Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ պատվեր արտաքին աշխարհից

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱ՞ՆՔՆ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Եթե բանակցություններում  երկու երկրների՝ միմյանց վստահելու տարրական հարցը լուծված չէ, ինչո՞ւ էր  Էդվարդ Նալբանդյանն այնպիսի պատասխան տալիս հնչեցված հարցին, որ փոթորկելու էր հայ հանրությանը և արձագանքվելու էր ռուսաստանյան մամուլում: Որպես հմուտ դիվանագետ՝ նա  կարող էր հարցին բոլորովին այլ պատասխան տալ:
 
Տպավորությունն այնպիսին է, որ  պարբերաբար Նալբանդյանի նման պաշտոնյաների միջոցով  հայ հանրության  ռեակցիան է ստուգվում: Ու քանի դեռ  հողերի հանձնման թեման այսպիսի բուռն  արձագանքի է արժանանում ոչ միայն հանրության, այլև Արցախի իշխանության կողմից՝ որևէ մեկը չի կարող առանց այս ամենը հաշվի առնելու մի միլիմետր հող վերադարձնել:
 
Արդեն մի քանի օր է՝ իշխանական շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստան-Սփյուռք համաժողովը դրական ֆոնով ներկայացնել՝ ստվերում թողնելով Հայաստանի և Սփյուռքի միջև տարաձայնությունները:
 
Ու մի պահ թվում էր, թե ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի, բայց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը սառը ցնցուղի նման խառնեց բոլոր խաղաթղթերը: Հարցուպատասխանի ժամանակ մի կին հարցրեց Արցախյան խնդրի կարգավորման բաղադրիչ հանդիսացող տարածքների չարաբաստիկ վերադարձի մասին: Ի պատասխան՝ Նալբանդյանն ասաց.
 
- Խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել:
 
Կրքերը բորբոքվեցին, և հանրային կոշտ արձագանքը չուշացավ՝ ոչ մի թիզ հողի համոզմունքը ևս մեկ անգամ  շեշտվեց:
 
Պաշտոնական Ստեփանակերտն էլ անպատասխան չթողեց ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը: 
 
- Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը: Եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսայիին Արցախի հարցեր կան ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի: Որևէ մեկը միակողմանի քայլեր չի անելու երբևիցե,- հայտարարել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: 
 
Ստեփանակերտն, այսպիսով, թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին հստակ ասում է, որ միակողմանի քայլեր, զիջումներ  չեն լինելու: Անցյալին վերադարձ չկա:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ շտապեցին հանդարտեցնել բորբոքված կրքերը, բայց այստեղ էլ հետաքրքրիր երանգներ ի հայտ եկան: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրինակ, ողջունել է, հանրության այսպիսի արձագանքը, ապա ավելացրել. 
 
- Այսօրվա օրակարգը փաստաթղթի դետալների քննարկումը չէ, այսօրվա օրակարգը բանակցային միջավայրի վերականգնումն է, անվտանգության երաշխիքների ապահովումն է, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է, որից հետո կարելի է խոսել փաստաթղթի նախագծի մասին:
 
Զուգադիպություն է, թե ոչ, բայց Նալբանդյանի այս հայտարարությունն անմիջապես  հիշեցրեց մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած փաստաթուղթն Արցախի խնդրի մասին:
Լեռնային Ղարաբաղի հարակից գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա վերոնշյալ փաստաթղթի կետերից մեկն է, որը հայկական իշխանությունն արտառոց չհամարեց. Այնպես՝ ինչպես Նալբանդյանի  երեկվա հայտարարությունը: Ուշագրավ է, որ ռուսական մամուլը, ոգևորված այս հայտարարությունից և վկայակոչելով Արցախի իշխանության իրենց կասկածելի աղբյուրները, գրում է, թե Նալբանդյանը  նկատի է ունեցել Աղդամը՝ որպես հետ վերադարձվող տարածք: Սրանից կարելի է ենթադրել, որ կառավարության անդամի սկանդալային  պատասխանը գուցեև Ռուսաստանի սրտով էր:   
 
Հասկանալով, որ Նալբանդյանի լեզվի սայթաքումն կարող է չներվել հանրության կողմից, արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցը ստիպված եղավ ավելի ուշ հանգստացնել բորբոքված կրքերը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով սկզբում հրաժարվում էր մեկնաբանել Նալբանդյանի խոսքերը, հետո  լղոզված մի մեկնաբանություն  տվեց.
 
- Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: ... եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝ ըստ էության, այն, ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը: Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս: Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչո՞ւ է դա այդպիսի իրարանցում առաջացրել, չեմ հասկանում: Ավելին, միշտ հիշենք, որ խոսքը վերաբերում է փաթեթեին: ...Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը:
 
Ի՞նչ ասել է՝ «որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը». ո՞վ կարող է դա երաշխավորել: Համանախագահները շատ բան կարող են ասել, հետո աչք ու ականջ փակել իրականության վրա:
 
Այսպիսով, ԱԳ փոխնախարարը հաստատում է, որ այս պահին հիմնական խնդիրը կողմերի միջև վստահության բարձրացումն է, որից հետո կարելի է քննարկել խնդրի լուծման տարբերակներ: