Աբխազիան պատրաստ է ընդունել Վրաստանից «վտարված» Astoria Grande զբոսանավը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ «հանրապետությունը պատրաստ է» ընդունել ASTORIA GRANDE զբոսանավը, որը լքել է Վրաստանի Բաթումի նավահանգիստը տեղի բնակիչների բողոքի ակցիայից հետո։ Բժանիան ջերմ ընդունելություն է խոստացել այն ռուս զբոսաշրջիկներին, ովքեր գտնվում են նավի վրա։
 
- Հանրապետությունը շահագրգռված է զբոսաշրջային ծառայությունների ընդլայնմամբ, և հաշվի առնելով աշխարհագրական հնարավորությունները՝ ամռանը զբոսանավերի ծառայությունները համարվում են ամենահեռանկարայինը։ Սուխումիի ծովային նավահանգիստը տեխնիկապես պատրաստ է Astoria Grande տիպի նավեր ընդունելուն։ Մենք ձեզ հրավիրում ենք Աբխազիա և խոստանում ջերմ ընդունելություն աբխազական հյուրընկալությամբ,- ասել է Բժանիան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
 
Նա որպես օրինակ բերել է Սոչի-Սուխումի երթուղին, որով հունիսի վերջից շահագործում է մեկ այլ զբոսանավ՝ «Կնյազ Վլադիմիր»-ը։
 
- Եթե մենք ըստ արժանվույն ընդունեցինք «Կնյազ Վլադիմիր» նավը, ապա տեղ կգտնվի նաև Astoria Grande-ի համար,- նշել է նա։
 
Ավելի վաղ Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, այժմ սենատոր Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Բաթումիում բողոքի ակցիան կազմակերպել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ակտիվիստները, և որ Սաակաշվիլիի ներմուծած «ատելության բացիլը» դեռևս կենդանի է։
 
Հուլիսի 31-ի առավոտյան Բաթումիի բնակիչները բողոքի ակցիայով դիմավորեցին Ռուսաստանից ժամանած ASTORIA GRANDE նավը։
 
Ակցիայից մի քանի ժամ առաջ ՆԳՆ-ն փակել էր նավահանգստի հարակից փողոցները, իսկ այն շրջանը, որտեղ պետք է մտներ նավը, պարսպապատվել էր երկաթյա պատնեշներով։
 
ASTORIA GRANDE նավը Բաթումիում կանգ էր առել նաև հուլիսի 27-ին: Իր ուղին մեկնարկել էր Սոչիի նավահանգստից և տեղափոխել ռուս զբոսաշրջիկների, ովքեր հակավրացական հայտարարություններ էին արել ԶԼՄ-ներում, ինչպես նաև արվեստագետների, ովքեր աջակցում են պատերազմին և նախագահ Վլադիմիր Պուտինին։
 
Այս անգամ զբոսաշրջիկներին առաջարկվել էր ճամփորդություն RU.TV հեռուստաալիքի աստղերի հետ։
JAMnews