Կատուներն էլ կարող են շան հավատարմություն ունենալ

Մարդուն ու կատվին, երևում է, անքակտելի կապեր են կապում, քանի որ որոշ խորհրդավորությամբ աչքի ընկնող այս կենդանուն միշտ մարդկանց կողքին է մնում: Շան հավատարմության ու տիրոջն ամենուր գտնելու հատկության մասին շատ է խոսվում, սակայն պարզվում է` կատուները նախկին տերերին պակաս չեն «կարոտում»:

ԱՄՆ Թեքսաս նահանգում օրերս տեղի ունացածը դա է վկայում:
Տարիներ առաջ 9-ամյա Մուտուրի Նգուին ծնողները կատվիկ են նվիրում, որին աղջնակը հպարտորեն Հովազ է «անվանակոչում»: Նրանք իրար հետ շատ են կապվում, սակայն 5 տարի առաջ, երբ Մուտուրին քոլեջ է ընդունվում, կատուն տնից փախչում ու կորում է: Ընտանիքի անդամների որոնումներն արդյունք չեն տալիս:

Երբ ուսումն ավարտելուց հետո աղջիկը տուն է վերադառնում, մի օր այգում նրան է մոտենում ճիշտ իր Հովազի նման սև կատու: Աղջիկն աչքերին չի հավատում, կատվին մանրամասն զննում է և որոշ նշաններից հասկանում, որ նույն Հովազն է: Մուտուրին պարզում է նաև կատվի «ճանապարհորդության» զարմանալի պատմությունը: Պարզվում է` տնից փախած կատվին ապաստարան են ուղարկել, որտեղից նրան վերցրել է մի կին: Մի քանի տարի անց կինը կատվին հանձնել է իր ծերացած  ծնողներին, որոնք զարմանալի զուգադիպությամբ` Մուտուրիի մերձավոր հարևաններն են:   

Երևում է` Մուտուրին կենդանիներ շատ է սիրում, նա արդեն և՛ կատու, և՛ շուն ունի: Դե, իսկ Հովազը ցանկացած ժամանակ նրան «հյուր» է գնում, թեև ծերունիները դեմ չեն, որ աղջիկը նրան իր մոտ պահի: Թվում է` մարդը կատվից ոչ մի շոշափելի օգուտ չի ստանում, բացի նրանից, որ կարող է ազատվել տան մկներից, եթե, իհարկե, լինեն: Սակայն այն անշոշափելին, որ այս փոքրիկ գազանիկի հետ շփումն է տալիս, մարդը բնազդորեն բարձր է գնահատում, դրա համար էլ կերակրում է, խնամում, սիրում: