Բացառիկ նոր նախագծեր՝ ամեն տարի

SUMMEET ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ

Հունիսի 24-ից հուլիսի 2-ը SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը պարի իսկական տոն դարձավ Երևանի հինգ հարթակներում, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։ 
 
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Արդեն երկրորդ տարին փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
Այս տարի SUMMEET-ին մասնակցեցին պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Հանդիսատեսի դատին հանձնվեց 10 ներկայացում, 3 պերֆորմանս հանրային վայրերում, Հայաստանում առաջին անգամ արտադրված պարային VR-ինստալացիան և հանրահայտ Conny Janssen Danst ընկերության «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։ 
 
Փառատոնային մեկ օրն անցավ գեղատեսիլ Լոռիում։ Դեբետ գյուղի COAF Սմարթ կենտրոնում անցկացվեցին ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասեր և VR-ին ու ժամանակակից արվեստին նվիրաված դասախոսություն։ Իսկ թումանյանական Դսեղի հենց գյուղամեջում տեղի ունեցավ երկու պերֆորմանս, որոնց հանդիսատեսը հրավիրված էր գալ «իր աթոռով»։ 
 
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։  
 
Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ 
 
Բացի նոր տեխնոլոգիաների կիրառումից փառատոնը յուրացրեց նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Վալերիա Կասպարովայի «Պատկերներ» պերֆորմանսը ծավալվեց Դսեղի գյուղամեջում, իսկ երիտասարդ պարուսույց Նինա Հայրապետյանի «Գոց երկուստեք» դուետը՝ Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում։ Հայաստանյան հանդիսատեսի համար անսպասելի և անծանոթ ժանր էր Freestyle Basketball Choreography-ն, կամ Ballride-ը, որը Ballrider Vaggi-ն ցուցադրեց Դսեղի բնակիներին։ 
 
Եվ իհարկե, փառատոնի մարգարիտն էր հայկական ցուցադրությունը, որը միավորեց տարբեր ժանրերում և տարբեր ոճերում ստեղծագործող 7 հայ պարուսույցի։ Ցուցադրության շրջանակում Արինա Արարտյանը վերականգնել է իր՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը։   
 
- Այն ժամանակ այս ներկայացումը գրեթե էքսպերիմենտ էր։ Ի տարբերություն այսօրվա, մենք աշխատում էինք տեղեկատվության բացակայության պայմաններում ու ստիպված էինք նորից «հեծանիվ հորինել»։ Սովորում էինք DVD-սկավառակներով, որոնք շատ քիչ էին ու խնամքով ձեռքից ձեռք էին փոխանցվում,- հիշում է պարուսույցը։- Հիմա ոլորտը շա՜տ է փոխվել։ Ժամանակակից պարի ամենատարբեր ուղղությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Ստեղծագործողները չեն վախենում նոր բաներ փորձել։ Մրցակցությունն էլ է մեծ, իսկ դա շատ կարևոր է։ Մի քանի տարի էլ, ու Հայաստանում ժամանակակից պարը բոլորովին այլ դիրքերում կլինի։ 
 
- SUMMET-ը կապում է Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ,- պարային մեկ շաբաթն ամփոփում է փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան։