Բիզնես միջավայրը թարմ օդի կարիք ունի

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ՊԱՅՔԱՐԵՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԵՄ

Հայաստան-Սփյուռք համաժողովում հնչեցված բարի ցանկությունների առջև, կարծես, իրականանալու հուն է բացվում: Իշխանությունը ցանկանում է սփյուռքահայերի ներուժն օգտագործել՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ նպատակով ստեղծվելիք համահայկական խորհրդի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կընտրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Թերևս նաև որպես այդ կառույցին օժանդակող նախապայման՝ Տնտեսական զարգացման ու ներդրումների  նախարարությունը որոշել է օտարերկրյա ներդրողների պաշտպանության, նրանց ֆինանսների ապահովության համար լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել: Այս մասին հայտարարել է տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս նախաձեռնությունը անհավասար պայմաններ կարող է ստեղծել հայաստանաբնակ և օտարերկրյա գործարարների միջև: Բայց իրատեսորեն նայենք մեր իրականությանը: Ոչ մեկի համար աննկատ չէ, որ մեր երկրում ձևավորվել է խոշոր տնտեսվարողների էլիտա, որոնք ամեն ինչ սեփականաշնորհել են, թույլ չեն տալիս այլ խաղացողների մուտք գործել շուկա: Գործարարներն այնքան են սերտաճել քաղաքականության հետ, որ պետական լծակներով փակում են ցանկացած նորեկ բիզնեսմենի ճանապարհը: 
 
Այս ամենի դեմ պայքարի երկու տարբերակ կա՝ կամ կոշտ մեթոդներ կիրառել, կամ այլընտրանք ստեղծել: Առաջին տարբերակը գուցե խրտնեցնի «միայն մենք» սկզբունքով առաջնորդվող գործարարներին, քանի որ փակելով  ձեռնարկությունները, տասնյակ քաղաքացիների կթողնեն անգործ՝ է՛լ ավելի մեծացնելով գործազուրկների բանակը: Ու ահա ընտրվել է անցնցում տարբերակը՝ Հայաստան  բերել սփյուռքահայերին, ովքեր արդեն հոգնել են բարեգործական ջրաղացի պտուտակ լինել և ցանկանում են գումար ներդնելով՝ նաև շահույթ ստանալ: Հայաստանյան գործարար միջավայր նրանց մուտքը գուցե և բիզնեսի նոր մշակույթ  բերի՝ փոքրիշատե մեղմելով մոնապոլիստ դարձածների ամենակուլ ածորժակը:
 
ՀՀ սփյուռքի նախարարությունը, օրինակ, հանդես է եկել նախաձեռնությամբ, որի նպատակը սփյուռքյան անհատների ու կազմակերպությունների շրջանում սահմանապահ բնակավայրերին աջակցող հովանավորներ գտնելն է՝ ինչպես բարեգործության, այնպես էլ ներդրումների տեսքով: Եվ սահմանամերձ համայնքների ցանկն առաջարկել է սփյուռքահայ գործարարներին: 
 
Բնականաբար, սա չի կարող ախորժելի լինել խոշոր գիշակեր տնտեսվարողների քիմքին: Նրանք փորձելու են իրենց համար սովորական դարձած մեթոդներով դուրս քշել իրենց մրցակից սփյուռքահայ ներդրողներին, խանգարելու են, ինչու չէ՝ նաև յուրացնելու այլոց աշխատանքի բարիքը, ինչից իրենց մտավախությունը մասնավոր զրույցներում չէին թաքցնում նաև համաժողովի մասնակիցները:
 
Հենց այս մտավախությունը կարող է փարատել Օտարերկրյա ներդրողների պաշտպանության մասին օրենքը: Եթե այս անգամ էլ օրենքը մնա թղթի վրա, իշխանությունը չպաշտպանի արտերկրից Հայաստան եկած մեր հայրենակիցներին, նրանք անվերադարձ ու ընդմիշտ երես կթեքեն հայրենիքից: 
 
Նմանատիպ օրենսդրական մի ամրագրում էլ, երևի, անհրաժեշտ է մեր երկրում ապրող այն գործարարներին, ովքեր խոշոր գիշակերների «մաֆիայում» չեն, մերժում են  նրանց խաղի կանոնները, բայց ունեն երկիրը զարգացնելու ներուժ: Լրագրողներիս հետ զրույցում քիչ չեն այնպիսիք, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում բիզնեսով զբաղվելու, բայց  վստահ չեն, որ իրենց ճանապարհը ջրի ակունքը փակող վիշապի նման չեն փակի: Ավելին՝ անգամ իրենց ցանկության մասին  իշխանավորների մոտ չեն էլ բարձրաձայնում:
 
Արդյունքում միայն անվստահությունն է խորանում՝ լղոզված բառակույտի վերածելով արդար մրցակցություն ասվածը: