Նախընտրական պայքարը եռման կետին է մոտենում

ՀՈՒՅՍԸ ՄԵՌՆՈՂԻ ՀԵՏ Է ՄԵՌՆՈՒՄ

.  ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովը պատմության գիրկն անցավ՝ այդպես էլ չկարողանալով իրականացնել իր վերջին քառօրյան, որովհետև քվորում չի ապահովվել: Կարճ ասած՝ պատգամավորները նիստերի դահլիճ չեն բարեհաճել: Նրանց մեծ մասը, թերևս, զբաղված է վեցերորդ անգամ գումարվելիք խորհրդարանում տեղ գրավելու հոգսերով, դե, իսկ հինգերորդն  անցած հինգտարիներին էլ ոմանց համար հետաքրքրություն չի ներկայացրել: 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 23-ի արտահերթ նիստում որոշում է կայացրել, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կսկսվի մարտի 24-ի առավորտյան՝ ժամը 8:00-ին և կավարտվի մարտի 26-ին երեկոյան՝ ժամը 20:00-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային մեթոդով քվեարկությանը մասնակցելու է 877 ընտրող: Նրանք ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներն են, նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, զինծառայողներ, արտասահմանում երկարատև ուսումնական գործուղման մեջ գտնվողներ: Ընտրական քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակը տեղակայվելու է ԿԸՀ կայքում։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ամփոփվելու են ապրիլին՝ ՀՀ-ում քվեարկության ավարտից անմիջապես հետո։
 
Այսպիսով կարելի է ասել՝ խորհրդարանական ընտրություններն արդեն մեկնարկել են: Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական 9 ուժերը՝ կուսակցություններ և դաշինքներ, շարունակում են բուռն քարոզարշավը, իրենց ներկայացուցիչներին ուղարկում գյուղ ու քաղաք, շրջում թաղամասերում, մտնում բոլորի տները և համոզում հենց իրենց ընտրել: Ցավոք՝ մի քանի ձայն հավաքելու համար ոչ մի միջոցի առջև կանգ չեն առնում: Խոստումներ են տալիս, համոզում... Մարդկային կարճ հիշողության կամ պարզապես բթամտության վրա հույսները դրած՝ խոստանում են բաներ, որոնք հենց իրենց պատճառով են ՀՀ-ում ձախողվել, հռետորական հնարքներ են գործադրում՝ ազդելու իրենց զավակների և երկրի համար մտահոգ ընտրողների գիտակցության վրա: Եվ անպայման համոզմունք են հայտնում, թե ընտրազանգվածի ձայների մեծամասնությունը հենց իրենց ուժի կողմն է:  
 
Նախընտրական քարոզարշավի ժամանակաընթացքում տեղի ունեցած ամենտարբեր անպատվաբեր միջադեպերը, Արթուր Սարգսյանի մահը, Սամվել Բաբայանի ձերբակալությունը, տարբեր գործիչների հրապարակային ելույթները, այս կարգի այլ հանգամանքներ արդեն հասցրել են ամենապայթյունավտանգ գոտում գտնվող Հայաստանում վտանգավոր կրքեր բորբոքել: Քվեարկությանը դեռևս մեկ շաբաթից ավելի ժամանակ կա, իսկ այսպիսի միտումները գնալով թափ են առնում:  Թե ինչ է կատարվում  մեր երկրի  շուրջը, դրսի աշխարհում մեր դեմ ինչ դավեր են նյութվում,  կարծես թե ոչ մեկը չի ցանկանում նկատել: Մնում է միայն հույսեր փայփայել, որ անցած ապրիլի 2-ին ընդդեմ ոսոխի և վասն հայրենյաց միակամված Հայաստանն այս ապրիլի 2-ին նույնքան միահամուռ կպաշտպանի մեր միասնությունը, և  9-ապատիկ շահերի բաժանված ուժերը առաջին հերթին ամբողջ հայության նպատակներին ծառայելը կհամարեն իրենց գլխավոր գործը: Ու դա կանեն ոչ թե սեփական ուժերը գերագնահատելով, այլ իրականության հետ հաշվի նստելով…
 
Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Երազել հո կարելի՞ է: