Երևանը՝ կամրջող կարգավիճակ ստանձնելու շեմին

ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու առաջարկի ճակատագիրը կանխորոշված էր:
 
Պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չպիտի լիներ այս քայլին. հիմնականում՝ ռազմավարական կտրուկ շրջադարձ կատարելու պատճառների և հետևանքների ուսումնասիրության, ինչպես նաև հակառակը հիմնավորող փաստարկների դեմ հակափաստարկների բացակայության պատճառով:
 
Բնականաբար, առաջարկի քննարկման և եզրակացության կանխորոշվածության մասին իրազեկ էր նաև ԵԼՔ-ը: Խնդիրը, սակայն, ոչ այնքան եզրակացությունն էր, որքան հարցի քննարկումը:
 
Պարզ է, որ ՀՀ-ում առկա են հակառուսական տրամադրություններ՝ ժողովրդի և, անշուշտ, քաղաքական որոշ շրջանակների մոտ: Կան նաև որոշ իրադարձություններ, որոնք նպաստում են «ապագաղութայնացման» համար խմորվող գործընթացների զարգացմանը: «Գույք պարտքի դիմաց»- ից սկսած մինչև ռազմական և ընդհանրապես ռազմավարական ոլորտներում կախյալության երևույթը, նաև ՀԱՊԿ անդամ պետությունների երբեմն ոչ գործընկերային պահվածքները Երևանի նկատմամբ՝ օգտագործվում են հակառուսական մթնոլորտի ձևավորման և նման միջպետական համաձայնագրերից արագ դուրս գալու քաղաքական նախաձեռնությունների համար:
 
Գործընթացային խմորումները, բնականաբար, աննկատ չեն մնում Արևմուտքի կողմից, որը մերթ՝ լուռ, մերթ՝ անուղղակի, երբեմն էլ՝ ուղղակի քաջալերողի դերով հայտնվում է՝ ամեն պատեհ առիթ քաղաքականորեն օգտագործելու պահվածքով:
 
Սակայն, հիմա, երբ թվում է՝ թե՛ Երևանը և թե՛ Բրյուսելը, անուղղակիորեն նաև Մոսկվան որդեգրել են «Ե՛վ, և՛»-ի կամ «Թե՛, թե՛»-ի տեսությունն ու դրա գործնականացումը՝ խորհրդարանում «Կամ, կամ»-ով առաջնորդվելու խնդիր է առաջադրվում:
 
Երևանի որդեգրած «Թե՛, թե՛»-ն վերաբերում է նաև մյուս կողմերին։ Նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրի մեկնարկով թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵՏՄ-ն ընդունած կլինեն Երևանի եզակի դերակատարությունը՝ երկու միջազգային կազմակերպություններում կապող օղակ հանդիսանալու փաստով: Փաստորեն այս պահի դրությամբ (ավելի ճիշտ՝ նոյեմբերի պահի դրությամբ) ՀՀ-ն կդառնա միակ երկիրը, որ ԵՏՄ-ի անդամ լինելով՝ խոր և համապարփակ համաձայնագրով համագործակցություն կիրականացնի ԵՄ-ի հետ:
 
Եվ եթե պարզ էր, որ կամրջող օղակի Երևանի այս կարգավիճակը կբխի նաև Բրյուսելի շահերից, հետզհետե հստականում է նրանով, որ առնվազն չի հակասում նաև Մոսկվայի շահերին: Կարելի է առարկել անշուշտ, որ այս համաձայնագրում առևտրական և ընդհանրապես տնտեսական բաղադրիչի փոքրացումը նաև ճանապարհ է հարթում, որպեսզի Մոսկվան չարգելակի Երևանի և Բրյուսելի ընտրած այս ուղիների ընթացքը: Այսուհանդերձ պարզ է, որ նման համաձայնագրերը, ըստ էության, քաղաքական բնույթ ունեն, ինչն առաջնահերթ նշանակություն ունի այս դեպքում ևս:
 
Երևանի այս նոր կարգավիճակով անհանգիստ են, բնականաբար, թե՛ Անկարան և թե՛ Բաքուն: Երկուսն էլ այսօր եվրոպական կառույցների հետ իրենց համագործակցության ձևաչափերը կորցնելու անհանգստության մեջ են: 
 
Թե՛ էրդողանական բռնապետակարգը և թե՛ տնտեսաքաղաքական սկանդալներով հարուստ թղթածրար ունեցող ալիևյան վարչակարգը այսօր ԵՄ-ի նկատմամբ բարենպաստ հարաբերությունների իրավիճակում չեն։
Նոյեմբերը հեռու չէ. իսկ մինչև նոյեմբեր, քաղաքական իրադրությունների ներկա կացությունը կտրուկ շրջադարձեր արձանագրելու նախադրյալներ չի պարզում: Երևանը իրապես կամրջողի կարգավիճակ ունենալու շեմին է:
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր