Թուրքական հենարաններ Լիբանանում
Լիբանանյան հեռուստատեսության հայտագրին հաջորդած գրգռիչ ելույթը կարելի է համարել անմիջական հակազդեցություն: Հետեւաբար՝ ոչ ծրագրված սադրանք առաջացնելու նախապատրաստված մարտավարական քայլ:
Խնդիրը այս դեպքում սոցցանցերում շատ արագ բռնկումն է և հետզհետե նաև այդ թեմաների շահարկումը՝ հոգևոր-հասարակական կենտրոնների կողմից։
Սա արդեն նշանակում է, որ պարարտ հող է ձևավորվել՝ Թուրքիային հարվածող որևէ տեղեկատվական քայլի դիմաց վայրագ հակահարձակում կազմակերպելու:
Նման ենթահողի ձևավորված լինելու մասին բազմաթիվ նախադրյալներ դրսևորվել էին արդեն: Բավական է հետ գնանք և հիշենք, թե ինչպես Անկարան առաջինը ինքնառաջադրվեց՝ մաս կազմելու հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման որոշման գործադրությանը: Այնուհետև, կրթական հաստատությունների վերանորոգում, հյուսիսի թուրքմեն ազգաբնակչության բացահայտ հովանավորչություն կատարելու բազմաթիվ օրինակներ, Լիբանանում՝ թուրք դեսպանի մաքոքային այցելություններ, հարավում՝ հիվանդանոցների կառուցում: Ակադեմական մակարդակում տարբեր համալսարանների հետ պայմանավորվածություններ՝ արխիվային համատեղ աշխատանքներ իրականացնելու, թուրք դասախոսների գործուղում: «Անատոլու» լրատվական գործակալության բեյրության մասնաճյուղի բացում, թուրքերեն դասընթացների հայտարարություն և ուսանողների հավաքագրում: Հավաքագրում՝ նաև օսմանցիների շառավիղներին քաղաքացիություն շնորհելու փաստով, և փայլուն ուսանողների դիմաց Թուրքիայի տարբեր համալսարանների դռների բացում:
Առաջին անգամ չէր, որ Դաշնակցության Լիբանանի երիտասարդական միության կազմակերպած քարոզչական քաղաքակիրթ բողոքը արժանանում էր Թուրքիայի դեսպանի անվտանգության աշխատակիցների և նրանց կողմից գործուղված տարրերի բռնի հակազդեցությանը: Այնուհետև, ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո, պատերի վրա հայտնված Թուրքիայի ժխտողական դիմագիծը բացահայտող կարգախոսերի ջնջումը պահանջող թուրք դեսպանի բողոքագիր՝ հղված Լիբանանի արտգործնախարարությանը։
Այս բոլորը նախանիշ էին, որ Անկարան որոշել է հակազդել իր դեմ կատարվող յուրաքանչյուր քարոզչաքաղաքական գործողությանը:
Շրջադարձային նշանակություն ուներ Լիբանանի Հանրապետության նախագահի ուղերձը՝ որպես Մեծն Լիբանանի հիմնադրության 100-ամյակի նշումների ազդանշան: Այնտեղ իրերը կոչվեցին իրենց անուններով: Նախագահը ոչ միայն ընդգծեց օսմանյան կայսրության ջարդարար դիմագիծն ու սովամահության կանխամտածված ծրագրավորումը, այլ նաև շեշտեց այս բոլորի մասին հանրությանը, նոր սերնդին իրազեկելու կարևորությունը:
Անկարան հակազդեց բարձրագույն դիրքերից: Թուրք դեսպանին հանձնարարվեց այցելել Լիբանանի արտգործնախարարին՝ բողոքելու և պետության դիրքորոշումը վերանայելու՝ պատմական նման գնահատական կատարելու առումով:
Իրավիճակ էր փոխվել: Անկարան արդեն Լիբանանում հենարան ուներ՝ նման բարձրաձայնումներ կատարելու, բողոքելու, սրբագրություն պահանջելու: Հենարանները սոցցանցերում երևացող լուտանքային գրականություն մշակողները չէին իհարկե։ Աթաթուրքի արձանի կանգնեցումը ծրագրողներն էին, թուրքական մշակույթը Լիբանանում տարածողները, նորօրյա օսմանցիները, քաղաքացիություն ստացողները և հատկապես Լիբանանի տնտեսության մեծ դռներից մուտք գործած տնտեսական ուժի ներկայացուցիչները:
Անկարայի համար հիմա պահն է նաև լիարժեք շահարկելու կրոնական գործոնը: Ցեղասպանության իսլամ-քրիստոնյա հարաբերակցությունը այլ կերպ է ներկայացվում` լուսարձակի տակ բերելու համար քրիստոնյա հայերի կիրառած «դավաճանական քաղաքականությունը» օսմանյան կայսրության իսլամ ղեկավարության դեմ: Դասական թեզերն են՝ նորացված տեսքերով, որոնք կամովին ներկայացվում են լիբանանյան տարբեր շրջանակների կողմից:
Կան, իհարկե, տարածաշրջանային-աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Թեհրան-Անկարա հարաբերությունների ելևէջներից սկսած մինչև սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու արտաքին քաղաքականության պարունակում տարբեր արաբական պետությունների հետ մրցակցության և շահերի բախման երևույթների դրսևորումները: Այս բոլոր գործընթացներում, ի շարս այլ թեմաների, շահարկման նյութ է հայկական գործոնը:
Խնդիրը տարածաշրջանային հնչեղություն ու տարողություն ունի և հայկական գործոնը թիրախավորելու նպատակ չի հետապնդում միայն: Իբրև լիբանանահայություն, սակայն, գործ ունենք հակառակորդի հետ, որը լիբանանյան քաղաքական ու հասարակական ասպարեեզներում ձեռք է բերել որոշակի ազդեցիկություն: Համահայկական օրակարգերի մշակման և հետապնդման մեր աշխատանքներում այս հանգամանքները նկատի ունենալով նոր ռազմավարության ու աշխատանքի նոր ոճի որդեգրման անհրաժեշտությունն զգացվում է։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր