Ծերունական հիվանդություններն արդեն դատավճիռ չե՞ն

ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ՆՈՐ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Որքան թեթև կլիներ մարդու ծերությունը, եթե օրեցօր թուլացող տեսողությունն ու մթագնող հիշողությունը նրան չդարձնեին շրջապատողների օժանդակությունից կախյալ: Բայց քանի որ գիտնականներն ու բժիշկները նույնպես ծերանում ու անգործունակ են դառնում, փորձում են դրանք կանխելու հնարներ մտածել` քանի դեռ երիտասարդ ու առողջ են:

Ահա և Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները փորձարկումներ են արել ու համոզվել, որ ծերունական տարիքում (հիմնականում՝ 70-նն անց) առաջացող՝ աչքի ցանցաթաղանթի  վնասվածքները հնարավոր է բուժել ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով:
Գիտնականները բուժման նոր եղանակը փորձարկել են Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, իսկ արդյունքները հրապարակել «Բնություն» հանդեսում (հաղորդում է՝ «Դեյլի թելեգրաֆը»):

Ցանցաթաղանթի նման վնասվածքները, որոնք անուշադրության մատնվելու դեպքում հանգեցնում են կուրության, մինչ այս հնարավոր էր բուժել միայն լազերային վիրահատության ճանապարհով կամ ակնախնձորի մեջ ուղղակի ներարկումներ անելով: Միայն թե սրանք օգնում են ոչ բոլորին և ոչ  միշտ: Իսկ նոր եղանակով ցողունային բջիջները «կարկատանի» նման տեղադրվում են ուղղակի ցանցաթաղանթի վնասված հատվածին, որն էլ սկիզբ է տալիս վերականգնման (ռեգեներացիայի) բնական գործընթացին:

Լոնդոնցի գիտնականներն առայժմ բուժման իրենց նորարարական եղանակը փորձել են միայն երկու հիվանդի վրա, սակայն արդեն համոզված պնդում են, որ այն շատ արդյունավետ է ու հեռանկարային: Վիրահատված 86-ամյա տղամարդու և 60-ամյա կնոջ տեսողությունն այնքան էր թուլացել, որ այլևս անկարող էին կարդալ: Վիրահատությունից հետո հաստատվել է, որ երկուսն էլ կարողանում են տպագիր տեքստը կարդալ սովորական ակնոցով:

- Արդյունքներն ապացուցում են, որ այդ արատի բուժման մեր նոր մեթոդը արդյունավետ և անվտանգ է, - հայտարարել է նոր եղանակի հեղինակներից Լինդոն դա Քրուզը:

Քանի որ վերջին շրջանում բժշկության մեջ ցողունային բջիջների կիրառումը գնալով ավելի մեծ չափեր է ընդունում, պարզվում է՝ ծերունական տարիքում առաջացող հիշողության կորուստը նույնպես այս միջացով են դարմանում: Վերջերս գիտնականները մշակել և փորձարկել են ողնուղեղի արյունաստեղծ բջիջների փոխպատվաստման միջոցով մտացրիվ սկլերոզի տարածումը կանխելու և բուժելու եղանակը:

Թեև ցողունային բջիջների փոխպատվաստմամբ վերականգնողական բժշկությունն ընդամենը անցած դարի վերջերին է ի հայտ եկել, բայց արդեն անբուժելի համարվող շատ հիվանդություններ է դարմանում: Մնում է, որ դրա ընձեռած հնարավորությունները հասանելի լինեն նաև «հասարակ մահկանացուներին», որոնց գրպաններում հազարավոր դոլարներ չկան, սակայն փողատերերից պակաս արժանի չեն վայելելու առողջ կյանքի բարիքները: