Դպրոցից դուրս մնացած երեխաներ
ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՆՎԱԶՈՒՄ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Անցյալ տասնամյակի ընթացքում դպրոց չհաճախող երեխաների համաշխարհային ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ գրեթե զրոյական առաջընթաց է գրանցվել
6-ը սեպտեմբերի, 2017թ., Նյու Յորք
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա հայտարարության, դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: Տվյալ ցուցանիշը 2007թ. -ի դպրոց չհաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չհաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթե զրոյական նվազում է գրանցվել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ համատարած աղքատության, երկարատև հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամերի հետևանքով դպրոց չհաճախող երեխաների ցուցանիշը զգալիորեն աճել է՝ միևնույն ժամանակ կոչ անելով ներդնել խոցելի երեխաներին դպրոցից դուրս մղող պատճառների լուծմանն ուղղված խոշոր ներդրումների օգտին:
- Բնակչության աճին զուգահեռ դպրոցների և ուսուցիչների թվաքանակի ավելացմանն ուղղված ներդրումները բավարար չեն: Ներկա մոտեցումը չի նպաստի առավել խոցելի երեխաների դպրոց հաճախելուն և իրենց ողջ ներուժին հասնելուն, քանի դեռ նրանք շարունակում են ապրել աղքատության, զրկանքների և ոչ անվտանգ միջավայրում,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն:
- Կառավարությունները և համաշխարհային հանրությունը իրենց ներդրումները առաջին հերթին պետք է ուղղեն այս երեխաներին դպրոց գնալ արգելող գործոնները վերացնելուն, այդ թվում՝ դարձնելով դպրոցներն առավել անվտանգ և բարելավելով ուսուցման որակը:
Աշխարհի ամենաաղքատ երկրներում և հակամարտության գոտիներում ապրող երեխաներն առավել շատ են տուժում: Դպրոց չհաճախող 123 միլիոն երեխաների 40 տոկոսը բնակվում են պակաս զարգացած երկրներում, իսկ 20 տոկոսը՝ հակամարտության գոտիներում:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ և ՀԱԿԱԴԱՐՁԵԼ կրթության ձեռքբերումներին: Իրաքի և Սիրիայի հակամարտությունների հետևանքով ևս 3.4 միլիոն երեխա զրկվել է կրթությունից՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դպրոց չհաճախող երեխաների թիվը հավասարեցնելով 2007թ. -ի՝ դպրոց չհաճախող գրեթե 16 միլիոն երեխաների թվաքանակին:
Ենթասահարյան Աֆրիկան և Հարավային Ասիան, աղքատության բարձր մակարդակով, բնակչության արագ աճով և կրկնվող արտակարգ իրավիճակներով, կազմում են դպրոց չհաճախող համաշխարհային կրտսեր և հիմնական դպրոցական տարիքի երեխաների 75 տոկոսը:
Եթովպիան և Նիգերիան, որոնք աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում են, նախորդ տասնամյակի ընթացքում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների կրթական համակարգում ներգրավվածության առավելագույն առաջընթաց են արձանագրել՝ գրանցելով համապատասխանաբար 15 և գրեթե 19 տոկոս աճ:
ԱՆԲԱՎԱՐԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ սպառնում է հակամարտության և աղետի գոտիներում ապրող երեխաների դպրոց հաճախելուն: Միջինում համաշխարհային մարդասիրական օգնության գրեթե 2.7 տոկոսն ուղղված է կրթությանը: 2017թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12 տոկոսը: Անհրաժեշտ է անհապաղ առավել շատ միջոցներ տրամադրել համակարտությունների աճող թիվը վերացնելու, ինչպես նաև՝ երեխաներին իրենց արժանի կյանք ու հնարավորություններ ընձեռելու համար:
- Ուսուցումը ոչ միայն կարճաժամկետ օգնություն է աղետի գոտիներում ապրող երեխաների համար, այլ նաև՝ նշանակալի երկարաժամկետ ներդրում՝ ուղղված հասարակությունների զարգացմանը: Սակայն, կրթության մեջ կատարվող ներդրումները չեն համապատասխանում մեր անկայուն աշխարհի իրականությանը: Այդ իսկ պատճառով մենք պետք է անկանխատեսելի արտակարգ իրավիճակների համար հավաքագրենք կրթությանն ուղղված առավել իրատեսական ֆինանսավորում ,- նշել է Բուրնեն: