Նուրբ դիրք՝ Բրյուսելի և Մոսկվայի արանքում

«Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննության կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ի պաշտպանություն Ալիևների և Ադրբեջանն անվանել է «Ռուսաստանի դաշնակից»: 
 
- Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Կարծում եմ` խոսքը մի քանի ուղղություններով տեղեկատվական ուժեղ ճնշման մասին է: Դա իրականացվում է մեծ քանակությամբ կեղծ նորությունների հրապարակման միջոցով: Մենք փորձում ենք մշտապես արձագանքել դրանց,- ասել է Զախարովան:
 
Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ  են փոխանցում:
 
Խավիարային դիվանագիտության ծալքերի բացահայտման դրսևորումները, ամբողջացման կարգով արձանագրել են Փարիզում պաշտոնական Բաքվի բացած դատը երկու լրագրողների դեմ, որոնք Ալիևյան իշխանությունը որակել էին բռնատիրություն. բուլղարական մամուլի կատարած բացահայտումները ադրբեջանական զինամթերքի ահաբեկչությանը տրամադրման մասին, ինչպես նաև Բուդապեշտ-Բաքու արտահանձնման գործարքային գործողությունը իրականցնելու համար միլիոնավոր դոլարների հատկացման փաստի շրջանառությունը և նորագույնը՝ ադրբեջանական «լվացքատան» գաղտնազերծումը՝ խոսում են տնտեսաահաբեկչական պետական միավորի մութ, սակայն հետզհետե լույսին եկող գործունեության մասին:
 
Ենթադրվում է, որ այս ամենին հետևող պետությունները թե՛ արտահանձնման մանրամասներից, թե՛ ահաբեկչական խմբավորումներին հայթայթված գումարներից, թե՛ նաև դրամական հսկայական գումարների լվացման մեքենականությունների մանրամասնություններից տեղեկացել էին ժամանակին:
 
Այժմ պահն է, որ այդ բոլորին լուռ հսկած կենտրոնները, հաճախ էլ այդ գործընթացները տվյալ պահին արտոնածները, այժմ գեթ տեղեկատվական մակարդակի վրա գայթակղությունների թղթածրարը ուզում են հարստացնել Բաքվի հետ երկխոսության նոր պայմաններ ստեղծելու համար:
 
Դիտարժան երևույթ է այն, որ որքան մոտենա Երևան-Բրյուսել նոր համաձայնագիր ճշտելու թվականը, և որքան շատանան այդ ուղղությամբ եվրոպական համապատասխան կառույցների ներկայացուցիչների դրական ու հեռանկարային հայտարարությունները՝ այնքան բացասական ընթացք կստանա Անկարա-Բրյուսել կամ Անկարա-ԵՄ անդամ պետություններ հարաբերությունները: Թվում է, որ Անկարայի ուղղությամբ սկսել է ընթանալ նաև Բաքվի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը. Առայժմ՝ հայտարարողական և տեղեկատվական մակարդակների վրա:
 
Այս առումով անտեսելի չէ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը: 
 
Հայտնապես նուրբ ու բարդ է իրավիճակը: Ռուսական  պահվածքը նկատի ունենալով՝ հայկական կողմը խանդավառության ալիք բարձրացնելու շատ պատճառներ չունի՝ Բաքվի նկատմամբ եվրոպական քաղաքական բեմերի վրա զարգացող հակաադրբեջանական մթնոլորտի համար: Բրյուսելի հետ նոր համաձայնություն ստորագրելու նախաշեմին գտնվող Երևանը մի կողմից պատրաստ է փոխլրացնող բազմավեկտոր արտաքին քաղաքականությունում նոր շրջափուլ թևակոխելու, մյուս կողմից՝ ռազմավարական հատուկ գործընկերոջ ցուցաբերած զգայնությունները հաշվի առնելով , ծայրահեղորեն հավասարակշռված քայլեր առնելու հարկադրանքի առաջ է գտնվում։
 
Այս բոլորի մեջ քաղաքական հաշվարկային տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան Բաքվին սիրաշահելու մոտեցումները պիտի շարունակի: Մինչ եվրոպական պետությունները, հակաադրբեջանական տրամադրությունների զարգացման դեպքում, հավանաբար հիշեն ինքնորոշման իրավունքին վերաբերող միջազգային իրավաչափությունները: