Բարոյական ապտակ

«ԵԽԽՎ ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ Ի ԶՈՐՈՒ Է ԿՈՒՐԱՆԱԼ ՆԱՎԹԻ ՀՈՏԻՑ և ԽԱՎԻԱՐԻ ՀԱՄԻՑ»

Օրերս Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 62-րդ կոնգրեսի նիստերը մի քանի օր ընթանում էին խաղաղ ու սովորական հունով: Բայց համաժողովի երրորդ օրը, երբ ելույթով հանդես էր գալիս Եվրամիության ներկայացուցիչը՝ դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովը, նիստի խաղաղ ընթացքը  մեկեն փոթորկվեց և դահլիճի մթնոլորտը շիկացավ: Դիմիտրովը խոսում էր հակամարտության գոտիների ու դրանց ուղղակի արդյունք փախստականների հիմնահարցի մասին՝ նշելով, որ փախստականներն իսկական գլխացավանք են դարձել բազմաթիվ երկրների համար, խաթարում են այդ երկրների խաղաղ անդորրը: Նա կոչ արեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ տեղերում պայքարել այդ երևույթի դեմ և հնարավորինս կանխել փախստականների հոսքը այլ երկրներ:
 
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին ամենևին դուր չեկան արծարծվող նուրբ թեմայի վերաբերյալ բանախոսի կոպիտ գնահատականներն ու անիրատեսական մեկնաբանությունները, նրա ոչ սրտացավ վերաբերմունքը: 
 
Նիստը նախագահողից արտահերթ հարցի իրավունք խնդրելով՝ Գրիշա Սարգսյանը միջազգային հեղինակավոր կոնգրեսի բեմից հարց տալու փոխարեն ծավալուն ելույթ ունեցավ և կոնկրետ փաստերի ճնշման տակ բազմաթիվ մեղադրանքների տարափ տեղաց, ինչից Եվրամիության ներկայացուցիչը անակնկալի եկավ և չկարողացավ հիմնավոր ու ողջամիտ որևէ պատասխան արտաբերել:
 
Իսկ գնդապետ Սարգսյանի խոսքն արդեն քառորդ դար շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հիմնահարցի հանիրավի ձգձգման, Եվրոպական կառույցների կողմից մեր ժողովրդի ցավոտ հարցերի հանդեպ ցուցաբերվող քար անտարբերության, ակնհայտ ադրբեջանամետության, ծախվածության, կոռուպցիայի, կաշառակերության և բազմաթիվ այլ ոչ ողջամիտ ու փուչ քայլերի մասին էր:
 
- Եվրոպական միջազգային կառույցները՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն և այլն, տարեկան միլիարդավոր դոլարներ են շրջանառում աշխարհում՝ ժողովրդավարությունը տարածելու, Եվրոպական արժեքները խորացնելու, կոնֆլիկները խաղաղ կարգավորելու, և, մասնավորապես, նաև փախստականների հիմնահարցը մեղմելու համար,- իր ելույթում նշեց Գրիշա Սարգսյանն ու կրկին դիմեց Եվրամիության ներկայացուցչին.
 
- Եթե  Դուք նշում եք, որ փախստականների պրոբլեմը աղետալի վիճակում է, ապա ո՞ւր են կորչում այդ միլիարդավոր դոլարները: Եթե Դուք չգիտեք պատասխանը, ապա ես գիտեմ, թե ովքեր են լափել գումարները և այսօր այդ մասին տեղյակ են նաև Եվրոպական մի շարք կառույցների աշխատաոճից հիասթափված շատ շատերը: Այդ միլիարդավոր դոլարները հայտնվել են ադրբեջանական խավիարի և նավթի տեսքից կուրացածների գրպաններում, և ամենասոսկալին այն է, որ ժողովրդավարության տաճար հանդիսացող ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների մեծ մասն ի զորու է կուրանալ նավթի հոտից և խավիարի համից, դավաճանել սեփական սկզբունքները՝ ի պաշտպանություն իրենց երբեմնի անփառունակ ղեկավար Պեդրո Ագրամունդի: Բարեբախտաբար, Ագրամունդի և նրա հետ գործարքների մեջ մտած համախոհների հարցը առաջիկայում կքննի Եվրոպական դատարանը և խիստ ու արդարացի վճիռ կկայացնի: Իսկ քանի քանի այդպիսի կոռուպցիոն սկանդալներ մինչ օրս չեն բացահայտվել և խոչընդոտում են Եվրոպական արժեքները բազմաթիվ երկրներում տարածելուն, մասնավորապես, իմ հայրենիքում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը…
 
Գրիշա Սարգսյանի ելույթը անընդմեջ ուղեկցվում էր բանավեճին հետևող դահլիճի ակնհայտ համակրանքով և բուռն ծափահարություններով:
 
Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր ինչ որ հիմնավորումներ և արդարացումներ բերել, բայց այդպես էլ չկարողացավ որևէ խելամիտ փաստակ առաջադրել, ինչին վերստին բուռն արձագանքեց դահլիճը՝ հօգուտ Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարի:
 
Իսկ Եվրամիության ներկայացուցիչ, դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովի «զորեղ» հակափաստարկը Գրիշա Սարգսյանի բազմաթիվ հիմնավորումներին և զորեղ ապացույցներին այն էր, որ Եվրամիությունը սեփական զորք չունի, զինված ուժեր չունի, որպեսզի վերացնի հայ-ադրբեջանական հակամարտությունը… 
 
Գնդապետ Սարգսյանը, սակայն, մտրակը ցած դնելու մտադրություն չուներ, մանավանդ՝  իր ընդդիմախոսի անհիմն մեկնաբանությունից:
 
- Զինված ուժեր չունեք, բայց քաղաքական կամք հո ունե՞ք, որպեսզի ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և մեկընդմիշտ վերջ տրվի հակամարտությանը, ինչպես դա արվեց Կոսովոյի դեպքում, - վճռական տոնով ասաց Գրիշա Սարգսյանը:
 
- Այդ հարցում թող քաղաքական կամք ցուցաբերեն ձեր հայրենի իշխանությունները, - Սարգսյանին հակադարձեց Եվրամիության ներկայացուցիչը: - Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Հետևապես, դուք միայն ձեզ մեղադրեք, այլ ոչ թե միջազգային կառույցներին…
 
Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր էլի ինչ որ հիմնավորումներ առաջ քաշել, նոր փաստարկներ բերել, սակայն նրան այլևս չէին լսում և դահլիճի համակրանքը Գրիշա Սարգսյանի կողմն էր: Վկա՝ չընդհատվող ծափահարությունները...
 
Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆ