Տաղանդավոր երգչուհու հաղթանակները շարունակվում են

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՄԱՂԹԵԼ ՋՈՒԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո): 
 
Ջուլիանան հունիսի 6-11-ը  Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: (Տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։)
 
Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է  հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ, ինչը մեծ   հպարտություն և ոգևորություն է պարգևում բոլորին:
 
- Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ  պատրաստ ենք  աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
 
Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել:
 
Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում  հրավեր  է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը: 
 
Հավելենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:
 
Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ: