Նոր ձևաչափ․ միջազգային խմբային աշխատանք
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԹԻՄԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։
Նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ հետաքրքրված ԿՄՕ-ի մասնակից շուրջ 250 աշակերտներ՝ կազմելով գիտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից տարբեր երկրներից։ Թիմերն ունեն նաև գիտական ղեկավար և համակարգող:

Հետազոտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով ընտրված թեմայի արդիականությունը, մասնակիցների մտահորիզոնը, կիրառած մեթոդոլոգիան, խմբի արդյունքներն ու եզրակացությունները, նախագծի ներկայացման որակը, իսկ վերջում՝ ժյուրիի անդամների կողմից տրված հարցերի պատասխանները:
Միջազգային խմբային աշխատանքը նոր ձևաչափ է կենսաբանության միջազգային օլիմպիադայում, որն առաջին անգամ անցկացվել է 2020 թվականին Ճապոնիայում։
«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթը թիմային նախագիծ է, որի նպատակն է միավորել նույնանման գիտական հետաքրքրություններ և նորարար մտածողություն ունեցող աշակերտների ներուժը։
Տարբեր երկրներ և ազգեր ներկայացնող աշակերտական թիմերն առաջադրված խնդրի շուրջ իրականացնում են հետազոտական աշխատանք, որը հիշեցնում է իսկական գիտական հետազոտություն։ Այնուհետև օլիմպիականները գիտական ղեկավարների և համակարգողների օգնությամբ լուծում են առաջադրված կենսաբանական հիմնախնդիրը, ապա պաստառներով ներկայացնում իրենց աշխատանքը, որը գնահատվում է ժյուրիի կողմից: Նախագծում ընդգրկված գիտական ղեկավարներն ու համակարգողները գիտնականներ են, գիտությամբ զբաղվող ուսանողներ կամ ԿՄՕ շրջանավարտներ։
«Միջազգային խմբային աշխատանք» նախագծի ժյուրիի կազմում ընդգրկված են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի և միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ։
Մրցույթը մասնակցի մեջ զարգացնում է խնդիրներ առաջադրելու, հիպոթեզ կազմելու, ուսումնասիրություններ իրականացնելու և եզրակացություն անելու, ստեղծարար թիմային աշխատանք կատարելու հմտություններ: