Երբ ինտրիգները պետությունից բարձր են դասվում

ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է

Հայաստանում յուրաքանչյուր գործարար-պաշտոնյայի «տնամերձում» այնքան «աղբ» է կուտակված, որ իրենք էլ համոզված են՝ հարկային մարմինները ստուգումներ սկսելիս ստվերում մնացած շա՜տ բան կհայտնաբերեն: Իսկ եթե թաքցնելու ոչինչ չկա, ի՞նչ կարիք կա հարայ-հրոց գցել հարկային մարմինների ստուգումների մասին, որոնք այս օրերին կատարվում են ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում: Այս մասին այսօր հայտարարել է Գ. Ծառուկյանի մամլո նախկին խոսնակ, նույն դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը:
 
Իսկ ստուգումները կարծես թե պատահական չեն: Ըստ տեղեկությունների՝ շան գլուխը թաքնված է հասունացող Գագիկ Ծառուկյան-Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան ինտրիգում: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ, ըստ տեղեկությունների, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի հույսերը չարդարացան: Այս տարվա սկզբին թերթերից մեկը գրել էր, որ Սամվել Կարապետյանի հաշվարկն այն էր, որ Կարեն Կարապետյանի համար անհրաժեշտ աջակցություն կապահովվի և ՀՀԿ-ի ներսում՝ ԳՄ-ում նոր անձանց ներգրավումը կփոխի ուժերի նոր դասավորությունը՝ հօգուտ Կարապետյանի: Ըստ նույն վարկածի՝ Ծառուկյանը ոչ մի դեպքում չի վերադառնա քաղաքականություն, ու Սերժ Սարգսյանին նույնիսկ անուղղակի աջակցելով՝ չի խանգարի Կարեն Կարապետյանին՝ իր ծրագրերը իրագործել նաև 2018-ից հետո։ 
 
Սակայն, ստեղծված նոր իրավիճակը, կարծես, այլ բան է փաստում՝ որ «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի տասնյակ հազարավոր նորագիր ՀՀԿ-ականները նույնիսկ չեն փրկում վիճակը, և վերջինիս քաղաքական ծրագրերը մնում են չիրագործված։ Այժմ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան անորոշ է, Սամվել Կարապետյանը ջանքերը կենտրոնացնելու է հետընտրական փուլում եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի ԱԺ նախագահ դառնալու համար Ռուսաստանի «դաբրոն» ձեռք բերելու վրա: Ինչպես  պարզ դարձավ հետագայում, Կարեն Կարապետյանի ԱԺ նախագահ դառնալու հեռանկարը ի դերև եղավ, ու նրա քաղաքական ապագան էլ դեռ անորոշ է: Եթե այս տեղեկությունները հավաստի համարենք, չի բացառվում՝ Գագիկ Ծառուկյանն էլ անցել է հակագրոհի: Նրա տարբեր թիմակիցներ  քննադատում են կառավարության գործունեությունը, անգամ հրաժարականի ակնարկ անում:
 
Դա բավարար չէ՝ հիմա էլ գործի է անցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
 
Նա երեկ հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծապես աջակցել է մարզաձևին, ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ հայկական ըմբշամարտը «կրախի» առաջ կկանգներ:
 
Հիշեցնենք, որ ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանն այս տարի հրաժարվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Հրաչյա Ռոստոմյանը նաև հայկական ֆուտբոլի զարգացման մասին է խոսել: 
 
- Ֆուտբոլը կզարգանա այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն այս մարզաձևում ունենա իր մեծ ներդրումը՝ ինչպես մյուս մարզաձևերում: Ֆուտբոլում խնդիրները շատ են, պարտությունները ցավալի են, բոլորս էլ տխրում ենք,- ասել է Ռոստոմյանը: 
 
Նախարարի այս ակնարկն էլ  ուղղված է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ում հետ հարաբերությունները, մեղմ ասած՝ այնքան էլ բարիդրացիական չեն:
 
Սակայն Հրաչյա Ռոստոմյանը, հավանաբար, մոռանում  է, որ ինքը գործադիր մարմնի անդամ է, պետական պաշտոնյա, ով պետբյուջեից աշխատավարձ է ստանում՝ ոլորտը զարգացնելու համար: Եվ փոխանակ իր գործն անի, ներքաշվում է մի ինտրիգի մեջ, որտեղ իրեն բաժին է ընկել մեր կարծիքով ոչ վայելուչ դեր, որի մասին այսօր շատ դիպուկ գնահատական է հնչեցրել Սամվել Կարապետյանի եղբայրը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը.
 
- Սպորտի նախարարը շատ փոքր մարդ է, որպեսզի գնահատական տա Սամվել Կարապետյանի գործունեությանը: Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ կտանք իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Սպորտի նախարարությունն ու նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը։Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի, իսկ եթե մարդը չի կարողանում աշխատել, զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին: 
 
Գերագնահատելով Գագիկ Ծառուկյանին ու նրան փրկիչ ներկայացնելով՝ Հրաչյա Ռոստոմյանը դիմել էժանագին հնարքի՝ փորձելով հերթական անգամ հաճոյանալ Գ. Ծառուկյանին՝ եթե իհարկե նախապես չի խորհրդակցել նրա հետ: Վաղուց ի վեր և բացեիբաց խոսվում է, որ առանց Գագիկ Ծառուկյանի համաձայնության սպորտի նախարար չի նշանակվում: Հետևաբար, եթե այդ խնդրի առնչությամբ նա շոշափած չլիներ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունները՝ հազիվ թե նման հայտարարություն աներ: 
 
Քաղաքական այս ինտրիգի մեջ ակամա ներքաշվել է նաև կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը՝ գործարար Սամվել Կարապետյանի ընկերը: 
 
Այսօր ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել Ծառուկյանի ձեռնարկություններում: Ու թեև ՊԵԿ-ը պարզաբանել է, որ 
 
- Նախապես հաստատված ամսական ծրագրերի համաձայն, ստուգումներ են իրականացվում «Եվրոմոթորս» ՓԲԸ-ում, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ում: Դրանցից առաջին երկու կազմակերպությունների հանձնարարագրերը հրապարկվել (ստորագրվել) են օգոստոսի 16-ին, իսկ երրորդինը` օգոստոսի 28-ին, ինչն ապացուցում է, որ իրակացվող ստուգումները որևէ առնչություն չունեն ինչ-որ հայտարարությունների հետ: Ուղղակի, ՊԵԿ-ը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում: 
 
Սակայն չար լեզուներն ասում են, թե հարկային ստուգումները քաղաքական երանգ ունեն: Եթե իրոք այդպես է, ուրեմն դեռ օրենքն ու արդարադատությունը մեր երկրում քաղաքական զսպաշապիկ են: Սակայն նույն տրամաբանությամբ՝ մեր երկրում որևէ ստուգում չպետք է իրականացվի խոշոր ձեռնարկատերերի ընկերություններում, որովհետև դրանց բոլորի տերերը քաղաքական գործիչներ են դարձել:
 
Թե ինչպես կհանգուցալուծվի այս ամենը՝ ժամանակը ցույց կտա, բայց մտահոգիչ է, որ գործադիր ու օրենսդիր կառույցների որոշ անդամներ պետության զարգացումը ստորադասում են ներթիմային խաղերին, իրենց անձնական շահերին ու հավակնություններին: