Քրդստանն ու Կատալոնիան ակամա ուժեղացնում են Արցախը

ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՆԶՈՐ ՉԵՆ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հանդիպումների հաշիվն արդեն մոռացել ենք: Հերթականը տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում: Թե ինչ են քննարկել երկու երկրների համանախագահները՝ հայտնի չէ: Հանդիպումից հետո միակ տեղեկատվությունը համանախագահների հայտարարությունն էր: Նրանք հուսով են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի՝ կարգավորման առանցքային հարցերում փոխզիջումների որոնման համար վստահության և քաղաքական կամքի ամրապնդմանը:
 
Հայաստանի և ԱԳ նախարարների հանդիպման մասին որոշ մանրամասներ հրապարակել են Ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ նրանց՝ «հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման համար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների հնչեցրած որոշ առաջարկներին»:
 
Թե ինչո՞ւ հանկարծ սկսեց տեղի տալ ադրբեջանական բիրտ համամառությունը՝ կարելի է ենթադրել. Արցախի հանդեպ ամերիկյան հետաքրքրությունը չէր կարող անտարբեր թողնել ռուսական կողմին: Հենց այդ խանդն էլ մղել է, որ իրենց եղբայր Ադրբեջանին «մի փոքր ետքայլի» մղեն՝ տարածաշրջանում միակ խոշոր խաղացողի դիրքերը պաշտպանելու նկրտումներով:
 
Իսկ թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ դժվար է հստակ ասել, բայց ենթադրություն կարող ենք անել: 
 
Նախ հիշենք Հայաստան-Սփյուռք համաժողովում ՀՀ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարությունը տարածքների վերադարձի մասին՝ չնայած փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հետո որոշ սրբագրումներով մեկնաբանեց Նալբանդյանի հայտարարությունը: 
 
Դրանից առաջ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հրապարակեց արցախյան կարգավորման իր տարբերակը, որտեղ ևս տարածքների վերադարձի մասին խոսք կար:
 
Միջնորդ կողմերի հնչեցրած երեք առաջարկներն են՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Իսկ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում քննարկվեց սահմանում հետաքննական մեխանիզմների կիրառումը, որը մինչ օրս համառորեն մերժում է Բաքուն: Մերժում է, քանի որ լավ գիտի՝ այդ մեխանիզմները վերջնապես ջրի երես կհանեն հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները սուլթանատի կողմից: Եթե, իհարկե՝ խավիարով, թանկարժեք նվերներով չկաշառեն խախտումն արձանագրող  կողմին, ու արձանագրողները նույնպես «կիսակույր ու կիսախուլ» չդառնան: 
 
Բայց եթե իրոք հավաստի է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, թե Մամեդյարովն Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների հնչեցրած որոշ առաջարկներին՝ ուրեմն Մինսկի խումբն ու խոշոր խաղացողները ունեն լծակներ՝ կոտրելու Բաքվի կամակորությունը և նպաստելու հակամարտության կարգավորմանը: Մնում է միայն, որ այդուհետ էլ ռուս-ադրբեջանական տանդեմը միակողմանիության փակուղի չտանի Արցախը:
 
Մինսկի խմբի երեք դրույթներից առաջինը՝ ազգերի ինքնորոշումը, բացառվում է, իսկ ահա վերջին երկուսը հնարավոր են: Բանն այն է, որ Քրդստանի անկախության հանրաքվեի, Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատվելու գործընթացը Արցախի անկախության ճանաչման անվիճարկելիությունն ավելի է ամրապնդում: Հետևաբար, թեկուզ  ձևականորեն՝ Բաքուն ժամանակավորապես խաղաղարար խաշնարածի դեր կխաղա, կհամաձայնի բանակցություններին, թեկուզ դրանք ոչինչ չտան: 
 
Սրան զուգահեռ աստիճանաբար շարունակվում է Արցախի անկախությունն ու ճանաչման գործընթացը: ԱՄՆ-ի կոնգրեսականները սկսել են ավելի հաճախ խոսել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ու նույնիսկ իրենց համակրանքն են արտահայտել՝ Արցախ գալով: 
 
Սա մեր տարածաշրջանում  գլխավոր խաղացողին՝ Ռուսաստանին չէր կարող դուր գալ: Հայտնի է, որ դեռ մեր անկախության արշալույսին Կրեմլը արցախյան խնդրի կարգավորման այլ սցենար է առաջարկում՝ ինքնավարություն Ռուսաստանի կազմում: Արկադի Վոլսկու այս տարբերակը դեռ 1990-ականներին էր քննարկվում, ինչը, սակայն, չէր կարող ընդունելի լինել  Արցախի համար: Անընդունելի է նաև հիմա, որի մասին բազմիցս հայտարարել է նաև Արցախի իշխանությունը:
 
Լուծման միակ տարբերակը Արցախի անկախությունը ճանաչելն է՝ հատկապես ապրիլյան պատերազմից  հետո, երբ միջազգային հանրությունը համոզվեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել: