Սև ցուցակի իմաստազրկումը Բաքվի հեղինակազրկումն է

ՑՈՒՑԱԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՇՏԱԿԻ ԵՐԱՆԳԱՎՈՐՎՈՒՄ Է

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Ինչպես արդեն հայտնի է՝ օրեր առաջ Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածով: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: 
 
Չի բացառվում, որ Արցախում հայտնվեն նաև Ադրբեջանի քաղաքացիները։ Սև ցուցակն արդեն ներառել է թուրքերին։ Գուցե ներառի նաև ադրբեջանցիներին։ 
Արցախ այցելող օտարերկրացիների այցերից մինչ այժմ Բաքվին ամենից հզոր հարվածը  Թուրքիայի քաղաքացի մտավորականների ներկայությունն էր Ստեփանակերտում։
 
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլև Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:
 
Հուսեյնովը ցանկություն է հայտնել, որ թուրք մտավորականներին արտահանձնեն Բաքվին. 
 
- Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին: 
 
Սա խոսում է այն փաստի մասին, որ խորհրդարանական մակարդակով արդեն խնդրո առարկայի բնույթով է դիտվում թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Թե՛ «վստահ եմ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին» հայտարարությունն ու թե՛ «Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են» արտահայտությունը նշանակում է, որ արտահանձնումը չիրականանալու դեպքում կարող են վտանգվել Անկարայի և Բաքվի հարաբերությունները։
 
Մինչ այժմ պաշտոնական Անկարայի կողմից որևե համարժեք արձագանք չկա: Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայանը ևս դատապարտել է թուրք մտավորականների այցն Արցախ և նրանց անվանել «ծպտյալ հայեր»: Ինչպես ասել է՝ նրանք դավաճանել են Թուրքիային՝ Արցախում անելով հայամետ հայատարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած  Հայաստանին»:
 
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ: Իհարկե Ադրբեջանի դատախազությունը չէր կարող ինքնուրույն շարժվել. սա գալիս է վերևներից, ուղղակի Ալիև ընտանիքից։  Դրա համար էլ դեռևս նույն մակարդակով արձագանք չի հնչել գործընկեր Անկարայից։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, և նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սեւ ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից կայքին հայտնել են, որ թուրք քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել:
 
Թե՛ գլխավոր դատախազության և թե՛ արտգործնախարարության մակարդակներով, ուրեմն, թուրքական հարթության վրա համարժեք արձագանքներ չեն հնչել։
Այս իրադարությունները արձանագրվում են ուղիղ Լապշինի նկատմամբ շնորհված ներումին։ Սա խոսում է նաև այն փաստի մասին, որ արտահանձնումները, հետախուզում հայտարարելը, նույնիսկ իբրև պատժամիջոց կալանքը՝ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախ այցերի հոսքի վրա։ Սև ցուցակի իմաստազրկումը Բաքվի հեղինակազրկումն է։
Այս նախադեպը կարող է դուռ բացել Թուրքիայի այլ քաղաքացիների այցերի համար։ Թուրքիայի համապատասխան մարմինները դժվարին ընտրություն կատարելու առաջ կկանգնեն՝ իրենց քաղաքացիներին արտահանձնելու առումով։