետև հայերին կոտորում ու սպանում էին: Այնպես որ՝ ընդհանուր մթնոլորտը դրական կլինի, իսկ Արցախի դեպքում միանշանակ է, որ Արցախն այլ ելք չունի, քան Ադրբեջանից անջատված լինելը: Իմ տեսակետն այն է, որ Արցախը պիտի միանա Հայաստանին, ինչպես սկսել էր ժամանակին, բայց, այնուհանդերձ, գոնե նվազագույնն այն է, որ Արցախը որևէ կերպ չպիտի ենթարկվի Ադրբեջանին. դա պարզապես կյանքի ու մահվան խնդիր է:
 
Տպավորություն է, թե Արա Պապյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը միևնույն բանը նկատի ունեն՝ ասելով, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սակայն որտեղի՞ց են այն մտավախություններն ու կասկածները, որ, Արցախ ասելով, յուրաքանչյուրը տարածքային առումով տարբեր միավորներ է պատկերացնում: 
 
- Դա ամրագրված է որոշ փաստաթղթերով, իսկ նույն նախագահն ասել է, որ այդ փաստաթղթերն ինքն ընդունել է: Վերջինը Կազանի փաստաթուղթն էր, իսկ այնտեղ հստակ ամրագրված է, որ խոսքը ԼՂԻՄ հինգ շրջանների մասին է, դրա համար էլ սա լուծում չէ: Կոնկրետ իմ ու նախագահի խոսքերի տարբերությունն այն է, որ երբ ես ասում եմ՝ Արցախը չպիտի ենթարկվի, Արցախ ասելով ես հասկանում եմ այն, ինչն այսօր վերահսկում է Արցախի Հանրապետությունը, իսկ նախագահը հասկանում է ԼՂԻՄ հինգ շրջանները: Ես կարծում եմ, որ այդ հինգ շրջանները պարզապես չեն կարող գոյատևել: Այսինքն՝ անպաշտպանունակ կլինեն, և տարածքների դիմաց համարժեք չէ թղթով տրված անվտանգության երաշխիքը: