Արցախը՝ աշխարհի հզորների կոկորդում

ԵՐԲ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկյան նահանգներից քանի՞սն է Հայոց ցեղասպանությունը ճանաչել: Եղած 51-ից (ներառյալ Կոլումբիա մարզը)՝ ավելի քան 40-ը: Մինչդեռ ԱՄՆ-ը՝ որպես պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ, մինչև օրս ուրանում է անցած դարի ոճրագործությունը: Ու չի էլ թաքցնում պատճառը՝ ուղղակի ձեռնտու չէ, քանի որ «բարեկամ» Թուրքիան կարող է նեղանալ: 
 
Հիմա էլ առանձին նահանգներ սկսել են Արցախի անկախությունը ճանաչել:
 
Երեկ Միչիգանի նահանգն է այդ մասին բանաձև ընդունել՝ իր երկրի նախագահին և Կոնգրեսին կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը, նրա հետ տնտեսական և մշակութային կապեր հաստատել՝ դրանով իսկ աջակցելով խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փոխանցել է սենատոր Դևիդ Քնիզեքի ելույթի մի հատվածը: (Քնեզիքը Սենատում ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին): 
 
- Գործընկերներիս դիմելով՝ ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինն էր, ով բռնազավթեց Արցախը Հայաստանից և այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն 1991թ. Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության,- պատմական ճշմարտությունն է ներկայացրել ԱՄՆ սենատորը:  
 
Միևնույն ժամանակ՝ Արցախի խնդիրը կարգավորելու կոչված ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան նորանշանակ համանախագահ ունի՝ Էնդրյու Շեֆերը: Նրա գործունեության վերաբերյալ news.am-ի հարցին ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են.
 
- ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Բայց ի վերջո խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
 
Ամերիկյան քաղաքական ընտրանու այս երկու մեկնաբանությունները եթե համադրենք, ստացվում է, որ միջազգային իրավունքը հենց ստալինյան բռնակցումն է: Այն բոլոր անարդարությունները, որոնք Խորհրդային Միությունում կատարվել են հայերի ու Հայաստանի նկատմամբ, այսօր միջազգային իրավունքին համապատասխան են ճանաչվում: 
 
Եվ ուրեմն բնավ պատահական չէ, որ ԱՄՆ-ի նույն բարեկամ Թուրքիան «շարունակում է միջամտել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում», ինչպես երեկ «Արմենպրեսին» ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ կարգավորումն անընդհատ ձգձգվում է: Իսկ Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի զինուժերը  միասնական են և  անհրաժեշտության դեպքում պատրաստ են միմյանց ամեն կերպ աջակցել: Ոչ վաղ անցյալի քոչվորները նաև չեն մոռացել շեշտել «իրենց հողերը» պաշտպանելու անհրաժեշտությունը: 
 
- Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել «օկուպացված» Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և Հայաստանի «օկուպացիան» վաղ թե ուշ պետք է վերացվի: Սակայն դրա համար պետք է լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք,-«ադրբեջանական լվացքատան» մայրաքաղաքում հայտարարել է թուրքական զինուժի ղեկավարը:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն, նման բաները չեն հետաքրքրում: Ու որքան էլ նրա համանախագահ երկրները աշխարհի հզորագույն պետություններից են, ոչ մեկը Թուրքիային նեղացնելու միտք չունի: Այժմ էլ Անկարա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ոչ մի կերպ չի հրաժարվում սուլթանության վերածվող երկրին ձեռք մեկնելու ու հզորացնելու քաղաքականությունից:
 
Ելնելով նրանից, թե աշխարհի հզորներն ինչպես արձագանքեցին, ավելի ճիշտ՝ չարձագանքեցին ՄԱԿ-ի ամբիոնցի Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ ելույթին (միջազգային մամուլին կարծես միայն նրա ընտանեկան սելֆիներն էին գրավել), մեզ մնում է հիշենք 2016թ. ապրիլյան համախմբումի օրերն ու պատրաստ լինենք նոր սադրանքների: Ու չմոռանանք, որ նույն հզորները մշտապես փորձել են իրենց շահերը կորզել մերը զոհաբերելու ճանապարհով: