Ինչի՞ նշան են երկնային խորհրդավոր դղրդյունները

ՕՐԵՐՍ ԴՐԱՆՔ ԱՀԱԲԵԿԵԼ ԵՆ ՉԻԼԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Երկնքի անորոշ հատվածից եկող չարաբաստիկ խլացուցիչ ձայները օրեր առաջ միաժամանակ լսել են Չիլիի հանրապետության հարավ-արևելյան մի քանի քաղաքների բնակիչները: Գիշերվա կեսին մարդկանց ու կենդանիներին արթնացրել է անհասկանալի շշմեցուցիչ աղմուկը, որը հիշեցրել է հրեշի ոռնոցի և ապագայի ինչ-որ օդանավի աղմուկի համադրություն: Շներն սկսել են կատաղի հաչել, կենդանիներն անսովոր կերպով զանգվածաբար տագնապ են դրսևորել:
 
Բազմաթիվ բարեպաշտ չիլիցիներ սկսել են խաչակնքել ու աղոթել՝ մտածելով, թե խավար երկնքում ծղրտում են Ապոկալիպսիսի փողերը: Չէ՞ որ աշխարհն այսօր այնքան անհանգիստ է, որ նման բան շատ երկրացիների համար  անակնկալ չի լինի: Ենթադրություններ են արվում նաև արտերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչների, եղանակային զենքի միջոցով տեկտոնիկ սալերի տեղաշարժի, դեպի այլ չափումներ դարպասների բացման և այլ բաների վերաբերյալ: 
 
Ինչպես նկատում է ufospace.net պարբերականը, վերջին ժամանակներս մոլորակի տարբեր անկյուններում երկնքից հասնող  փողերի ձայներ հնչում են ավելի ու ավելի հաճախ, իսկ գիտնականները պատասխան չունեն, թե դա ինչ է: 
 
Պատահական չէ, որ մարդիկ մտածում են, թե դա ինչ-ոչ համամոլորակային  ձախողումի սկիզբ է: Այս դեպքում արդեն կարևոր չէ, թե ով կդառնա ակնկալվող Ապոկալիսիսի իրականացնողը՝ այլմոլորակայիննե՞րը, թե՞ հենց Երկիրն ինքը: Իսկ մարդկության հանդեպ մեր մոլորակի բացասական վերաբերմունքը, ինչպես պնդում են կախարդներն ու շամանները, արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Այստեղ առավել կարևորվում է ուրիշ բան՝ աշխարհի այդ վերջը ե՞րբ վրա կհասնի և ինչպիսի՞ն կլինի այն մեզնից յուրաքանչյուրի համար: Կարելի է եզրակացնել, որ երկնային խորհրդավոր դղրդյունը ավելի ու ավելի շատ մարդկանց է ահաբեկում՝ ասես կոչ անելով մտորել և ապաշխարել…
 
Պարբերականը հիշեցնում է՝ համաշխարհային շատ կրոններում աշխարհի վերջի մասին պատկերացումներն ուղեկցվում են երկնային ահարկու որոտներով: Ապոկալիպսիս և Արմագեդոն անուններով հայտնի այդ աղետները, օրինակ ըստ քրիստոնեության, ուղղակի հաջորդելու են Աստծո հրեշտակների գործողությանը: Նրանք յոթ փող են փչելու զանազան համաճարակներից, համաղետներից և պատերազմներից հետո՝ ազդարարելով մարդկության վերջը: Իսլամի համաձայն՝ մոլորակի վերջին օրերն ուղեկցվելու են փողի ձայներ հիշեցնող աղմուկով, ըստ ինդուիզմի՝ ծիսական եղջերափողի դղրդյունով: 
 
Այս կրոնները, այսպիսով, Ապոկալիպսիսի նախանշան են համարում երկնքից եկող բարձրագոչ փողհարումը: Ուրեմն զարմանալի չէ, որ երբ նման բան իրականում է տեղի ունենում, այլ ոչ թե Աստվածաշնչի կամ Թորայի էջերում, մարդիկ լրջորեն վախենում են: Ընդ որում՝ այդ տարօրինակ ձայները ժամանակ առ ժամանակ երկնքից հասնում են Երկրի տարբեր մասեր, և այսօր՝ տեխնիկական առաջընթացի ժամանակներում, դրանք արձանագրելը հեշտ է: 
 
Հոկտեմբերի 15-ին, երբ  նման իրադարձություն տեղի է ունեցել Սլովակիայում (երեկոյան ժամին վերևից սարսափելի ձայն է լսվել, ասես ինչ-որ հսկայական կենդանի կատաղի բառաչում է), որոշ ականատեսներ տեսագրություններ են արել: Օպերատորն այդ տեսագրությունը տեղադրել է համացանցում, և այն կայծակնային արագությամբ սկսել է տարածվել :
 
Այդ ձայների բնույթի հարցում մասնագետները տարակարծիք են: Անգամ կրոնական տեսակետները մի կողմ թողած՝ դարձյալ բազմաթիվ ուշագրավ վարկածներ են մնում:  Փորձագետներից ոմանք կարծում են, որ այս ամբողջի մեղավորը մոլորակի մագնիսական բևեռների տեղափոխությունն է, որիշները կասկածում են, թե կրիրառվում է եղանակային զենք, երրորդները խոսում են Երկրի միջուկում տեղի ունեցող անբացատրելի գործընթացների մասին: Ուֆոլոգները, ինչպես և ակնկալելի է, ակնարկում են այլմոլորակայինների ներխուժման մասին:
 
Մի խոսքով՝ միասնական կարծիք չկա: Շեղումային երևույթների հետազոտողները նշում են, որ երկնային խորհրդավոր ձայների երևույթն առաջին անգամ ի հայտ է եկել անցած դարի 70-ականններին, այն էլ՝ մոլորակի տարբեր պետություններում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Աֆղանստան, Իրան, Եգիպտոս և այլն: 90-ականներին դիտվել է նոր «ձայնային ալիք», իսկ 2011թ. վերոհիշյալին շատ նման անբացատրելի աղմուկ արձանագրվել է Երկրագնդի գրեթե բոլոր պետություններում: 
 
Իսկ սա նշանակում է, թե բացառված չէ, որ աշխարհի վերջը սրընթաց մոտենում է: Բայց մարդն այն կանխելու որևէ հնարավորություն ունի՞: Եթե նախապատվությունը տանք երևույթի կրոնական բացատրություններին, ուրեմն պետք է ենթադրել, որ նման հնարավորություն կա. պարզապես մարդկությունը պետք է ուշքի գա և Երկիրը համարի իր միասնական տունը, այլ ոչ թե ամեն մեկը դեպի իրեն ձգի մի հողակտոր, որը վայելելու հեռանկար արդեն չունի: