«Տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը Իրանը մղձավանջի է վերածելու»

«ԱՐԱՔՍ ՆՅՈՒԶ»․ ԹԵՀՐԱՆ

Իրանի Իսլամական խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն ասել է՝ «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը պատմական մղձավանջի է վերածելու»:
 
 
Ջալալզադեն, պետական հեռուստատեսության հարցերին պատասխանելով, նշել է.
 
- Շատ հստակ հայտարարում եմ, մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
 
- Մենք այս մասին խոսել եւ մի քանի հանդիպումներ ենք ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Երկշաբաթյա արձակուրդից հետո Խորհրդարանը չորեքշաբթի օրը՝ (սեպտեմբերի 21-ին), կարևոր և արտահերթ նիստ կանցկացնի այս հարցով, և մենք պահանջում ենք, որ երկրի դիվանագիտական կազմը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդը այս հարցով զբաղվի,- հավելել է Ջալալզադեն:
 
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի պատգամավոր Ջալալզադեն զգուշացրել է.
 
- Ես զգում եմ, որ երկրում այս հարցի մասին լուռ իրավիճակ է տիրում, մինչդեռ դա կարող է ազդել Իսլամական Հանրապետության շահերի վրա՝ տարբեր տեսանկյուններից և ուղղություններից:
 
Նա հայտարարել է. «Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մեր հանձնաժողովը տարբեր խմբեր է ուղարկել Ադրբեջան և Հայաստան և բացատրել է տարածաշրջանի ռազմավարական իրողությունների մասին: Անկեղծ կարող եմ ասել, որ դավադրության հոտ ենք առնում՝ իրադարձություններից, այցելություններից, տարբեր, հատկապես արտատարածաշրջանային պաշտոնյաների  հայտարարություններից»:
 
Ջալալզադեն հատկապես ընդգծել է․
 
- Ուստի երկրի պատասխանատուները պետք է շատ լուրջ դիրքորոշում ընդունեն, և ինչպես (Իրանի) Հեղափոխության գերագույն առաջնորդն է հստակեցրել, մեր կարմիր գիծը՝ տարածաշրջանի սահմանների փոփոխությունն է, ուստի երկրում ո՛չ ոք հավելյալ ապացույցի կարիք չունի եւ ապացույցը բոլորի՛ն պարզ է:
 
Նա եզրակացրել է․ «Մենք նախկին Խորհրդային Հանրապետությունների անկախության առաջին իսկ օրերից եղել ենք այդ ժողովրդների կողքին: Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և այլ հանրապետությունների ժողովուրդներին ցուցաբերված օգնությունը անհնար է մոռանալ»:
 
Հիշեցնենք, Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության թուրք-ադրբեջանական սպառնալիքների մասին: