«Վրաստանն ինքնամեկուսանում է»
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱ ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա և Ատլանտյան խորհրդի (ամերիկյան վերլուծական կենտրոն) ավագ գիտաշխատող Դենիել Ֆրիդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ինքնամեկուսանում է, և տեղական իշխանությունը հիանալի գիտի, թե որն է երկրի խնդիրը դեպի Եվրամիություն ճանապարհին:

Ես չեմ հասկանում, թե ինչպես է իրեն պահում Վրաստանը։ Փաստացի իրեն ավելի խոցելի է դարձնում ռուսական ճնշման նկատմամբ, քանի որ ինքն իրեն մեկուսացնում է երկարամյա ընկերներից: Ամերիկան չի քննադատում Վրաստանին Ռուսաստանի հետ հարաբերություններում զգուշավոր լինելու կամ ԱՊՀ անդամ լինելու կամ չլինելու համար։ Խնդիրն այն է, որ վրացական իշխանությունը հասել է այն կետին, որտեղ այժմ գտնվում է՝ ավտորիտար բնույթի սեփական գործողությունների և հասարակության մեջ հակասություններ առաջացնող հարցերի օգտագործման արդյունքում և դա այն բանի համար, որպեսզի առաջ մղի իր ավտորիտար օրակարգը և կարևոր սոցիալական կամ քաղաքական հարցերի շուրջ կանգնի Մոսկվայի կողքին:
Վրաստանի կառավարության պարզաբանումները չեն օգնի։ Նա հիանալի գիտի, թե որն է իր խնդիրը դեպի ԵՄ ճանապարհին։ Իր իսկ գործողություններն են։ Այո, Մոլդովայի աշխարհագրական դիրքն ավելի բարենպաստ է, քան Վրաստանինը։ Սակայն Վրաստանի կառավարությունն, անշուշտ, ունի ընտրություն, մանևրելու տեղ, և նա համեմատաբար վատ ընտրություն է կատարում: Հույս ունեմ, որ կկայացնի լավագույն որոշումը: