«Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք»․ ԿՈՄԻՏԱՍ

ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ «ՀՅՈՒՐ»

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, իրենց ուսումնառության ընթացքում,  թերևս,  ամենաինքնատիպ դասախոսությանն էին հրավիրված Հայկական բժշկական ինստիտուտի շուրջ վեց տասնյակ ուսանողներ։ Բուհական լսարանները փոխարինվել էին հայ Մեծերի վերջին հանգրվան-Պանթեոնում գտնվող Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի ցուցասրահներով։
 
Խորախորհուրդ այդ վայրի ընտրությունը պատահական չէր․ ուրիշ էլ ո՞ւր, եթե ոչ այդ սրբատանը առավել տպավորիչ կարող էր հնչել ու անմոռաց մնալ «Երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ» թեմայով դասախոսությունը․ այն էլ՝ Պանթեոնում հանգչող հայ անվանի մտավորականների շիրմաքարերին իրենց խոնարհումը մատուցելուց, Կոմիտաս Վարդապետի հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց հետո։
 
Նախաձեռնությունը Ինստիտուտի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանինն էր, որին պատրաստակամորեն արձագանքել էր բուհի ղեկավարությունը՝ հանձին ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր Մուշեղ Աստաբացյանի։ Իսկ ուսումնական գծով պրոռեկտոր Ցողիկ Հարությունյանը, բուժական ֆակուլտետի դեկան, բժշկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Յուրի Ջհանգիրյանը, Մարդու անատոմիայի ցիկլի ղեկավար Անահիտ Հարությունյանը,Հայոց լեզվի և օտար լեզուների ամբիոնի վարիչ, բան․ գիտ․ թեկ․, դոցենտ Գոհար Մկրտչյանը սիրով միացել էին Ա․ Մանուկյանին՝ ուսանողներին արտալսարանական դասին ուղեկցելով։
 
Թանգարանում նրանք մեծագույն հետաքրքրությամբ  ծանոթացան համաշխարհային հռչակ վայելող երժշտագետի, փիլիսոփայի, մանկավարժի կյանքին և գործունեությանը։
 
Արտալսարանային  դասախոսության ընթացքում սովորողները ծանոթացան երաժշտության առողջարար երույթ լինելու մասին տարբեր մասնագետների տեսակետներին։ 
 
Մարդկության և Հայոց ազգի առաոջապահական մշակույթն ապագայում պահպանելու կոչված անձանց համար բացահայտվեց համաշխարհային հռչակ վայելող  Կոմիտաս Վարդապետի «Բժշկություն՝ երաժշտությամբ» աշխատությանը։
 
Տպավորիչ էր հատկապես  Աշոտ Մանուկյանի դասախոսության՝ «Բժշկություն երաժշտությամբ» հատվածը, որը ներկայացնում ենք՝ վստահ, որ այն կհետաքրքրի նաև մեր ընթերցողին։
 
- Կոմիտասը հայ երաժշտական մշակույթի լավագույն գիտակներից էր։ Մարդասիրական երաժշտության հոգեկազդուրիչ երևույթ լինելու թեմայի հետ է առանձնակիորեն առնչվում նրա «Բժշկություն երաժշտությամբ» ուսումնասիրությունը[5], որը գրվել է 1914 թվականին, Կոնստանդնուպոլիսում։ Այդ ուսումնասիրությունում գիտնական, հոգևորական, երաժշտագետ, ազգագրագետ Կոմիտասի ուշադրության առանցքում է Էջմիածնում պահված թիվ 2359 ձեռագրի բովանդակությունը, որը պատկանում է ԺԳ դարի փիլիսոփա, երաժիշտ և բժշկության գաղտնիքներում խորամուխ եղած Հովհաննես Երզնկացու գրչին։ (Մատենադարանում պահվող այդ ձեռագրի ներկա համարն է «2329»)։
 
 Ինչպես հետազոտող Կոմիտասն է արտահայտվում, ինքը փորձ է անում լուսաբանել, թե ինչպես են հին աշխարհի իմաստունները երաժշտության միջոցով հիվանդներ բուժել։ Հովհաննես Երզնկացու ձեռագրի սկիզբը մեզ հիշեցնում է պյութագորական աշխարհայացքը երաժշտության մասին։ «Երաժշտական արուեստն չարախառնություն ունի հոգւոյ եւ մարմնոյ» զի ծագումն է առնում հոգեկան յոյզերի աշխարհում եւ մարմին՝ ձայնով, քանի որ «ձայնս նիւթ է բանականութեան, որպես հիւսնականին՝ փայտ ու դարբնութեան արուեստի նիւթն են՝ մէկինը՝ փայտ եւ միւսինը՝ երկաթ, եւ որպէս ճարտարագործ ձեռքեր այս նիւթերին զանազան ձեւ ու կերպարանք են տալի՝ պատկերացնելու համար որ լեզուն ճախարկում է ձայնը՝ բանկանութեան նիւթը եւ արձանացնում հոգու յուզումները»։ Կոմիտասը կարևորում է այն, որ ըստ հեղինակի տեսակետի, երաժշտությունը «նիւթական եւ թանձր» երևույթ չէ, այլ՝   պայմանավորված է իմացականով և լսողականով, այն հոգեկանի արդյունք է՝ «ներգործութիւն սորա ի հոգւոյն է»։
 
Նա երաժշտությունը տարանջատում է «աստվածային»՝ հոգևոր և «մարդկային»՝ աշխարհիկ տեսակների։ Կոմիտաս Վարդապետը կարևորում է երաժշտության կիրառականությունը։ Աստվածային բնորոշումն ունեցող երաժշտությունը կիրառվում է եկեղեցիներում «․․․ յանցաւոր հոգիները դէպ ի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպ ի բարին փոխարկելու․․․ » համար։ Եվ հարց է առաջ քաշում․ «Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչո՛ւ չը պէտք կարողանար եւ վանել հիւանդութիւները»։ Իր կողմից հղացված հարցին նա դրականորեն է պատասխանում ելնելով նախկինների փորձից․ «Հները փորձեցին և գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան», ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «երգին եւ առ հիւանդս», որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսն» ազդում են հիւանդութեան վրայ «եւ սա (երաժշտութիւնը)» ընդ լսելիսն»։ Այդ հոգեբնախոսական առնչության պատճառահետևանքայնությունը Կոմիտաս Վարդապետը պարզաբանում է ձայնի ֆիզիկական բնույթի վերաբերյալ հների տեսակետով․ «Ձայնն անմարմին է եւ մեծ զորություն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճականն կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխէ գնա յիւրմէ բնութենէն»։  Ըստ նրա կարծիքի՝ իմաստուն-երաժիշտները հնարել են պարելուն հարմար գործիքներ ու եղանակներ, որոնք չեն պահպանվել։ Որպես հնագույն գործիքի նա անդրադառնում է քնարին, այդ գործիքի լարերի անվանումներին՝ «բամբ, թաւ, սոսկ, զիլ» և դա կապակցում չորից տարրերերից բաղկացած մարդու կերպարի հետ․ որոնք են՝ հողը, ջուրը, օդը և հուրը։ Որպեսզի ցույց տա մարդկային էության կապն այդ չորս տարերքների հետ նա անցում է կատարում Հիպոկրատ-Գալենյան խառնվածքային տեսությանը։ Կոմիտաս Վարդապետը նորից հռետորական հարց է առաջ քաշում․ «-Ի՞նչ է նշանակում այս կամ այն տեսակ հիւանդութիւնը բուժելու համար պէտք է զարնել մէկ կամ մյուս լարին»։ Հարցին պատասխանելու համար նա փորձում է վերլուծել «հին ավանդապահների» երաժշտական արվեստը։  Այնուհետև ավելացնում, որ «․․․ մեր յոդվածի սահմանէն դուրս է այդ նկարագրելը»։
 
Ինչպես տեսնում ենք, Կոմիտաս վարդապետը լավատեղյակ է եղել երաժշտության և հոգեբնախոսության կապին: Սակայն ցեղասպանության պատճառով նա հնարավորություն չի ունեցել այլևս աշխատելու տվյալ թեմայի զարգացման ուղղությամբ։
 
Այս առումով ուշագրավ նյութի հանդիպեցի նաև «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքում։ Ըստ Աղավնի Մեսրոպյանի հուշերի, Եղիշե Չարենցը հրաժարվում է ծխելուց Կոմիտասյան երգերը, Վահան Տեր-Առաքելյանի կատարմամբ լսելուց հետո։ Իր չծխելը նա պատճառաբանում է հետևյալ կերպ․ «Այսօրվա Ձեր երգերը իմ մեջ խեղդեցին բոլոր մոլորություններըս․ հավատացյալը տաճարում թույլ կտա՞ իրեն ծխել․․․ »[6]։ Այն սենյակը, այն սրահը, որտեղ Կոմիտասյան, ասել է թե հայ էթնոսի երգն էր հնչել Եղիշե Չարենցի համար արդեն իսկ վերածվել էր սրբավայրի։ Կարծում եմ, որ հենց միայն այդ իրողության համար կարող է Հայ մարդն իր աշխատասենյակում ՝ բժշկական, մանկավարժական, ոսկերչական, գրադարանային և այլն, իր հոգին առոջացնելու համար ունկնդրել Պորտասարի լանջերից ծավալված և Արարատի, Ադանայի, Կեսարիայի ու Արցախի լեռներից արձագանքված Կոմիտասյան երաժշտություն։
 
Մշակույթին ծանոթալու նպատակով հազարամյակները թերթելու այս փոքրիկ փորձից հետո, թույլ տվեք ավելացնել, որ բացի վերը հիշատակված մարդկանցից երաժշտության, մարդկային հոգեբնախոսության և Տիեզերքի օրգանական կապին անդրադարձել են շատ ուրիշ մտավորականներ ևս։
 
․․․ Ուսումնասիրելով երաժշտության էվոլյուցիան դժվար չէ նկատել, որ այն Տիեզերքի հետ ներդաշնակության ձգտող մարդկության ստեղծագործական ուժերի ընդհանրացման դրսևորումն է։ Բազմաթիվ պատմագիտական աղբյուրներ վկայում են, որ Հայոց կենսատարածքում՝ Հայկական լեռնաշխարհում երաժշտությունը որոշակի զարգացման մակարդակի է հասել արդեն ն․թ․ա․ 17-րդ դարից սկսված և ունեցել է  պետական, կրոնական և առողջաբանական կիրառություն։ Երաժշտությունը հետագա զարգացում է ապրել Մեծ Հայքի և այլ հայկական թագավորությունում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց հետո էլ հայ փիլիսոփաների, հոգևոր և աշխարհիկ երաժիշտների կողմից այն դիտվել է որպես հոգևոր մեղքերից ազատվելու, հոգեկան ակտիվության պահպանման և առողջարար՝ հոգեկազդուրիչ միջոց։
 
Մեր համար կարևոր է այն, որ մարդկության լավագույն զավակները փորձել են մարդասիրական աստվածային երաժշտության, երգի, պարի, որոշակի երաժշտական գործիքների միջոցով դրականորեն ակտիվացնել մարդկանց հուզաշխարհը ու այդպիսով նպաստել մարդու առողջության ամրապնդմանը։ Նրանք, ըստ էության, ուսումնասիրել են ֆիզիկական երևույթի՝ ձայնային «դնդիռների» ազդեցությունը կենդանի բանական նյութի վրա։
 
Ժամանակակից գիտնականները պարզել են, որ կաթնասունների՝ մարդկանց, կատուների, շների և այլ կենդանիների մոտ երաժշտության ազդեցության տակ փոփոխվում է արյան ճնշումը, սրտի բաբախյունի հաճախությունը, թոքերի շարժումների ռիթմն ու խորությունը։ Հետևաբար կարծում ենք, որ այս փոխկապակցվածության հաշվի առնելը հատկապես կարևոր է այնպիսի մասնագիտության տեր մարդկանց համար, որպիսիք բժիշկներն են։
 
Բժշկին այցելող ցանկացած առողջառու կարող է գտնվել ավել կամ պակաս տագնապային հոգեվիճակում։ Տագնապային վիճակում են հայտնվում պատերազմական ակտիվ գոտում, տարերային աղետներում հայտնված մարդիկ։ Եվ կարևոր չէ, թե այդ մարդիկ զինվորներ ե՞ն, հրշեջնե՞ր, փրկարարնե՞ր, թե՞ պատերազմից, երկրաշարժից կամ ջրհեղեղից տուժածներ․ նրանք բոլորն էլ մարդ են, ովքեր կարիք ունեն հոգեբանական աջակցության։ Եվ այս դեպքերում է, որ մարդուն էականորեն կարող է օգնել մարդասիրական երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ։ Մեր համար նման երաժշտության օրինակներից է կոմիտասյանը, որը նոտագրված արարատյան կենսափիլիսոփայությունն է։ Բացի դա, առողջառուն կարող  է գտնվել տագնապային հոգեվիճակում նաև հետվիրահատական փուլում։ Ինչպես օրինակ, ատամնաբուժին այցելողը, տարաբնույթ վիրահատությունների ենթարկված մարդը, ծննդկանը և, որ ամենակարևորն է մեր կարծիքով նորածին մարդը՝ երեխան։ Կարծում եմ, որ ՀՀ-ի բուժհիմնարկներում, և մասնավորապես ծննդատներում կանանց և նորածինների համար հարկ է հնչեցնել կենսախինդ կոմիտասյան մեղեդիներ, օրորոցային երգեր։ Անկասկած է, որ Մեր Նախնիներից ժառանգած և Կոմիտաս Վարդապետի կողմից բյուրեղացված երաժշտությունը, մասնավորապես օրորոցային երգերը բարերար ազդեցություն կունենան կերակրող մայրերի և նորածիների հոգեբնախոսության վրա։