Հերթական տապալումը

Հ. ԱԼՈՒՄՅԱՆԸ՝ ԱԿԱՄԱ ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐ

Փաստաբան Հայկ Ալումյանը ևս այսօր ակամա գործադուլավոր է դարձել՝ դատարանի ցանկությամբ:
 
Հիմա արդեն ավելի հետաքրքիր է դառնում ալումյանական պայքարի ընթացքը. նա դեմ է և՛ գործադուլին, և՛ խուզարկվելուն: Իսկ երրորդ՝ միջին տարբերակ, կարծես թե չկա:
 
Փաստաբանները շատ ավելի վաղ տեղեկացրել էին սեպտեմբերին ծրագրած իրենց գործադուլի մասին:
 
Եվ այսօր արդեն 182 փաստաբաններ գործադուլ են սկսել՝ իրենց բողոքն արտահայտելով դատարաններում և քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ: Արդյունքում՝  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տապալվեց «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական արտգնա դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:
 
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ 15 փաստաբաններ չեն ներկայացել նիստին, և դատական նիստը չի կարող կայանալ: Ի դեպ՝ նիստերի դահլիճում էին միայն երեք հանրային պաշտպաններ:
 
Ընթերցելով փաստաբան Երվանդ Վարոսյանի հայտարարությունը (որը նաև նրա գործընկերների  անունից էր), դատավորը նկատեց.
 
- Դատական նիստին փաստաբանների չներկայանալը դատարանը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել: Հետևաբար հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա նրանց վարքագծին:
 
Թե ի՞նչ ձևաչափով կանդրադառնա՝ նա, իհարկե, չմանրամասնեց, բայց փաստաբաները կարծես թե չեն խախտում օրենքը՝ ընդվզումի ա՛յս ձևն ընտրելով:
 
Հետաքրքրական է, որ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացել էր դատարան, բայց նրա մուտքն արգելել էին, քանի որ հրաժարվել էր բացել պայուսակը՝ դատական կարգադրիչների զննության համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հ. Ալումյանը նշել է, որ դեմ է խուզարկություններին, բայց չի կիսում գործընկերների պայքարի տարբերակը, ուստի և չի միացել գործադուլին։
 
Փաստորեն նա ևս ակամա գործադուլավոր դարձավ՝ դատարանի ցանկությամբ: Հիմա արդեն ավելի հետաքրքիր է դառնում ալումյանական պայքարի ընթացքը. նա դեմ է և՛ գործադուլին, և՛ խուզարկվելուն: Իսկ երրորդ՝ միջին տարբերակ կարծես թե չկա: