Վաղուց պահանջ է հասունացել նաև «մաքուր խղճի» կամ «մարդկության հոգին մաքրելու» համաշխարհային օր օրացուցել

ԱՅՍՕՐ ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Պարզվում է՝ դարեր ի վեր քաղաքակրթվող մարդկությունը կամ դրա ստվար մի զանգվածը, այսպես էլ չի ընկալում հիգիենա ասվածը: Հակառակ պարագայում 2008 թվականին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հազիվ թե նախաձեռներ օրացույցում տեղ հատկացնել այս հիշեցմանը՝ հոկտեմբերի 15-ը նշվում է որպես Մաքուր ձեռքերի համաշխարհային օր:
 
Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է ձեռքերը կանոնավոր լվանալ:
 
Պարզունակ է հնչում, բայց փաստորեն առիթ կա տարին գոնե մեկ օր մարդկության ականջին «շշնջալ», որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները: 
 
Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը մեկն է՝ հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա՝ որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում: Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով:
 
Ի դեպ, վաղուց պահանջ է հասունացել նաև «մաքուր խղճի» կամ «մարդկության հոգին մաքրելու» համաշխարհային օր օրացուցել: