Գաղջն ու ցինիզմը լցրել են համբերության բաժակը

«ԾԻ՛Տ, ԼՍԻ՛», ԴՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱ՞Մ ԵՍ

Նախախնամության հեգնանքով էր, երևի, բայց այսօր Հայաստանի մայրաքաղաքում և հայրաքաղաքում միաժամանակ տեղի ունեցան ավագանու նիստեր: Հերթական անգամ  արձանագրեցինք տրեխակիր մտածողության ու գավառամտության դրսևորումներ, ժողովրդի հոգսերը հետին պլան մղած անթաքույց ցինիզմ:
 
Երևանի քաղաքապետարանում հանգրվանած և իրեն հույժ կարևոր դեմք համարող ոմն Ծիտ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի  ժպիտով քաջալերված՝ փողոցային ու խուլիգանական մակարդակով էր հաղորդակցվում ավագանու մեկ անդամի՝ փորձված գործիչ, բազմավաստակ մանկավարժ, ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ:
 
Իհարկե, ընդդիմադիր խմբակցության պատասխանը չուշացավ: Ալեն Սիմոնյանը Ծտին վայել ոճով  հակադարձեց, ապա, դիմելով Տարոն Մարգարյանին՝ պահանջեց հարգալից վերաբերմունք ապահովել ավագանու անդամների հանդեպ:  Հարկ է նշել, սակայն, որ միայն սեռային պատկանելությունն ու տարիքը չպետք է լինեն հարգանքով խոսելու պատճառ ու պահանջ: Կոռեկտությունն ու էթիկայի կանոնների պահպանումը պարտադիր են՝ նույնիսկ պատահաբար կամ հովանավորչությամբ այս ատյան սպրդած ամեն մեկի համար: 
 
Բայց արի ու տես, որ իշխող կուսակցության հեղինակությունը սասանող՝ արտաքուստ կրթվածների շարքում թաքնված տարատեսակ «ծտեր» կան, ովքեր ոչ միայն անհաշտ են կոռեկտության հետ, այլև օրենքի պահանջներն են շրջանցում՝ անտեսելով, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, այն էլ՝ ո՛չ ժարգոնային կամ կիսաժարգոնային: Օրինակ, Լևոն Իգիթյանի խոսքը՝ ռուսերենով համեմված իր բարոյախրատականությամբ՝«տոժե մնե, ձենդ կտրի»:  ՀԷԿ-երի տիրուհի Նաիրա Նահապետյանն էլ որոշեց  ընդդիմադիր խմբակցության կանանց հախից գալ. շշպռեց նրանց ու հիմար որակելով:
 
Ու մինչ  Երևանի քաղաքապետարանում շարունակում էին քարկոծել զմիմյանս՝ քաղաքապետի ժպտերես հավանությամբ, Գյումրիում քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր տրամադրությամբ քննարկում էր  քաղաքին առնչվող  21 հարց: Դե, ուրախանալու առիթը  ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի դադարեցումն էր: Մի քանի ամիս նիստերին  չմասնակցեցին ու դա կոչեցին սկզբունքայնություն, հետո Քաջ Նազարի նման «քարվան կտրելուց»՝ ՄԻԵԴ դիմելուց խոսեցին, ու վերջը սուսիկ-փուսիկ մասնակցեցին նիստերին: 
 
Օրակարգի 21 հարցերից մեկը վերաբերում էր Գյումրու օրվա տոնակատարության ու ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման համար քաղաքի բյուջեից 8 միլիոն դրամ գումար ծախսելուն։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Բադեյանն առաջարկեց 8 միլիոն դրամով երկու բնակարան գնել անօթևան երկու ընտանիքների համար։  Դա իսկական տոն կլինի բնակիչների համար: 
 
ԳԱԼԱ խմբակցության ղեկավարն էլ պահանջեց մանրամասն ներկայացնել, թե ինչի վրա է ծախսվելու այդ 8 միլիոնը:  Տեղին է նրա թերահավատությունը՝ նման միջոցառումները սովորաբարա փողալվացքի աղբյուրներից  են: Թղթի վրա «իքս» գումար է հատկացվում ինչ-որ միջոցառման կազմակերպման համար, բայց հատկացվածից քիչ գումարով ծանոթ-բարեկամի միջոցով կազմակերպում է այն, սակայն դա չի օգնում՝ բյուջեի որևէ ճեղք կարկատել:
 
Երկրորդ տարբերակը այդ գումարը ծանոթ-բարեկամների հետ մեջ-մեջ անելն է: Արի ու տես, որ ծանոթ-բարեկամ արտահայտությունը անհանգստացրեց  իր ճակատի գրությունը մի քանի անգամ փոխած քաղաքապետին: Ոչ ավել, ոչ պակաս, Սամվել Բալասանյանն ասել է.
 
- Ասենք քո խնամին երգիչ է, ի՞նչ վատ կլինի՝ գա, 1-2 անգամ երգի, ուրախացնի մեզ, փողն էլ  հո կտան:
 
Մնում է պարզել, թե ովքեր են այդ ուրախացողները: Երևի, թե  սովածի ցավը չիմացող ու կյանքը վարդագույն ակնոցով նայող  չինովնիկները: Կամ մի՞թե սիրելի քաղաքի տոնի համար այդ խնամի-ծանոթները այնպայման պիտի փողով երգեն: Մի՞թե տոնի արժեքը գիտակցող արվեստագետը չի կարող մեկ-երկու երգ կամ նվագ անվճար նվիրել իր հայրենակիցներին: Տոն է, չէ՞. այն էլ՝ համաժողովրդական, համազգային, և խոսքը մեր ճեղքված բյուջեն խնայելու մասին է:
 
Չէ՜, իրոք ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ. գաղջն ու ցինիզմն արդեն անտանելի են: