Ադրբեջանահաչ՝ եվրոպական ատյանում

- Ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց փակված է: Դա ադրբեջանական հերթական սադրանքն է, այդ երկրի կողմից հերթական տեղեկատվական ահաբեկչությունը, -«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդաժողովում Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատելու մասին ներկայացված ադրբեջանական պահանջներին:
 
- Անհնար է ազատ արձակել դատապարտվածների, ովքեր մարդ են սպանել, ապօրինի կերպով սահման հատել, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ինչպե՞ս կարելի է խոսել նման խնդրի մասին. դա նույնը կլինի, ինչպես, օրինակ, իսլամական գրոհայինների պարագլուխների ազատման մասին հարց բարձրացնելը: Եվ ցավալի է, երբ չի արգելվում կարևոր ատյաններում նման հարցերի  քննարկումը, քանի որ դրանք առաջին հերթին ազդում են հենց այդ ատյանների հեղինակությանը,-մանրամասնել է Դ. Բաբայանը և հավելել, որ Արցախի համար ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց արդեն փակված է:
 
Արցախի նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ ադրբեջանցի 2 ահաբեկիչների դատավարությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում՝ բաց և թափանցիկ, միջազգային դիտորդների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների մասնակցությամբ. դատարանում ապացուցվել է նրանց մեղսունակությունը:
 
- Չի բացառվում, որ Ադրբեջանը նրանց արդարացնելու համար դիմի նաև այլ քայլերի. դա ևս ալիևյան ռեժիմի կողմից սեփական ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մի ձև է: Մենք պատրաստ ենք հակահարված տալու նրանց կողմից կազմակերպվող նմանատիպ սադրանքների: Իսկ եվրոպական կառույցները նման խնդրին պետք է շատ լուրջ մոտենան,-ասել  է  Դ. Բաբայանը:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Վարշավայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով խորհրդաժողովին ադրբեջանական պատվիրակության գլխավոր խնդիրը «գերության» մեջ գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է: Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնել նաև Դիլհամ Ասկերովի որդին՝ Քուրդօղլու Ասկերովը, ով ևս հանդես կգա ելույթներով: