ԵԱՏՄ-ն հազիվ թե բացի ելքի դռները

ՑԱՆԿԱԼԻ Է, ԲԱՅՑ ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ

Մինչ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում ստորագրել  ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» դաշինքը ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել: Նախաձեռնությունը օրինագծի վերածվելուց առաջ այն մի լավ եփվեց ու քննարկվեց  հանրային-քաղաքական շրջանակներում:
 
Թվում էր, թե արևմտամետ քաղաքական ուժերը գոնե այս նախաձեռնության շուրջ կմիավորվեն, բայց, դժբախտաբար, խեցգետնի ու գայլաձկան պահվածքը գլուխ բարձրացրեց: Արևմտամետ «Ժառանգությունը» փոքր-ինչ նեղսրտած  հիշեցրեց՝ անցյալում «Ելքը» միայնակ է թողել «Ժառանգությանը» տարբեր հարցերում: Բայց արդյո՞ք սա սոսկ քինախնդրություն է, թե՞ նաև վճռական որևէ քայլ անելուց խուսանավում:
 
Ինչևէ, ոնց ասում են՝ «չմտնելով մատի ու մատանու արանքը», փաստենք, որ «Ելք»-ի այս նախաձեռնությանը հաջորդեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակումը: Հարցմանը մասնակցել է  900 քաղաքացի: Հարցվածների կեսից մի փոքր ավելին՝ 50.67 տոկոսը, կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար է ազդել մեր երկրի վրա:   
 
Սակայն սա նշանակո՞ւմ է, որ ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: Կարծում ենք՝ ոչ, քանի որ հազիվ թե ԵՏՄ-ն սիրահոժար բացի ելքի դռները և հեշտ ու հանգիստ Հայաստանը դուրս բերի իր կազմից: 
 
Սրանից զատ՝ ԵՏՄ-ից դուրս գալը միջազգային խաղերում խճճված Մոսկվան Հայաստանին չի ների: Սակայն թե՛ «Ելք»-ի նախաձեռնած օրինագիծը, թե՛ վերոնշյալ հարցումը նախաձեռնության ընդդիմախոսներին ու արտաքին խաղացողներին պետք է մղի վերջապես հասկանալ, որ  ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել պետք է: Կարելի է 1-2 իշխանավորի համոզել կամ ստիպել՝ ընդունելու այս կամ ծրագիրը, ձեռնարկել դրա իրականացումը, սակայն... ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Ասել է թե՝ առանց հանրության աջակցության ոչինչ անել հնարավոր չէ: Ավելին, հենց իրենց շահերն առաջ տանողներն իրենց քայլերը ներկայացնում են իբրև «հանուն ժողովրդի»:  
 
Ինչո՞ւ է հանրության մի հատվածը բացասական տրամադրված ԵՏՄ-ի հանդեպ: Պատճառը պարզից էլ պարզ է, զի ժողովուրդը շատ ավելի ազատորեն է օգտվում խոսքի ազատության իր իրավունքից. այդ վերաբերմունքը պայմանավորված է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վարած քաղաքականությամբ, Հայաստանին որպես կցորդ վերաբերվելու նրա կեցվածքից: Հիշենք վերջերս փողոցների անվանափոխության հարցը, երբ Ռուսաստանի պաշտոնյան հայտարարեց՝ Մոսկվան անարձագանք չի թողնի խորհրդային գործիչների անվանափոխության Հայաստանի թշնամական գործողությունները: Իսկ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի պահվածքը, Ադրբեջանին զենք վաճառելը որպես բիզնես համարելը բորբոքեց տրամադրություններն ու ինչպես ժողովուրդը կասեր՝ անվստահության կրակի վրա յուղ լցրեց: 
 
Չնայած եվրասիական փորձագիտական  ակումբի անդամները հավաստիացնում են, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական է ազդել մեր երկրի տնտեսության վրա, սակայն  այդ դրականը զգալի չէ ժողովրդին. նրա սոցիալ-տնտեսական կյանքում դա շոշափելի չէ: Սակայն, հանուն արդարության, հարկ է նաև նշել, որ հենց  նույն ակումբի անդամներն էին խոստովանում՝  դեռ շատ պետք է աշխատենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունից օգուտներ ստանանք: