«Սաակաշվիլիի խոշտանգման հետևում Պուտինն է կանգնած»

«ՄԱԳՆԻՏՍԿՈՒ ՕՐԵՆՔԻ» ՀԵՂԻՆԱԿ

Բրիտանացի ֆինանսիստ և «Մագնիտսկու օրենքի» հեղինակ Բիլ Բրաուդերն ասում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոշտանգումների է ենթարկվում։ Այդ մասին նա պատմել է Պիրվելի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եթե Սաակաշվիլին մահանա անազատության մեջ, ապա մի քանի անձանց նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելի կլինեն։
 
37-ամյա Սերգեյ Մագնիտսկին ուկրաինական ծագմամբ ռուս հարկային խորհրդատու էր և իրավաբան, ով մերկացրել էր Ռուսաստանի կառավարությանը կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ: Մագնիտսկին ձերբակալվել է 2008 թվականին՝ Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ ֆինանսական խարդախությունը բացահայտելու համար և 11 ամիս անց սպանվել բանտում։
 
Մագնիտսկու օրենքն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2012 թ.-ին։ Դրա հիմնական նպատակն էր պատասխանատվություն սահմանել Ռուսաստանի կառավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու էին Մոսկվայի բանտում Սերգեյ Մագնիտսկու մահվան համար։
 
Եվ 2016 թ․-ին օրենքի թարմացված տարբերակի հիման վրա ԱՄՆ կառավարությունը կարող է Մագնիտսկու օրենքի միջոցով պատժամիջոցներ կիրառել աշխարհի տարբեր երկրների կառավարությունների անդամների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար՝ սառեցնելով նրանց ակտիվները և արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:
 
- Սա մեծ գլխացավանք կպատճառի վրացի քաղաքական գործիչներին։ Հուսով եմ, որ մարդիկ, ովքեր հիմա որոշումներ են կայացնում, կդադարեցնեն նման գործողությունները, քանի որ եթե Սաակաշվիլին մահանա, նրանք ծանր կյանք կունենան։ Ակնհայտ է, որ Միխեիլ Սաակաշվիլիին խոշտանգում են. Դուք կարող եք դա տեսնել նկարներում, և պարտադիր չէ, որ բժիշկ փորձագետ լինեք դա հասկանալու համար,- ասել է Բրաուդերը։
 
Նրա խոսքով՝ հետաքրքիր է, թե ով է պատասխանատվություն կրում, քանի որ դատախազությունը արգելափակում է բուժման մեկնելու Սաակաշվիլիի խնդրանքը։ Ինչպես նշում է Բրաուդերը, բանտի բժիշկները «հավանաբար ներգրավված են» պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, իսկ պետական պաշտոնյաները հրամաններ են տալիս:
 
- Որքան շատ լինի ինֆորմացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք կստեղծենք ժամանակավոր, ինչպես մենք ենք անվանում՝ «Սաակաշվիլիի ցուցակ», որտեղ կներառենք մարդկանց, ովքեր ներգրավված են դրանում։ Սա մարդասիրական հարց է, և մենք ամեն օր տեսնում ենք, որ Վրաստանի կառավարությունը համառորեն չի ազատում Սաակաշվիլիին և չի ուղարկում նրան Եվրոպա՝ բուժման։ Այս կերպ Վրաստանը ոչնչացնում է իր հեղինակությունը միջազգային մակարդակով,- ասում է «Մագնիտսկու օրենքի» հեղինակը։
 
Բրաուդերն ընդգծում է, որ այս ամենի հետևում կանգնած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ցանկանում է վրեժ լուծել Սաակաշվիլիից այն բանի համար, որ Վրաստանի նախկին նախագահը դեմ է արտահայտվել Պուտինին 2008 թվականին, երբ վերջինս ներխուժել էր Վրաստան։
 
- Նա անձնական վենդետա է կազմակերպել Միխեիլ Սաակաշվիլիի դեմ։ Վրաստանի կառավարությունում կան մարդիկ, ովքեր սիրում են Պուտինին, և հիմա պարզ է, որ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պետք է: Իմ կարծիքով՝ այս ամենի հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը։ Նա փորձում է վրեժխնդիր լինել Միխեիլ Սաակաշվիլիից, ով իրեն անհարգալից է վերաբերվել։ Սա նաև ուղերձ է Վլադիմիր Զելենսկիին՝ ահա թե ինչ է լինելու ձեզ հետ ապագայում, ուստի մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա,- ասել է Բրաուդերը։
 
Մագնիտսկու օրենքի հեղինակ Բիլ Բրաուդերը դեկտեմբերի 24-ին թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, ով «մեռնում է մեր աչքի առաջ»։ Բրաուդերի խոսքով՝ եթե Սաակաշվիլիին չուղարկեն Եվրոպա բուժման, ապա դա «կարելի է միայն սպանություն անվանել»։
 
Դրանից հետո Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Բրաուդերին և խնդրել օգնել իրեն նոր «Մագնիտսկու ցուցակ» կազմելու հարցում։
 
Բրաուդերը պատասխանել է Սաակաշվիլիի նամակին և խնդրել է նախկին նախագահին, որպեսզի նրա թիմը նախապատրաստի փաստաթղթեր այն մասին, թե ով է խանգարում բուժմանը և ով է պատասխանատու թունավորման և խոշտանգման համար։ Բրաուդերը նաև խոստացել է Սաակաշվիլիին, որ կանի ամեն ինչ, որպեսզի արևմտյան երկրների կառավարությունները ուշադրություն դարձնեն Մագնիտսկու պատժամիջոցներին։
 
Հունվարի 5-ին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան և Ուկրաինայի նախագահի կողմից ստեղծված՝ Ռուսաստանի պատժամիջոցների միջազգային աշխատանքային խմբի համակարգողներից Մայքլ Մաքֆոլը The Washington Post-ում հրապարակել է իր կարծիքը Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի մասին։ Նա Բայդենին և եվրոպացի առաջնորդներին հորդորել է առաջ քաշել Վրաստանի նախկին նախագահի «փրկության պահանջ»։
 
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 20-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Վրաստանի կառավարությանը Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արտասահման՝ բուժման։ Նրա կոչին միացել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
 
Ի պատասխան՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել էր, որ Զելենսկու հայտարարությունը Սաակաշվիլիի վերաբերյալ նշանակություն չի ունենա, իսկ Սանդուն «պետք է աչքի առաջ ունենա իր 6-րդ նախագահին, ով դեռևս բանտում է»։
 
Օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին նամակ էր հղել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին, նամակում նշել էր, որ ըստ ամերիկացի թունաբանների զեկույցի՝ իրեն թունավորել են բանտում, և նպատակը սպանելն է եղել, բայց ինքը ողջ է մնացել, «և հիմա առանց համապատասխան բուժման մահացու ելքն անխուսափելի է»։ Հենց այս նամակին ի պատասխան Դմիտրի Գորդոնը տեսաուղերձ էր հրապարակել։
 
Դեկտեմբերի 24-ին Սաակաշվիլին նամակ էր գրել նաև ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինին, նշել, որ Պուտինի հրամանով ուզում են սպանել իրեն։ Նամակը, որը Սաակաշվիլին գրել էր ռուսերեն, Ֆեյգինը տեղադրել էր իր Twitter-ում։
 
#SaveMisha. այս կարգախոսի ներքո Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը և իրավապաշտպան, բլոգեր Մարկ Ֆեյգինը աշխարհի մարդկանց կոչ էին արել անցկացնել հանրահավաք՝ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի, հունվարի 4-ին՝ ժամը 12-ից 14-ը ընկած հատվածում լինել իրենց երկրի Վրաստանի դեսպանատան մոտ:
 
Արեստովիչը նաև նշել էր, որ «Միխեիլ Սաակաշվիլիին բանտում ոչնչացնում են շոուի համար» և հեռուստադիտողներին կոչ էր արել մասնակցել գլոբալ ակցիային, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ ժամանակակից աշխարհում մարդու հետ այդպես վարվեն»։
 
Դեկտեմբերի 29-ին Սաակաշվիլիի դատավարության ժամանակ որպես վկա հարցաքննվել էր ամերիկացի թունաբան Դեյվիդ Սմիթը։ Նրա խոսքով՝ նախքան «Վիվամեդ» կլինիկա տեղափոխելը Վրաստանի նախկին նախագահին բանտում ծանր մետաղներով թունավորել են։
 
Ամերիկացի թունաբանն ասել էր, որ ծանոթացել է Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական քարտին, հետազոտության արդյունքներին և մազերի, եղունգների ու արյան նմուշներին։
 
- Այդ մետաղների առկայությունը օրգանիզմում վատթարացնում է հիվանդի առողջական վիճակը։ Իմ կարծիքով՝ Սաակաշվիլիի առաջին թունավորումը տեղի է ունեցել մարտին՝ նախքան նրա տեղափոխումը կլինիկա, իսկ ավելի ուշ այդ ծանր մետաղները վնասել են տարբեր օրգաններ։ Նրա մոտ արդեն իսկ եղել են ախտանշաններ, երբ նրան տեղափոխել են բուժհաստատություն: Այսինքն՝ կարծում եմ, որ նա ծանր մետաղից թունավորում է ստացել ավելի վաղ՝ բանտում։ Ենթադրում եմ, որ այդ թունավոր նյութերի չափաբաժինը այնքան բարձր է եղել, որ նույնիսկ հինգ ամիս անց կոնցենտրացիան նորմայից բարձր է եղել,- ասել էր Սմիթը:
 
Հրապարակումը՝ JAMnews-ի