Ա՛խ Լապշին, Լապշի՛ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՞ ԿԱՐՈՂ, ԹԵ՞ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ

Շատերի համար գուցեև անակնկալ էր Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռաքաղաքացի Լապշինին ներում շնորհելը, սակայն դա ադրբեջանական քսու դիվանագիտության պարզունակ հնարանքներից էր:
 
Զարմանքն իրենց կյանքի ուղեկից ընտրած հանրությունն այս առիթով զարմանք ապրեց, երբ Մինսկում ձերբակալեցին և ապա Ադրբեջանին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Օրերս էլ մարդիկ սկսել են տարակուսել բլոգերի՝ Ալիևին ուղղված երախտագիտական նամակից, որը տարածել էր ադրբեջանական haqqin.az-ը՝
 
- Այսօր ես տեղեկացա, որ Դուք ստորագրել եք իմ ներման դիմումը: Ես անսահման շնորհակալ եմ Ձեզ: Հիմա ես ստացա ապացույցներն այն բանի, որ Ադրբեջանն է Ղարաբաղի իրական տերը: Ես հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի հօգուտ Ադրբեջանի... Եվս մեկ անգամ անկեղծ զղջում եմ իմ անպատասխանատու արարքի համար։ Ձեզ շատ շնորհակալություն ըմբռնման և ողորմածության համար, որը դուք դրսևորեցիք իմ գործի նկատմամբ։ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ադրբեջանի ժողովրդին մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, բարգավաճում և բռնազավթված տարածքների շուտափույթ ազատագրում:
 
Եթե քաղաքական նկատառումներով և ազդեցիկ ճնշումների ներքո սեփական սխալն ուղղելը համարենք բարի կամքի դրսևորում՝ կարելի նաև ըմբռնումով կարդալ նամակի շնորհակալան տողերը: Իսկ մնացյալը՝ զղջում և «բռնազավթված տարածքների շուտափույթ ազատագրում» մաղթանքը լավագույն դեպքում կարող էր հատուկ ներարկված թմրադեղերի ազդեցութհամբ կորզված գրություն լինել: 
 
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր շատ ավելի տրամաբանական կարծիք է արտահայտել: Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Ալիևին ուղղված նամակի հեղինակը ոչ թե Լապշինն է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
 
- Նման նամակներ Ադրբեջանի նախագահականում հազարներով են գրվում՝ տարբեր մարդկանց անուններով։ Այս տեքստը կարելի է ստորագրել տալ ցանկացած մարդու, ով կընկնի Ադրբեջանի բարբարոսական ձեռքը։ Տանջանքների ենթարկված ցանկացած մարդ կարող է ստորագրել,- ասել է Դ. Բաբայանն ու հավելել՝
 
- Այդ՝ այսպես կոչված նամակներն ու ստորագրությունները վկայում են Ադրբեջանում տիրող ոչ նորմալ վիճակը։ Մարդուն բռնել, տանջանքների ենթարկել, այնքան, որ ցանկանա ինքնասպան լինել, և հետո ստորագրել ինչ-որ նամակ, որում ասում է, թե Ղարաբաղն Ադրբեջանի հողն է:
Դավիթ Բաբայանը նաև համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է այս դեպքից հետո Ադրբեջանի նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկի, մինչդեռ այս պահին միայն անտարբերություն է դրսևորում։
 
Դժբախտաբար՝ միջազգային հանրությունը, երևում է՝ շատ է հավանել անտարբերություն կոչվող դիմակը և չի ուզում իր դեմքից հեռացնել այն: