2018-ի գարունը՝ «առանց այդ սին արձանագրությունների»

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՄԱԿ ԱՄԲԻՈՆԻՑ

 
ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի 72րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հանդես է եկել ելույթով, ուր հստակ շեշտադրումներով անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և ռազմական ոտնձգություններին:
 
Ի դեպ, վաղը՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսված է Ադրբեջանի նախագահի ելույթը: Եվ քաղաքագիտական հմտություններ պետք չեն՝ համոզմունքով կանխատեսելու, որ նա ևս անդրադառնալու է  Ղարաբաղյան խնդրին՝ հակամարտության լուծումը համարելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը:
 
- Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք՝ Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելուհամար:
 
Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ 
պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է:
 
Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից: Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության 
իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի 
իրավունքի մասին է: Խոսքս  կյանքի իրավունքի մասին է, 
հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, 
սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին 
է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և  
բազմաթիվ այլ իրավունքների մասին է,- ասել է Ս. Սարգսյանը և ընդգծել՝
 
- Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:
 
Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդուիրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
 
ՀՀ նախագահը միաժամանակ վերջնաժամկետ է տվել Անկարային՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:
 
- Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:
 
Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
 
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:
 
Ապագայի լավ հույսեր ներշնչող արդյունքներին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրին.
 
- Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին,- իր ելույթի վերջում ասել է նա: