Հնարավոր է, որ այստեղ կա Ֆոնդային բորսայի խարդախություն

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության դիրքորոշման։
 
Բողոքի ակցիան նախաձեռնել էր «Համահայկական Ազգային Համաձայնություն» նախաձեռնությունը։
 
«Համահայկական Ազգային Համաձայնության» կողմից Միացյալ Թագավորության դեսպանությանը հանձնվեց բողոքի նոտա՝ ուղղված ՄԹ պառլամենտին, ինչպես նաև բողոքի նոտա հանձնվեց ՀՀ կառավարությանը։
 
 
Բրիտանիայի ՄԹ պառլամենտին ուղղված քաղաքական նոտայի տեքստը էլեկտրոնային փոստով նաև ուղարկվել է Բրիտանական ամենախոշոր 10 թերթերին։
 
Ներկայացնում ենք Բրիտանիայի ՄԹ պառլամենտին ուղղված քաղաքական նոտան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Պառլամենտին 
 
 
Հարգելի տիկնայք և պարոնայք, 
 
Մենք մեր բողոքն ու անհամաձայնությունն ենք հայտնում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ի դեմս ՄԹ արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում ՄԹ դեսպանատան՝ «Լիդիան Արմենիա»-ին սատարելու համար։ 
 
Հայաստանի Հանրապետությունում ՄԹ դեսպանատան աշխատակիցները, ներառյալ դեսպանները, «Լիդիան ինթերնեյշնլի»-ի հետ պարբերաբար կապի մեջ են եղել Ամուլսարի ոսկու հանքի հարցով՝ 2013-ից մինչև 2018 թվականը: Այդ ընթացքում նրանք կազմակերպել են շնորհանդեսներ, սեմինարներ, հանդիպումներ, աշխատանքային խմբեր, նախագծեր ու թարմացումներ: Միայն 2018թ․ հունվար-հուլիս ամիսներին տեղի են ունեցել 55 կապեր «Լիդիան»-ի և ՄԹ դեսպանության միջև (տե՛ս Open Democracy, 2 September 2019, Thomas Rowley): Արդյո՞ք ՄԹ-ի դեսպանատան աշխատանքը Երևանում կայանում է «Լիդիան Արմենիա»-ին սպասարկելը։
 
Անհասկանալի և հակաիրավական է, երբ Միացյալ Թագավորության դեսպանները պաշտպանում են օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության մասնավոր շահերը, և ավելին՝ մեկ այլ ինքնիշխան երկրում՝ ՀՀ-ի տարածքում, սպասարկում են մասնավոր ընկերությանը:
 
Նախ և առաջ, Ամուլսարի շահագործման վտանգների առումով ցանկանում ենք ընդգծել՝
 
1. «Լիդիան Արմենիա»-ի և «Լիդիան ինթերնեյշնլի» ղեկավարությանն ու նրան սատարող ՄԹ դեսպանատան ներկայացուցիչներին քաջ հայտնի պետք է լինեին`
 
ա) Ամուլսարում ուրանի և թորիուﬕ առկայության մասին (1952-1954 թթ, Գրոմովի արշավախումբ), որը չի՛ ներկայացվել նախագծում, 
 
բ) «Լիդիան ինթերնեյշնլի» կողմից ՇՄԱԳ-ի տարածքային ազդեցության առումով Ջերմուկ առողջարանային քաղաքի՝ որպես ազդակիր համայնքի, միտումնավոր քննությունից դուրս թողնելը, 
 
գ) սեյսմիկ և ռազմաստրատեգիական վտանգները, 
 
դ) ծանր ﬔտաղներով և ռադիոակտիվ տարրերով գետերի և ստորգետնյա ջրերի աղտոտման վտանգները։ 
 
2 . «Լիդիան Արմենիա»-ի ծրագրերում, ինչպես սույն ընկերությունն է հայտարարել, կա նաև Ամուլսարի ոսկին զտելու նպատակով 10 հազար տոննա ցիանիդի ներկրում Հայաստանի Հանրապետություն։
 
Հայտնի չէ, թե Հայաստանի Հանրապետության շրջափակման առկա պայմաններում ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել շուրջ 200 բեռնատար վագոններով բեռնափոխադրում ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով, որի անմխիթար ու բարձիթողի վիճակի պատճառով բազմիցս ստեղծվել են վթարային իրավիճակներ՝ գնացքների շրջվելու դեպքեր (տե՛ս Arm Daily, 18 սեպտեմբերի 2019թ․)։ Բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք նման վտանգները քննվել ու գնահատվել են ըստ արժանվույն։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ նման քննություններ ընդհանրապե՛ս չեն եղել (Կոռումպացված «Հարավկովկասյան Երկաթուղի» ռուսական ընկերության նկատմամբ հարուցված է 104 միլիոն դոլար թալանի 7 քրեական գործ․ տե՛ս «1-ին Լրատվական», 26 հունիսի 2019թ․)։ 
 
3․ Թե՛ «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան ղեկավարությունը, թե՛ ՀՀ վարչա-պետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս են հայտարարել, որ ընկերությունն Ամուլսարում իբր արդեն կատարել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ։ Դա անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։
 
Ավելին՝ առ այսօր ՀՀ նախկին և ներկա կառավարությունների կողմից չի կատարվել ֆինանսատնտեսական հաշվեքննություն (աուդիտ) կամ «Լիդիանի» կողմից նմանօրինակ փաստաթղթերի ներկայացում։ Շատ ավելի հնարավոր է, որ այստեղ կա Ֆոնդային բորսայի խարդախություն՝ «ուռեցում և նետում» սխեմայով (pump-and-dump scheme), քանի որ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը օֆշորային ընկերություն է, գրանցված է միայն 2005 թ.-ին, ընկերությունը երբեք ոսկու արդյունահանման փորձ չի ունեցել, և Ամուլսարում մեկ տոննա հանքանյութի մեջ 0,7 գրամ ոսկու չափը՝ զավեշտալի ցուցանիշ է, որպեսզի հանքի շահագործումը լինի շահավետ:
 
Հարգելի տիկնայք և պարոնայք, 
 
Թե՛ «Լիդիան Արմենիա»-ի կողմից ՀՀ նախկին և ներկա կառավարությունների հետ գաղտնի համագործակցությունը, թե՛ վերևում նշված փաստերը Հայաստանի Հանրապետության ժողովրդից թաքցնելը համարում ենք հանցավոր համագործակցություն։ Եվ մենք, թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ ՄԹ պառլամենտից պահանջում ենք որպեսզի լինի հետաքննություն՝ ֆինանսատնտեսական հաշվեքննություն։
 
Մեզ՝ «Համահայկական Ազգային Համաձայնություն» նախաձեռնության
համար անհասկանալի է, որ ՄԹ դեսպանները պաշտպանում են օֆշորային գոտում գրանցված մասնավոր ընկերության շահերը՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Հանրապետության էկոլոգիան, բնակչությանը, և սեպ են խրում ՀՀ-ի և ՄԹ-ի ժողովուրդների բարեկամության և համագործակցության մեջ։ Ուստի կոչ ենք անում Ձեզ՝ հետաքննել «Լիդիան ինթերնեյշնլի», Ձեր կառավարության և հատկապես արտաքին գործերի նախարարության առնչություններն ու դրանց հետ կապված գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ 
 
 
Արթուր Արմին Բաբայան 
Համահայկական Ազգային Համաձայնության 
Մտավորականների խորհրդի համակարգող 
 
 
Գևորգ Հովսեփյան 
Համահայկական Ազգային Համաձայնության 
Քաղաքական կուսակցությունների խորհրդի համակարգող 
 
 
Աշոտ Աշոտյան
Համահայկական Ազգային Համաձայնության 
Հասարակական կազմակերպությունների և 
նախաձեռնությունների խորհրդի համակարգող