Նշաններ տիեզերքի՞ց, թե՞ նախազգուշացում Բարձրյալից

esoreiter.ru-պարբերականն անդրադարձել է մեր օրերում կատարվող երկու արտասովոր երևույթի: Դրանցից մեկին առնչվել են Միացյալ Նահանգների ոստիկանները, մյուսն ամեն օր զարմացնում է Ավստրալիայի բնակիչներին: Երկու դեպքում էլ կարծես վերբնական ուժեր են գործում, և հենց դա էլ դրանք դարձնում է ուշագրավ ու քննության արժանի: Բնականաբար` բնությունից վեր ոչինչ չկա, պարզապես այն ամենը, ինչ ժամանակակից մարդուն հայտնի է նրա մասին, խիստ սահմանափակ է: Իսկ գիտելիքների սահմանն ընդարձակելու ամենալավ միջոցը փորձն է ու դրա հիմնավորված վերլուծությունը:

Կոլորադոյի ոստիկանները խորհրդավոր զանգ են ստացել «այն աշխարհից»

ԱՄՆ Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը օրերս հայտնվել է մի հանելուկային իրավիճակի մեջ, որն ավելի շատ նման է հոլիվուդյան սարսափ-ֆիլմերի դիպաշարի:

Շվարած իրավապահների խոսքով` գիշերվա կեսին հերթապահ կարգավարը զանգ է ստացել, սակայն լսափողի մեջ լռություն է տիրել: Ինչքան էլ կարգի պահապանը համոզել է, զանգահարողը չի կարողացել հաղորդել, թե որտեղից է զանգահարում և իր հետ ինչ է պատահել:

Հետո տեղի ունեցածն իսկական առեղծվածային բնույթ է ձեռք բերել: Ոստիկանները զանգը ստուգել են և պարզել, որ ինչ-որ մեկը ոչ շարժական հեռախոսով  իրենց հետ կապվել է քաղաքային դիահերձարանից: Կարգավարը զանգահարել է այնտեղ, և իրոք մեկը «պատասխանել» է, այսինքն լսափողը վերցրել է, սակայն լսափողի մեջ մեռելային լռություն է եղել:

Այդ հանելուկային պատմության անմիջական ականատես սպա Թոմ Ռումելը «Թուիթերում» գրել է, որ պատահածի համար հիմնավորված բացատրություն չի գտնում: Եթե ընդունված զանգը կարելի էր համարել գծերի խախտում, ապա ինչպես բացատրել, որ հետզանգից հետո գիշերային դատարկ  դիահերձարանում լսափողը վերցրին, եթե այնտեղ ոչ ոք չկար:

Բայց գուցե կա՞ր: Բանն այն է, որ կարգի հսկիչները պարտավոր էին իրավիճակին լուծում տալ, ուստի այդ գիշեր նրանք պարեկային մեքենա են ուղարկել մեռյալների այդ ապաստան: Միայն թե պարզվել է, որ շենքը յոթ կողպեքով փակ է, լույսն էլ` անջատված: Իսկ պահակ այնտեղ ընդհանրապես չի աշխատում:

Հաջորդ առավոտ դիահերձարանի աշխատակիցները բացել են դուռը և ոստիկանների ուղեկցությամբ դիտել շենքը: Շենքի ներսում ոչ մի ջարդված բան կամ որևէ տարօրինակություն չի հայտնաբերվել: Լրագրողներն իսկույն կառչել են այսքան ուշագրավ պատմությունից: Տեղական ԶԼՄ-ներում հիմա այսպիսի վերնագրեր են շրջանառվում. «Սպաները զանգ են ստացել այն աշխարհից», «Հանգուցյալը ոստիկանություն է զանգահարել դիահերձարանից», «Ահավոր, սարսափելի, սահմռկեցուցիչ միջադեպ Պուեբլոյում» և այլն:

Իրավապահներն էլ կատակում են` պնդելով, թե պաշտոնի բերումով իրենք չեն կարող վերբնական բաների հավատալ: Բայց ինչքան կուզեին…

Սիդնեյում «կախարդական տան» պատերից հրաշագործ հեղուկ է հոսում

Ավստրալիայի ամենախաշոր քաղաք Սիդնեյի արևմուտքում գտնվող և առաջին հայացքին ոչնչով աչքի չընկնող երեք սենյականոց տունը «կախարդական» անունն է ստացել` տեղացիների և եկվորների համար դառնալով պաշտամունքի վայր: Այդ տանտերեր Ջորջ և Լինա Թոնուս ամուսինները պնդում են, որ այդտեղ անբացատրելի երևույթները հայտնվել են իրենց 17-ամյա որդի Մայքի զոհվելուց հետո: Պատճառը եղել է ավտովթարը:

Ողբերգությունից մեկ օր էլ չի անցել, երբ վշտահար ծնողները նկատել են, որ իրենց տան ներսի պատերից սկսել է հոսել անհասկանալի յուղայի հեղուկ` անչափ հաճելի բույրով: Սկզբում որդու կորստից կսկծացող զույգը դրան ուշադրություն չի դարձրել: Ժամանակի հետ, սակայն, ամուսինները սկսել են հետաքրքրվել  այդ տարօրինակ կաթիլներով և անգամ փորձել են դրանց ծագումը պարզել:

Թոնուսները բազմիցս վերանորոգողներ են կանչել, սակայն նրանք ամեն անգամ եզրակացրել են, որ տունը միանգամայն կարգին վիճակում է: Ջորջն ու Լինան սկսել են ենթադրել, որ հանելուկային բուրավետ հեղուկը իրենց հանգուցյալ որդու յուրօրինակ դրսևորման ձևն է: Դրա նկատմամբ հավատը նշանակալի ամրապնդվել է, երբ անսպասելի պարզվել է, որ խորհրդավոր յուղն ի զորու է ամոքել տարբեր հիվանդություններ: 

Դրանից բացի, «կախարդական» տունը հնարավորություն է տալիս հղիանալ կանանց, ովքեր տարբեր բուժումներից հետո էլ չէին կարողացել երեխա ունենալ: Այժմ արդեն ավստրալացի ամուսինների բնակարան են գալիս տասնյակ զույգեր. նրանք պատերից յուղը հավաքում են,  քանի որ համարվում է, որ եթե կինն այն ջրի հետ խառնի ու խմի, ապա երեխա ունենալու նրա հնարավորությունը նշանակալի չափով կբարձրանա: Եվ դա հաստատում են հարյուրավոր մայրեր:

Այն փաստը, որ Թոնուսներն այցելուներից ոչ մի ցենտ չեն վերցնում, հավատացյալներին ավելի է համոզում, որ «կախարդական տան արցունքները» հրաշագործ են: Ջորջն ու Լինան հեղուկը սիրով տրամադրում են նաև տարբեր գիտնականների: Շատ մասնագետներ են փորձել այն քննության ենթարկել և պարզել յուղի բաղադրությունը, սակայն առանց հաջողության: Ըստ երևույթին` սա իսկական առեղծված է, որն անվերծանելի է պաշտոնական գիտության համար: