Դարդին դարման անող «դժոխք» է հարկավոր

ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՋՐԻ ԵՐԵՍԻՆ ՄՆԱԼ

Եթե նպատակը երկրին օգնելն է, այլ ոչ թե համարյա ինքնանպատակ աղմկարարությամբ միջազգային կառույցներից գումարներ ստանալը, ուրեմն պետք է միավորվել, քանի որ այլ ճանապարհ չկա: Բայց մեր ընդդիմադիրները, որոնցից արդարացիորեն հիասթափված դժգոհում է հանրությունը, դեռ սա չեն գիտակցում: Իրենց ընդդիմադիր հռչակողներն ամբողջ քառորդ դար համաժողովրդական ընդվզման օր, ժամ, ամիս նշանակեցին, փոփոխության ակնկալիք ունեցող մարդկանց փողոց հանեցին ու տուն ուղարկեցին: Ի՞նչ շահեց երկիրը՝ ոչինչ: 
 
Վերջին տարիներին այս ամենին մաս կազմող Զարուհի Փոստանջյանը, սակայն, չի «հանձնվում»: Նա, լինելով բնավորությամբ անհաշտ ու չհարմարվող (ինչը դրական հատկանիշ է քաղգործչի համար), նորաստեղծ իր «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ Հայաստանում ընդվզման օր նշանակելու մասին է խոսել: Կուսակցապետուհին շրջել է  գյուղերով, մարզերով, հիմա էլ Երևանով է պտտվելու: Նրա կարծիքով՝ ժողովուրդը պատրաստ է ըմբոստանալու իշխանության դեմ: 
 
Պատմությունից դասեր քաղելու իմաստուն հորդորը ցանկալի կլիներ՝ լսեր տիկին Փոստանջյանը, քանի որ մեզանում փորձված ըմբոստության ճանապարհը պարզապես սիզիփոսյան աշխատանք է: Եթե Ազգային Ժողովում մեր քաղաքական ուժերը չեն միավորվում «մեզ քիչ քվե եք տվել, ու որքան էլ միավորվենք՝ մեծամասնություն չենք դառնա» պատճառաբանությամբ, ապա անհասկանալի է արտախորհրդարանական ընդդիմադիրների չմիավորվելու պատճառը: 
 
Ընդվզման կոչով հանդես էր եկել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, անգամ անվանական 31 հոգու էր դիմել: Նրա «ընտրյալների» ցուցակում կար նաև Զարուհի Փոստանջյանի անունը, բայց նա հրաժարվեց միանալ Սեֆիլյանին՝ չնայած նույն օրը նույն կոչով հանդես եկավ: Սեֆիլյանի պաշտպանը չենք, բայց եթե նպատակը երկրում ինչ-որ բան փոխելն է՝ միասնությունն այլընտրանք չունի: 
 
Իսկ միգուցե տիկին Փոստանջյանն ա՞յլ  նպատակ ունի: Որպես քաղաքական ուժի ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեռ պետք է կայանա: Կայացման ուղի պետք է անցնի նաև նորաստեղծ ԵԾ-ն: Դրա համար նախկին պատգամավորը, կարծում ենք, արտախորհրդարանական ուժերի հետ  համագործակցության եզրեր պետք է գտնի: Իսկ եթե մինչև հաջորդ ընտրություններ քաղաքական ջրերի երեսին մնալու, մարդկանց իր գոյության մասին հիշեցնելու համար է այս ամենը՝ տիկին Փոստանջյանը կարող է հանգիստ լինել: Քաղաքական գործընթացներում թրծված և բոլոր քվեախոստումներն անգիր արած մեր ժողովուրդը քաղաքական ուժերի «հայտերն ընդունում է» ընտրություններից առաջ: Այնպես որ՝ դեռ ժամանակ կա: 
 
Հանրության վստահությունը շահելու մի տարբերակ էլ կա: Երևանն այնքան խնդիրներ ունի, որոնց պատճառով մեր բնակիչների կյանքը վերածվել է դժոխքի:  Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել խոստացող ավագանու ԵԾ խմբակցությանը մեծ ճանաչում կբերի բնակիչներին կյանքը հարամող՝ հիրավի դժոխային խնդիրները բարձրաձայնելը, լուծումներ առաջարկելը: Այլապես միայն ավագանու նիստերն աղմկարարությամբ տապալելու փորձերն ընդամենը զվարճացնում են երևանցիներին հիասթափեցրած քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տեղաշարժ չանելով խնդիրներով օրեցօր ավելի ծանրաբեռնվող սայլը: