Ի պատիվ Կասպրշիկի տրված համազարկ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐ»՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Հազիվ թե որևէ մեկը մոռացած լինի, որ ամռան վերջին օրը արցախա-ադրբեջանական սահմանագոտում ԵԱՀԿ մոնիտորինգի խմբին ադրբեջանական կողմը «դիմավորել» էր կրակոցներով:
 
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հրադադարի ռեժիմի խախտումը, երևի, հենց այպես էլ ընկալել է՝ ի պատիվ իրեն տրվող համազարկ: Եվ այնքան է հուզվել, որ անզոր է եղել հասկանալ, թե ո՞ր կողմից են կրակում:
 
Իրականում նա էլ, մյուս ներկաներն էլ ու խնդրով հետաքրքրվող բոլոր բացականերն էլ լա՛վ գիտեն, թե ով է կրակողը: Կրակող կողմերն էլ շատ լա՛վ գիտեն, որ հանուն իրենց դիտորդները միշտ պատրաստ են և՛ խլանալ, և՛ կուրանալ ու համրանալ: Նաև՝ այո, անհասցեականության նժարը ծանրանում է ադրբեջանական կողմում:
 
Սա արդեն առնվազն երկու տասնամյա՝ ամեն օր կրկնվող  ճշմարտություն է, որին անդրադառնալու առիթն այս անգամ հայ պաշտոնյայի՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի բարձրաձայնումն է՝ եթե հայտարարությունն անհասցե է, դա խրախուսում է Ադրբեջանին դիմել նման քայլերին։ Եվ՝
 
- Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից, — ասել է փոխարտգործնախարարը:
 
Թեև հիմա արդեն «միջազգային խաղի կանոններ» ասվածն էլ անընկալելի է դարձել. Ավելի ստույգ՝ դարձել է խաղեր՝ առանց կանոնների: Եթե միջազգայնորեն ինչ-որ կանոններ են հռչակվել, ու գոնե հռչակողները հարգեին իրենց առաջարկ-պահանջները, ապա սովետածին Ադրբեջանն այսքան չէր սանձարձակվի, և ոչ էլ ահաբեկչությունն այսպիսի ծավալներ կընդուներ: