Ադամանդե հսկաների հարևանությամբ

Աստղագետների հայտնագործությունը կարող է շարժել այնպիսի մարդկանց հետաքրքրությունը, ովքեր երկնքին են նայում սոսկ եղանակային սպասելիքները ստուգելու համար: Պարզվել է` Արեգակնային համակարգության ծայրամասային երկու հսկա մոլորակների` սառցապատ Նեպտունի և Ուրանի մակերևույթին ալմաստե անձրևներ են տեղում և ներթափանցում դրանց միջուկների մեջ:

Մարդու երևակայությունից երևի վեր է, թե թանկարժեք քարի ինչ քանակություն են ամբարում այդ երկու ահռելի մոլորակները: «Վեստի» պարբերականը նշում է, թե այդ մասին գիտնականները վաղուց էին կռահում, սակայն հիմա է հնարավոր եղել փորձարարական ճանապարհով հաստատել:

Ինչպես հայտնի է` թարկարժեք ադամանդի ու էժանագին գրաֆիտի կառուցվածքը նույնն է, և միայն մոլորակի ընդերքում հսկայական ճնշման ենթարկվելու շնորհիվ է փխրուն, գորշ նյութը վերածվում կարծրագույն ու վճիտ քարի, որն իր պայծառ շաղարձակումով  աչք է շլացնում:

Հենց ձգողականության շնորհիվ առաջացող բարձր ճնշումն էլ Նեպտունի ու Ուրանի մակերևույթին ալմաստների առաջացման  պատճառ է դառնում: Գերմանիայի, ԱՄՆ-ի հանրահայտ կազմակերպություններից հետազոտողների մի մեծ խումբ ստեղծել է թանկարժեք քարերի տիեզերական գործարանի աշխատանքի նմուշը: Մասնագետները ենթադրում են, որ հսկա մոլորակների վրա առաջացող ալմաստները նույնպես հսկայական են` միլիոն կարատանոց: Ու քանի որ դրանք շրջապատող միջավայրից ծանր են (օրինակ Նեպտունը կիսով չափ ջրից է կազմված), թանկարժեք քարերը պետք է որ հնարավորինս խորը սուզվեն և հաստ շերտով կուտակվեն մոլորակի միջուկի շուրջը: 

Հաճելի է, իհարկե, գիտակցել, որ մեր Արեգակի շուրջը պտտվում են բառի բուն իմաստով ադամանդե մոլորակներ: Բայց երբ մտածում ես, թե այս տեղեկությունը տարածվելուց հետո քանի ագահ աչք է երկինքին հառվելու` այդ հսկայական հարստությանը միայնակ տիրանալու և դրա շնորհիվ աշխարհում սեփական իշխանությունը հաստատելու մարմաջով…

Հասարակ մահկանացուներին, կասկած չկա, այդ գանձերն առայժմ անհասանելի են: Իսկ միջմոլորակային տիեզերանավերի տեր հզորները, չի բացառվում, որ արդեն մտմտում են, թե ինչպես հասնեն անսահման հարստության այդ ակունքներին: