Հայաստանի հակաթույնը ռուսական «սապոգին»

ՄՈՍԿՎԱՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

Որքան մոտենում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման օրը, այնքան ակտիվանում են ռուսական իշխանության «արբանյակները»: Թեև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեմ բարձրաձայն ոչինչ ասել, բայց կարծես թե Մոսկվան անհանգիստ է:
 
Հայկական կողմի հավաստիացումները, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ԵՄ ասոցացման համաձայնագրից չեն տուժի, հավանաբար, հավաստի չեն Կրեմլի համար: «Москва слезам не верит»,- սիրում են ասել ռուսները:
 
Դարն ապրած ու անցյալում մնացած Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն ամբարտավան հայտարարություն է արել.
 
- Ռուսաստանից ազդեցության գոտուց բոլոր դուրս եկողների մոտ վատ իրավիճակ է ստեղծվում: Ամերիկյան դուդուկի տակ պարող մարդիկ Ռուսաստանին չեն ծառայում: Հայաստանի այդ ուժերին չի կարելի ազատություն տալ: Մենք դա թույլ չենք տա: 
 
Ռուս չինովնիկը կարծես անցյալ դարում է մնացել և դեռ փորձում է ցուցամատով ու սպառնալիքներով կոմունիզմ կառուցել՝ մոռանալով, որ Հայաստանն ինքիշխան պետություն է: Հետևաբար՝ թե ով երբ և ինչ երաժշության տակ կկամենա պարել՝ բացառապես պարողի, այս պարագայում՝ մեր երկրի ներքին գործն է: Իսկ Զյուգանովի  այսպիսի արհամարհական հայտարարությունը պարզապես քաղաքական տգիտության և հարգանքի բացակայություն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հանդեպ: 
 
Ռուս գործիչների այս ցնցումները, սակայն, պատահական չեն: Ապրիլյան պատերազմից հետո նրանք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում Մոսկվայի «թեթև» ձեռքով կաթիլ-կաթիլ ավելանում են հակառուսական տրամադրությունները: Իսկ կաթիլը քար է ծակում, և Ռուսաստանում դեռ չեն գիտակցում կամ, հենց գիտակցելով՝ անհանգստանում են, որ քարի ծակվելու դեպքում դեռ այլընտրանք չգտած՝ իրենք կկորցնեն հավատարիմ դաշնակից Հայաստանը: Պատահական չէ, որ անգամ երևանյան փողոցների անվանափոխության հարցն է հուզում Կրեմլի անդամներին:
 
Բայց, բարեբախտաբար, ամեն թույն իր հակաթույնն ունի: Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանը, պատասխանելով նախկին վարչապետ Արամ Սարգսյանի՝ «երրորդ երկրներից» գազ գնելու հնարավորության մասին հարցին, հայտարարել է.
 
- ... Մենք բաց ենք կամայական առաջարկին կամայական կառույցի կողմից, որը կարող է ասել՝ Հայաստանի սահման ես կարող եմ գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան: Եվ այդ պարագայում որևէ խոչըընդոտ չի լինի այդ կառույցի հետ պայմանագիր կնքելու համար՝ անկախ ծագման երկրից:
 
Կառավարության ղեկավարի այս հայտարարությունը երկու կերպ կարելի է մեկնաբանել. միամտեցնել այդ թեմայով մտահոգ հանրությանը, կամ գործնական ակնարկ հղել Մոսկվային: 
 
Առաջին տարբերակի պարագայում՝ Կարեն Կարապետյանը, իհարկե՛ չի մոռացել Իրանի դեսպանի ակնարկը գազի գնի մասին: Դեսպանը դեռևս 4 տարի առաջ ասել է՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր կողմից վաճառվող գազի գինը: Գուցե մի երկիր ինչ-որ մի երկրի հազար խորանարդ մետրը վաճառի 400 դոլարով, մեկ այլ երկրի ցանկանա վաճառել 100 դոլարով: 
 
Բնականաբար, այս ակնարկ-առաջարկն իշխանությունը չլսելու տվեց՝ հավանաբար իրեն մեր դաշնակիցը հորջորջող Ռուսաստանից գնորդ չպակասեցնելու համար: 
 
Ինչ վերաբերում է երրորդ երկրից էներգակիրներ ներկրելու  մասին գործադիրի ղեկավարի  հավաստիացումներին, ապա դա կարելի է նաև այսպես մեկնաբանել՝ իր նշանակվելով՝ նոր կառավարությունը ի վիճակի է և փորձում է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել:  
 
Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի շուրջ կատարվող արտաքին քաղաքական գործընթացները, ապա գործադիր մարմնի ղեկավարի հայտարարությունը կարելի է համարել  մեսիջ Կրեմլին ու նրա ճնշումներին, ինչը նույնիսկ ողջունելի է: 
 
«Սպիտակ արջի» հակաթույնը, կարծում ենք, սրանով չի ավարտվում: Հայաստան-ԵՄ համաձայնագրին զուգահեռ՝ «Ելք» դաշինքը ԵՏՄ-ից դուրս գալու  նախաձեռնություն է  առաջ քաշել: Եթե հավատանք, թե «Ելք»-ը որոշ նախաձեռնություններ համաձայնեցնում է իշխանությունների հետ վարկածին, ապա կարող ենք ենթադրել, որ իշխանությունը Մոսկվային խոհեմաբար հասկացնում է՝ եթե ռուսական «սապոգը» շարունակի ի ցույց դնել իր բիրտ ուժը հայոց լեռներում, ապա իշխանության կգան «Ելք»-ի նման արևմտամետ  ուժեր: 
 
Հ.Գ. Այսօր տեղի է ունեցել Կարեն Կարապետյան-Մեդվեդև հեռախոսազրույցը: Իհարկե, հազիվ թե կառավարության ղեկավարը Մոսկվայի վարչապետի տարեդարձը շնորհավորելուց բացի, մեկ այլ երկրից գազ գնելու հարց քննարկեր: Բայց եթե հաշվի առնենք, որ ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագրի շնորհիվ ներդրումների հոսք կգա Հայաստան՝ ամենայն հավանականությամբ էներգետիկայի ոլորտում ևս նոր խաղացողներ կհայտնվեն: Չմոռանանք, թեկուզ, այլընտրանքային էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի դեսպանի 8 մլրդ դոլար հնարավոր ներդրումների մասին  հայտարարությունը: