Աբխազիայի ԱԳ նախարարը ՌԴ հետ հարաբերությունների սերտացում է քարոզում
ՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՎ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՄԵԼՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ
Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում է քարոզում՝ վկայակոչելով հանրապետության առաջին նախագահի խոսքերը։
Արդեն երեք շաբաթ է, ինչ Ինալ Արձինբան շրջում է Աբխազիայի շրջաններով և հանդիպումներ անցկացնում տեղի հասարակության հետ՝ պատմելով հանրապետության զարգացման գործում Ռուսաստանի դերի մասին։

- Այդ պատճառով Կրեմլը մեզանից պահանջեց «բացատրական աշխատանք» իրա կանացնել բնակչության հետ և նրանց հասցնել քաղաքական տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ինտեգրման առավելությունների մասին,- կարծում է «Абхазия-центр» տելեգրամյան ալիքը:
- Ես և դուք ունենք ռուսական անձնագրեր, մենք օգտագործում ենք ռուսական արժույթ, մեր սահմանները պաշտպանում են ռուս սահմանապահները։ Ո՞ւմ ռազմաբազան է ապահովում մեր անվտանգությունը. ռուսների: Դրանք նույնպես հսկայական գումարներ են,- ասել է նախարարը Սուխումի շրջանի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։
Իսկ իր փաստարկներն ավելի համոզիչ դարձնելու համար Ինալ Արձինբան մեջբերել է Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի խոսքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, նա ասել է 2002թ.-ին.
- Հայտնի է, որ Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը և ղեկավարությունը բազմիցս հայտարարել են Ռուսաստանի Դաշնության հետ ամենասերտ հարաբերություններ հաստատելու իրենց ձգտման մասին՝ համարելով, որ նման ինտեգրումը համապատասխանում է Աբխազիայի ազգային շահերին։ Ռուսաստանի հետ հնարավոր հարաբերությունների ամենահարմար ձևը կարող է լինել ասոցացված պետության մոդելը։ Պահպանելով անկախությունը’ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանի հետ միասին կառուցել իր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը, այդ թվում’ սահմանների պահպանությունը։
Ինալ Արձինբան նշել է, որ չնայած 1990-ականներին աբխազ-ռուսական երկխոսության մեջ առկա լարվածությանը, առաջին նախագահն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ սերտ հարաբերություններ ունենալու կարևորությունը։
Սակայն հայտնի աբխազ քաղաքական գործիչ և բլոգեր Ախրա Բժանիան այդ վկայակոչումը ոչ տեղին է համարում.
- Կարծում եմ, որ 2002 թ.-ին Վլադիսլավ Արձինբային պետք էր գոնե մեր իրավական լեգիտիմության տեսանելիությունը, առնվազն երկկողմանի երկխոսության որոշակի տեսքը… Այստեղից էլ առաջացել է «Ասոցացված պետության» առասպելը:
Ուրեմն հիմա ի՞նչ: Միգուցե մենք հիշենք նաև 1978 թվականը, երբ մենք ստիպված եղանք խնդրել միացում Կրասնոդարի երկրամասին:
Պատմությունը դինամիկ գործընթաց է: Մեր ներկայիս կարգավիճակը ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետությունն է։ ԱԳՆ թիմը պետք է աշխատի այս կարգավիճակի ընդլայնման և այն նոր բովանդակությամբ լցնելու ուղղությամբ, այլ ոչ թե շրջի քաղաքներով ու գյուղերով՝ երկրի քաղաքացիների շրջանում տարածելով այն միտքը, թե անկախությունն իրենց համար չափազանց ծանր բեռ է։
JAMnews